Ում գլխին կընկնի Նիկոլի չագուչը
ՎերլուծությունԱզգային ժողովում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ):
Վերոնշյալ հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն, իսկ առաջին մասը մասնավորապես վերաբերում է դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելուն, որը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ դեռեւս հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին, վերջինս էլ աչքերը փակեց ու բերանը բացեց՝ ի լուր ամենքի պատմելով, թե առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի` Վահե Աղազարյանի հետ կապված քրեական գործով: Այո՛, ՔՊ-ականները հասցրել են տնով-տեղով թաթախվել քրեական գործերի մեջ, այլ հարց է, որ ոչ ոք առ այսօր արածի համար չի պատժվել: Հետեւապես, հարցերի հարցը մնում է այն, թե ինչու նախաձեռնվեց քրեական վարույթ, ի վերջո, ով եւ ինչո՞ւմ է մեղադրվում այս գործով՝ հաշվի առնելով, որ առանց Փաշինյան Նիկոլի հրահանգի, Գլխավոր դատախազությունը չէր գնա այդ քայլին:
ԻՆՉ Է ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ՔՊ-ԻՆ ՆԻԿՈԼԸ
Ըստ էության, այս քրեական վարույթով Փաշինյան Նիկոլը փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել, որոնցից ամենահավանական տարբերակները երկուսն են:
Ա. Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ Արեւմուտքին, թե տեսեք-տեսեք ի՜նչ դեմոկրատիա կա երկրում, անգամ յուրայիններիս եմ պատրաստ դատել: Միեւնույն ժամանակ, յուրայինի գլխին որոշել է չագուչել, որ մյուսները վախենան, չէ որ ՔՊ-ականներից շատերը վախենալու շատ բան ունեն:
Բ. Պարզապես, Փաշինյան Նիկոլը մտադիր է պատժել քրեական վարույթի գլխավոր հերոսներից մեկնումեկին՝ Աղազարյան Հովիկին կամ Քյարամյան Արգիշտիին: Ինչ խոսք, միամտություն կլինի կարծել, թե թիրախում իրեն հլու-հնազանդ Հովիկ Աղազարյանն է, ով պատրաստ է անգամ ասել մածունը սեւ է, եթե դա պետք լինի Նիկոլին: Իսկ Արգիշտի Քյարամյանին դնել համապատասխան շրջանակների մեջ, ավելի քան հավանական է:
Այն, որ Արգիշտի Քյարամյանն ի պաշտոնե հղփացել է ու պատրաստ է ամեն քայլի՝ արդեն պարզ է բոլորին: Սա կարող է վտանգավոր լինել հենց Փաշինյանի համար, ում մի անգամ հաջողվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից հանել Քյարամյանին, բայց հետո դարձնել Քննչական կոմիտեի ղեկավար: Սա նշանակում է, որ դեռ այն ժամանակ Փաշինյանն անվստահություն ուներ Քյարամյանի նկատմամբ, բայց նրանից ազատվել այդպես էլ չկարողացավ: Եվ ահա գտնվել է տարբերակ, ինչի մասին հենց խորհրդարանում Աղազարյան-Քյարամյան լեզվակռվի ժամանակ ի հայտ եկան հնարավոր տարբերակները: Պաշտոնական դիրքի վերազանցումից մինչեւ պատգամավորին շանտաժ՝ սա էր այն շրջանակը, որն անոնսավորեց Աղազարյան Հովիկը՝ զգուշացնելով Քյարամյանին, միայն թե վերջինս տղայական դյուրագրգիռ արձագանքներով գուցեեւ չնկատեց, թե ինչ սեւ ամպեր են կուտակվում գլխին: Կամ էլ ինքնավստահությունն է այնքան, որ ինքը կարող է վճռորոշ դեր ունենալ անգամ Փաշինյան Նիկոլի ճակատագրում, հետեւապես՝ իրեն պաշտոնի նշանակել-հանելը, վրան գործ կարելը հեշտ չի լինելու: Չէ որ երիտասարդ Քյարամյանն այն հազվագյուտ գործիչն է, որը Հայաստանում սրընթաց առաջընթաց ունեցավ՝ զբաղվեցնելով կարեւորագույն պաշտոններ, գեներալի կոչումն էլ ստանալով՝ վրադիր:
Այդուհանդերձ, Քյարամյանին փոխարինող գտնելն էլ մի ուրիշ պատուհաս է, ինչի համար Նիկոլ Փաշինյանը գուցե փորձի վախեցնել, բայց շատ հեռուն էլ չգնալ: Չէ որ իշխող ՔՊ-ն մի արդարադատության նախարար չի կարողանում գտնել, ուր մնաց Քննչական կոմիտեի նոր ու վստահելի ղեկավար գտնի:
ՔՊ-Ի ՔՐԵԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆԸ
Իսկ ինչում է մեղադրվում նախ աղմկող, ապա «զադնի դնող» ամենամիամիտ եւ կարգապահ թվացող ՔՊ-ական պատգամավոր Աղազարյան Հովիկի որդին: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` Վահե Աղազարյանն անցնում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ 2023-ին հարուցված քրեական վարույթով: Ըստ նույն աղբյուրների` Քննչական կոմիտեն արգելանք է դրել պատգամավորի որդու ընկերությանը պատկանող մի քանի մեքենայի վրա։ ՔԿ-ն պարզել էր, որ Տ.Հ.-ն (Տիգրան Հովհաննիսյան, «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր, կալանավորվել է 2023-ին-խմբ․), հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար, համաձայնության էր եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, նա համաձայնության էր եկել իր ընկերության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ՝ պայմանով, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի 50% գումարը մնալու էր իրեն, որը կլիներ նրա օգուտը, մյուս 50% տրվելու էր ֆիզիկական անձանց: Իսկ այս տարվա ապրիլին Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա էր ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Civilnet-ը նշել է, որ մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ամենագնաց, եւ մատակարարը եղել է նույն Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը: Հենց սրա համար էլ Աղազարյան Հովիկի նյարդերը խորհրդարանում տեղի տվեցին, ու նույնքան արագ էլ մեղմվեցին հետագայում:
Բայց խնդիրն այն է, որ այնպես չէ, որ միայն Աղազարյան Հովիկն ունի խնդիրներ իրավապահների հետ, ՔՊ-ում այդպիսիք շատ են, բայց ուշադրության կենտրոնում հայտնվեց նա: Օրինակ, ձեն-ձուն չկա նաեւ ՔՊ-ական մեկ այլ պատգամավորից՝ Սերգեյ Բագրատյանից: Ընդամենն օրեր առաջ «Հետքը» բացահայտել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ Հանքարդյունահանողն էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաեւ այսօր։ Էլ չասենք որդու հետ կապված դեպքը` մի ծեծկռտուքի գործով:
ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՂՈՊՈՒՏ
Իսկ ահա ՔՊ նախկին պատգամավոր, հիմա այլեւս ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի որդին՝ նախկինում դատվածություն ունեցող Գուրգեն կրտսերը, պատժի կրումից վաղաժամկետ ազատ էր արձակվել՝ դեռ երկու տարի առաջ: Նա վերջին անգամ կալանավորվել էր, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հոր տնից 20 000 դրամի հափշտակության գործով։ Իսկ առաջին դատվածությունը վերաբերում էր 2016 թվականին Երեւանի «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանությանը։ Նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել եւ սահմանվել էր փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով, որից էլ համաներմամբ ազատ էր արձակվել 2018-ի դեկտեմբերին։
Ինչ վերաբերում է այս գործին՝ 20 000 դրամ տնից հափշտակելուն, ապա Գուրգեն Գուգենի Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ավազակությամբ Արաբկիր վարչական շրջանի 38-րդ փողոցի 7-րդ առանձնատան խոհարարուհի Տոնյա Մանուկյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, գնացել էր նշված բնակարան, դանակով սպառնացել, վնասել հոր համար թանկ համարվող պատի նկարները եւ պահանջել իրեն տալ դրամապանակում եղած ամբողջ գումարը։ Հափշտակել էր 20000 դրամ եւ լսելով հոր ոտնաձայները՝ ձեռքին բռնած դանակները գցել էր գետնին եւ դիմել փախուստի: Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գուրգեն Գուրգենի Արսենյանն իրեն մեղավոր չէր ճանաչել եւ ցուցմունք էր տվել հոր հետ վատ հարաբերություններ ունենալու մասին։ Դատարանը Գուրգեն Արսենյանի մեղադրանքը վերաորակավորել է եւ մեղավոր ճանաչել 2020–ի գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
ՀԱՐՍԻ ԱՂՄԿՈՏ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Անհետեւանք մնաց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի դեմ հարուցված քրեական գործը: Այս տարվա փետրվարի 27-ին Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք է: Մինչդեռ վարույթը, ասում են, կարճվել է գործուն զղջման հիմքով: Այսինքն՝ մարդն ընդունել է մեղքը, օրենքով սահմանված կարգով՝ ներել են եւ վերջ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրում)։ Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Այս գործով Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել էր երկու ամսով:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹՈՌԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԷՐ
Կարճվեց նաեւ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթը: 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն քոլեջի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել: Այդ առթիվ հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր, ՔՊ-ական պատգամավորի թոռը չպատժվեց: Նախաքննության ընթացքում ստացվել էին նշված երկու անչափահասների դիմումներն առ այն, որ հաշտվել են միմյանց հետ եւ ցանկանում են, որ հաշտության հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, միջնորդություն էր ներկայացվել դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել էր եւ քրեական վարույթը կարճվել: Իսկ թե ինչպես է դանակահարվողը ներել դանակահարողին, միայն պատգամավոր Գագո պապը կիմանա:
Այսքանից հետո, երբ ՔՊ-ականները կխոսեն կոռուպցիայից, ամենաթողությունից ու ժողովրդավարությունից, թող մի հատ իրենց շուրջը նայեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ