Ազատ շփումը լրագրողների հետ արգելելը դասական հետապնդման տարբերակ է. Տիգրան Աթանեսյան
ՆերքաղաքականՀակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, երեկ կայացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում պարզվեց, որ դատարանը Պրոբացիայի ծառայությունից ստացել է գրություն, ըստ որի, Արմեն Աշոտյանի անվամբ ֆեյսբուքյան էջերից գրառումներ են արվել, ինչպես նաեւ նա զրուցել է լրագրողների հետ։ Արմեն Աշոտյանն իհարկե հիշեցրեց, որ երբ դատարանն իր նկատմամբ խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը, հարցրել էր, թե արդյոք շարունակվելու է հնարավորությունը լրատվամիջոցներով հոդվածներ տպագրելու, թե՝ ոչ, կարո՞ղ է պատասխանել լրագրողների հարցերին, հնարավորություն ունենալո՞ւ է դատական նիստերի դահլիճից ավտոմեքենա քայլելու ընթացքում պատասխանել լրագրողների հարցերին, դատարանն էլ դիրքորոշում էր հայտնել, որ տնային կալանքը չի կարող առավել խիստ լինել, քան կալանքը ՔԿՀ-ում: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան էջին, ապա Աշոտյանը մանրամասնեց, որ իր պաշտոնական օգտահաշվում որեւէ հրապարակում չի արվել՝ իր կալանավորման պահից ի վեր, իսկ մյուս էջը գործել է մշտապես եւ որին մուտք ունեն իրենից բացի եւս մի քանի անձ:
Այս պարզաբանումներից հետո նիստը նախագահող դատավորն ընդգծեց, որ դատական նիստերի դահլիճից դուրս ճեպազրույց տալ չի կարող, չի կարող շփվել որեւէ մեկի հետ՝ բացի պաշտպաններից, ԱԺ պատգամավորներից ու մերձավոր ազգականներից: Քաղաքացիների հետ հարցուպատասխանի հեռահար ձեւաչափը նույնպես կարող է շարունակվել:
«Որքան էլ Վահե Դոլմազյանը փորձում է իրավիճակը մեղմ ներկայացնել, սա նոր քաղաքական հետապնդման մի դրսեւորում է։ Ի՞նչ է նշանակում, որ դատական նիստերի դահլիճից դուրս Արմեն Աշոտյանը չի կարող շփվել լրագրողների հետ: Այսինքն՝ վախենում են Աշոտյանի կենդանի խոսքից եւ չեն էլ թաքցնում։ Ինքը գործից չէր խոսելու, էլ չասեմ, որ գործից խոսելու բան էլ չկա, բացի գործի քաղաքական բնույթից։ Ազատ շփումը լրագրողների հետ արգելելը դասական հետապնդման տարբերակ է»,- ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ։