Նիկոլը եւ ԱԽՔ-ը հայտ են ներկայացրել MI6- ին, թե՝ ահա, գալիս է բեն լադենից ավելի վտանգավոր միջազգային ահաբեկիչ
ՀանդիպումՄեզ այս մասին պատմեց ինքը՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ, Վիեննայի ակումբ-ՊԱՆԱՊ-ի (Քաղաքական եւ տնտեսակսն վերլուծությունների համաեվրոպական կենտրոնի) նախագահ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Հոկտեմբերի 5-ին Լոնդոն ժամանելուն պես Գրիգորյանին սպասելիս են եղել Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության՝ MI6-ի երկու աշխատակից, որոնք խնդրել են նրա անձնագիրը, այնուհետեւ պահանջել բջջայինը, հետո ուղեկցել են իրենց գրասենյակ եւ առանց որեւէ բացատրության, առանց որեւէ մեղադրանք ներկայացնելու՝ շուրջ 4 ժամ հարցաքննել:
Ի մասնավորի, մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ հարցեր են տվել մեր հայրենակցին 4-ժամյա հարցաքննության ընթացքում, չէ՞ որ դա իսկապես քիչ ժամանակ չէ:
«Հարց համար 1-ին՝ ինչո՞վ եմ զբաղվում,- պատմեց մեր զրուցակիցը,- Ես ասացի՝ զբաղվում եմ բիզնեսով, շատ հզոր հոլդինգ ունեմ, հոլդինգի նախագահն եմ, Սլովակիայի կամ Եվրամիության քաղաքականությամբ բացարձակապես չեմ զբաղվում, սակայն շատ բարձր մակարդակի վրա զբաղվում եմ աշխարհաքաղաքականությամբ: Ներկայացրի իմ կազմակերպած երկու խորհրդաժողովները՝ առաջինը փետրվարի 27-28- ին, «Մեծ Բրիտանիա, Եվրամիություն, Ռուսաստան, մեծ Մերձավոր Արեւելք. մարտահրավերներ եւ ապագան»: Ընդ որում, խորհրդաժողովի այս անվանումը նշելով «Մեծ Մերձավոր Արեւելք»- ը հատուկ բացեցի՝ Մերձավոր Արեւելք եւ Հարավային Կովկաս, որ հասկանան: Բացատրեցի նաեւ նպատակը՝ խաղաղության հաստատում եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքում Սլովակիայում, Բրատիսլավայում:
Նկատի ունեի Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը, որովհետեւ պատերազմն իրականում այս երկու կողմերի միջեւ է, բայց ասացի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, որովհետեւ եթե Ուկրաինայի փոխարեն ասեի Արեւմուտքի, շատ հարցեր էին տալու:
Իրենք հարցրին՝ իսկ ձեր կարծիքն այդ՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի շուրջ… Ասացի՝ չհասկացա՞ք, որ իմ գործունեության ամբողջ իմաստն այն է, որ, նախ, Բրատիսլավայում ստորագրվի խաղաղության պայմանագիր` այդ պատերազմը դադարեցնելու, այնուհետեւ անմիջապես իմ հոլդինգով եւ Վիեննայի ակումբով զբաղվելու եմ նաեւ Մերձավոր Արեւելքով, որովհետեւ իմ երկիրը՝ Հայաստանը, կրակի տակ է գտնվում, ու սարսափելի վտանգավոր է: Առաջին հերթին, իհարկե, պետք է այս՝ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը դադարեցնել, որն արդեն մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ հետո անդրադառնալ մյուս վտանգավոր օջախին՝ Մերձավոր Արեւելքին, որով մեր Վիեննայի ակումբը շատ հետաքրքրված է:
Նշեցի նաեւ երկրորդ խորհրդաժողովի անվանումը՝ «Բրատիսլավա. խաղաղության մայրաքաղաք», որտեղ որոշում ընդունվեց երրորդ խորհրդաժողովի ընթացքում պարտադիր հասնել նրան, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի Բրատիսլավայում: Ընդ որում, ասացի, հարգելի պարոնայք, ձեր երկրից՝ Մեծ Բրիտանիայից մի քանիսի անունները նշեմ, որոնք մասնակցել են իմ նախաձեռնած խորհրդաժողովներին՝ բարոնուհի Քերոլայն Քոքս՝ Լորդերի պալատի փոխնախագահ, Քենթրբերիի արքեպիսկոպոս, այլ կերպ ասած, Բրիտանիայի եկեղեցու առաջնորդ լորդ Ջորջ Քերի: Խառնվեցին իրար, որ լսեցին արքեպիսկոպոսի անունը: Հարցրի՝ բավակա՞ն է, թե՞ շարունակեմ, եւս 3-4 լորդ ընկերներ ունեմ, որոնք մասնակցում են մեր խորհրդաժողովներին, նաեւ փորձագետներ գրեթե ողջ Արեւմտյան Եվրոպայից, 6-7 հոգի՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ավստրիայից…
Հարցրին՝ իսկ Ռուսաստանի՞ց… Ասացի՝ Ռուսաստանից չափազանց հարգարժան անձնավորություն է մասնակցում իմ նախաձեռնած խորհրդաժողովներին՝ Պետդումայից Կոնստանտին Զատուլինը: Տվեցին հաջորդ հարցը՝ վերջին տարիներին հաճախակի՞ եք եղել Ռուսաստանում: Ասացի՝ վերջին 5-6 տարվա մեջ եղել եմ երկու անգամ, երկուսն էլ՝ այս տարի, առաջինը՝ հունվարին, հանդիպել եմ պարոն Զատուլինի հետ, երկրորդն, ընդհանրապես, Զատուլինի հրավերով եմ գնացել, բացի նրա հետ անձնական հանդիպումից, մասնակցել եմ Լազարյան ակումբի նիստին: Հարցրին ի՞նչ բան է Լազարյան ակումբը, ներկայացրի: Հետո էլ թե՝ իսկ որ Լոնդոն գալիս եք, այստեղ Ռուսաստանի դեսպանատուն այցելո՞ւմ եք, դեսպանի հետ հանդիպո՞ւմ եք: Ասացի՝ ես ռուսական դեսպանատան տեղը չգիտեմ: Հարցրին՝ իսկ ցանկություն ունե՞ք հիմա հանդիպելու: Ասացի՝ ոչ, ես Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանի հետ չեմ աշխատում, ես ռուսական պաշտոնյաներից աշխատում եմ հիմնականում պարոն Զատուլինի հետ:
Մի հարց էլ տվեցին՝ ի՞նչ կարծիքի եք Եվրամիության մասին: Ասացի՝ Եվրամիությունն ինչ- որ մի ժամանակահատված հրաշալի միություն էր, Սլովակիան որ մտավ Եվրամիություն 2004 թվականին, իմ աչքերի առաջ այնպիսի մի թռիչք ունեցավ, որ ես հիացած էի, սակայն վերջին տասնամյակում Եվրամիությունը լրիվ կորցրել է իր դեմքը: Եվ ասացի՝ շատ սխալ բան արեցիք դուք՝ անգլիացիներդ, որ Եվրամիությունից դուրս եկաք: Բրիտանիան Եվրամիությունից դուրս եկավ հատուկ նպատակներով:
Հարցաքննությունից մոտ 2 ժամ հետո զգացվեց, որ իրենց մոտ արդեն բոլորովին այլ մոտեցում է: Իմ տպավորությունն այն էր, որ իրենք արդեն գլխի ընկան, թե ինչ ապուշություն են արել, իմ մասին իրենց փոխանցված կեղծ տեղեկատվությանն ինչպես են կուլ գնացել, որովհետեւ ես ներկայացա որպես ֆիզիկոս, ասացի դոկտորականը պաշտպանել եմ տասնամյակներ առաջ, աշխատել եմ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում եւ այլն: Շշմել էին: Կարծես թե չէին պարզել իմ ինքնությունը, նախապես չէին ուսումնասիրել, թե ով եմ ես»:
Ոչ թե կարծես, այլ իսկապես չեն ուսումնասիրել, որովհետեւ այն, ինչ ներկայացրեց պարոն Գրիգորյանը, այն տպավորությունն է, որ MI6- ն ինչ- որ մի տեղեկատվության կամ ահազանգի հիման վրա նրան հապշտապ ձերբակալել է՝ չունենալով Գրիգորյանի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը բրիտանական հետախուզական ծառայությանը սազական չէ, բնավ պատիվ չի բերում, որովհետեւ նրանք, ում ձերբակալում են, պետք է նրան նախապես լավ ուսումնասիրած լինեն:
«Այո, հենց այդպես, եւ այդ առումով շշմելու բան էր,- մեր վերոնշյալ նկատառմանը համաձայնելով՝ ասաց ԵՀՄՖ- ի նախագահը,- Երբ հաջորդ օրը «Գարդիան»-ի միջազգային տեղեկատվության բաժնի խմբագրի տեղակալ Ջոնաթան Սթիլի եւ իր տիկնոջ հետ վերլուծում էինք կատարվածը, նրանք ասացին, որ անհարմար են զգում, որ իրենց երկիրն այդպիսի բաներ է անում: Ընդգծեցին, որ 2019 թվականի այդ օրենքը բացարձակ հակաժողովրդավարական օրենք է, եւ իրենք ամեն կերպ քննադատել են այն, բայց իշխանությունը թքել է այդ քննադատությունների վրա, շատ ուժեղ պայքարել են տվյալ օրենքի դեմ, բայց անօգուտ, ու Մեծ Բրիտանիայում տվյալ օրենքի ընդունումից հետո չի կարելի խոսել ժողովրդավարությունից:
Հավելեմ, որ դա նաեւ իմ կարծիքն է: Չի կարող ժողովրդավարական երկիրը նման հիմար, ավելի ճիշտ, հակաժողովրդավարական օրենք ընդունել, ըստ որի, ահաբեկչության հոդվածով կարող եք դատվել, եթե քննիչները 6 ժամվա ընթացքում կարողանում են պարզել, որ ահաբեկչություն անելու միտումով եք եկել Բրիտանիա, կամ ունեք նման ակտեր կատարած, կամ եկել եք Լոնդոն՝ Հյուսիսային Իռլանդիա այցելելու համար, կամ հակառակը՝ Հյուսիսային Իռլանդիայից ժամանել եք Լոնդոն: Խայտառակությո՛ւն: Առանց իրենց հաշիվ տալու, իրենք բացարձակ հակաժողովրդավարական այդ օրենքը, որի մասին մինչ այդ լսած չկայի, կիրառում են:
Ի դեպ, հարցաքննության ընթացքում զանգել էին ավագ դստերս եւ ասել՝ ձեր հայրիկը ահաբեկչության կասկածանքով ազատազրկված է, եւ մինչեւ 6 ժամ մենք իրավունք ունենք պահելու, հարցաքննելու՝ մինչեւ համապատասխան որոշման կայացումը, բայց մոտ 4 ժամից հետո ինձ ուղեկցեցին, օդանավակայանի անձնագրային, սահմանային հսկողություններն անցկացրին, մի հարմար տեղ նստեցրին, մինչեւ երեխաներս կգային:
Այդտեղ ես նրանց հետ մի անկեղծ խոսակցություն ունեցա, քանի որ, ի տարբերություն իրենց աշխատասենյակի, չէր ձայնագրվում: Ասացի` հիմա ձեզ մի հարց եմ տալիս՝ ձեր Լիզ Թրասը, որպես վարչապետ, ձեր դուրը գալի՞ս էր, կամ՝ Բորիս Ջոնսոնը, ի՞նչ կարծիքի եք… Ասացին՝ դե, մենք հստակ կարող ենք այդ հարցին պատասխանել. այսօրվա տնտեսական ճգնաժամը նրանց նմաններից է գալիս:
Ասացի՝ տեսնո՞ւմ եք, բա մենք դրա համար ենք պայքարում, որ այս խայտառակություններին վերջ տաք: Դուք գիտե՞ք, ասացի, որ Գերմանիան ձեզանից ավելի վատ վիճակում է, դուք գիտե՞ք Գերմանիայում ինչ տնտեսական ճգնաժամ է, քանի որ Գերմանիան չի գնում Ռուսաստանի գազը: Ասում եմ՝ խելագարություն է, հասկանո՞ւմ եք, մեր նպատակն այն է, որ այս խայտառակ քայլերի, իշխանությունների խայտառակ սխալների պատճառով ժողովուրդները չտուժեն:
Դե, իմ երեխաները Լոնդոնում են ապրում, ես գիտեմ այնտեղի տնտեսական վիճակն ինչ է դարձել: Իսկապես աղետ է: Ռեստորան գնալուց արդեն չես կարողանում հասկանալ, թե ինչ թվեր են պտտվում: Եվ այդ ամենը շատ ուժեղ ազդում է նույնիսկ միջին անգլիացու վրա, որը շատ բարձր աշխատավարձ է ստանում»:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ