Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ երկիրը գտնվելու է անտիցիկլոնի ազդեցության գոտում:
Նրա խոսքով՝ հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում:
«Ներկա պահին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից ցածր է մոտ 3-5 աստիճանով: Վերջին 10 օրերին արձանագրում ենք տարվա այս ժամանակահատվածին ոչ բնորոշ բավականին ցածր ջերմային ֆոն, հատկապես՝ գիշերային ժամերին լեռնային բնակավայրերում, ինչպիսին է՝ Աշոցքը, Գավառը և այլն. վերջին օրերին գիշերային ժամերին դիտվել է մինչև -10 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում վերջին երեք օրերին գրանցվել է մինչև -2-4 աստիճան ցուրտ: Եթե անցյալ տարի Արարատյան դաշտում առաջին բացասական ջերմաստիճանները գրանցվել էին նոյեմբերի 23-ին, ապա այս տարի՝ հոկտեմբերի 23-ին, այսինքն՝ ջերմային ֆոնով, անցյալ տարվա հետ համեմատած, մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը»,- մանրամասնել է Սուրենյանը: