ԵԿՄ անդամները պետք է մի բան անեին. ժամեր անց նա չպետք է զբաղեցներ այդ պաշտոնը. Դանիելյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ՝ Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը վտանգավոր հայտարարություն է արել, թե՝ մենք Ադրբեջանին որեւէ կերպ չենք կարող դիմակայել:
— Նա, փաստացի, սահմանին կանգնած մեր հազարավոր եղբայրներին ասում է, որ իրենց ծառայությունը անիմաստ է: Դրանից հետո ԵԿՄ անդամները պետք է մի բան անեին. պետք է անմիջապես հավաքվեին» եւ ժամեր անց այդ մարդը չպետք է զբաղեցներ այդ պաշտոնը: Պատկերացնո՞ւմ եք, որ 90-ականներին Երկրապահ կամավորականների միության նախագահը՝ Վազգեն Սարգսյանը կամ Մանվել Գրիգորյանը, հայտարարեին, թե Երկրապահը չի կարող դիմակայել Ադրբեջանին: Ինչ է, այն ժամանակ ադրբեջանական ուժերը կրկնապատիկ կամ եռապատիկ չէի՞ն, Ադրբեջանը ավելի լավ չէ՞ր զինված: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե սրանց օրոք պաշտոններ զբաղեցնողները ինչ վտանգ են ներկայացնում մեր պետության համար: Այս հայտարարությունը նաեւ մեսիջ էր Ադրբեջանին, որ մենք դիմադրություն ցույց տալու ի վիճակի չենք: Վեց տարի Հայաստանի ամբողջ պաշտպանական ռեսուրսը մսխած, այս պատերազմներում մեզ պարտությունների տարած, մեզ այս խայտառակությունների միջով անցկացրած մարդիկ, որոնք հիմա իրենց կյանքն են վայելում եւ աթոռներին են կառչած՝ միայն մի նպատակ ունեն՝ ինչքան հնարավոր է վայելեն մեր ժողովրդի հարկերի հաշվին պետական բարիքները: Ու ասում են, թե մենք արդեն որեւէ բանի ի վիճակի չենք: Իսկ որ նրանք որեւէ բանի ի վիճակի չեն, մենք վաղուց գիտենք, դա նորություն չէ: Եվ նրանք, փաստացի, ինքնախոստովանական հայտարարություն արեցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ