ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է. ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՅՆ ՀԱՆՁՆՈ՞ՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ
ՎերլուծությունԱյսպիսով, նախօրեին Թբիլիսիում մեկնարկեցին այդքան գովազդված բողոքի ցույցերը: Խոստացել էին նաեւ, որ դրանք կլինեն շուրջօրյա ռեժիմով, եւ այն, որ նույնիսկ մի քանի մանր-մունր բախում չեղավ, եւ վերջում ժողովրդին ուղարկեցին տուն, արդեն իսկ որոշակի եզրակացությունների տեղիք տալիս է:
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ԱՌԱՋ ՉԻ ԳՆՈՒՄ
Դատելով վրացական ընդդիմության դանդաղ տեմպերից, այն տպավորությունն է, որ նրանք իրենք էլ դեռ վստահ չեն հաջողության հարցում։ Շատ ավելի լավ կլիներ ընդդիմության համար բողոքի ակցիաները սկսել կիրակի` ընտրությունների հենց հաջորդ օրը։ Բայց չէ, մեկօրյա պաուզա, եւ կիրակի օրը միայն մի քանի տասնյակ ուկրաինացի ակտիվիստներ դուրս եկան «մայդանի»: Իսկ դա արդեն իսկ խոսում է, որ նախնական մշակված հստակ ռազմավարությունը առնվազն հուսադրող չէ, իսկ կուլուարներում ընթանում են ակտիվ բանակցություններ:
Այսինքն, եթե ընդդիմության հիմնական ուժը նրա միասնականության մեջ է, ապա այս պահին այդ միասնության հարցում կասկածներ կան։ Այնպես, ինչպես միասնականություն չեղավ ընտրական փուլում, ինչի հատ կապված անգամ BBC-ն է քննարկում վրացական ընդդիմությանը, թե պետք էր մեկ ընդհանուր ճակատով կռվի մեջ մտնել: Թե ինչու չմիավորվեցին, բացատրություններ եղել են: Ընդդիմադիր երկու ուժերից յուրաքանչյուրն իրեն էր տեսնում լիդերի դերում, դրանցից մեկը փորձում էր առաջ մղել Սահակաշվիլուն, որը երկրորդի համար միանգամայն անընդունելի էր, թե՝ նախկին նախագահն ընդամենը բալաստ է, որը ամեն ինչ կտանի խորտակման: Խորքային իմաստ էլ կա. «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից հետո Վրաստանում արեւմտյան ֆինանսավորման մուտքերի հետ կապված լուրջ խնդիրներ կան, եւ հիմա եղած փողի համար ընդդիմության շարքերում շատ լուրջ կռիվ է սկսվել: Դա խանգարեց նախընտրական միավորմանը, խանգարում է նաեւ հետընտրական փուլում:
Այնուամենայնիվ, միավորված, թե՝ ոչ, այս փուլում վրացական ընդդիմությունը դեռ մեկ հիմնական խաղաթուղթ ունի, դա այս պահին նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկը արգելափակելու կարողությունն է։ Իշխող «Վրացական երազանքը» ստացել է 150 մանդատներից 89-ը, մինչդեռ նոր խորհրդարանի աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է 2/3-ի քվորում (ովքեր պետք է գրանցվեն առաջին նիստին): Այսինքն՝ 100 հոգի։ Չորս «ընդդիմադիր» կուսակցությունները ստացել են համապատասխանաբար 18, 17, 14 եւ 12 մանդատ, որը իշխանությանը թույլ չի տալիս առաջին նիստ գումարել։
Բայց այդ «մահակը» երկու ծայր ունի. իշխանության համար, եթե հնարավոր լինի չորս ուժերից գոնե մեկին համոզել՝ չհրաժարվել մանդատից, ապա խորհրդարանը կունենա քվորում, եւ բոյկոտի ողջ սխեման, այն է` խորհրդարանի ստեղծումը տորպեդահարելու հիմնական խաղաթուղթը կփլուզվի: Այս դեպքում ընդդիմությանը կմնա գնալ բռնի իշխանափոխության շատ վտանգավոր եւ այս դիրքերից քիչ իրատեսական ճանապարհով:
Բայց ահա, գոնե երեկվա դրությամբ ընդդիմադիր չորս կուսակցություններից միայն երեքն են հայտարարել մանդատները չվերցնելու մասին։ Այսինքն, քանի դեռ վերջինից՝ հետնապահ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունից հայտարարություն չկա (գոնե երեկ առաջին կեսին նման հայտարարություն դեռ ներկայացված չէր), նշանակում է, որ այն կարող է մտնել խորհրդարան` ապահովելով քվորում: Ու այս ուղղությամբ «Վրացական երազանքը», դատելով տարբեր մասնագիտական խոսակցություններից, ակտիվորեն աշխատում է:
Իսկ այն, որ հետնապահ ուժին խորհրդարան բերելու այդ ռազմավարությունը ռեալ է, հուշում է նաեւ այս առաջին օրերի կիսատ-պռատ հանրահավաքային պայքարը: Հենց առաջին հանրահավաքը, թեեւ ընդհանուր բազմամարդության, մեկ է՝ «հեղափոխական կրիտիկական զանգված» չուներ, եւ դա խոստովանեց անգամ ընդդիմությունը՝ վերջում մասնակիցներին տուն ճամփելով: Մի քանի տասնյակ հազար մարդ, որը Վրաստանի համար շատ մեծ թիվ չէ: Առավել եւս, որ հարց է, թե դրանց որ մասն են վրացիները եւ որ մասը` դրսից եկածները: Ընդ որում, մասնակիցների մի զգալի մասն էլ շատ արագ հեռացավ, ինչը եւս ընդդիմությանը հնարավորություն չտվեց հենց առաջին հավաքի օրը հավաքը վերածել հակաիշխանական պայթյունի։
Այս իրավիճակը, բնական է, բոլորից էլ լավ տեսնում եւ գնահատում է ընդդիմության հետնապահը, եւ պետք է որ առաջ գա պարզ հարց՝ «եթե հեղափոխություն չկա, ինչո՞ւ պետք է դեն նետեմ մանդատները»: Առավել եւս, որ հետնապահ ուժերի մոտ արեւմտյան պակասած կերամանից օգտվելու հարցում հնարավորությունները շատ ավելի սակավ են, եւ իշխանությունից հարմար առաջարկ ստանալու դեպքում հազիվ թե դրան անտարբեր վերաբերվեն: Հաշվի առնելով, որ բոյկոտն էլ երկար չես շարունակի. եթե նոր խորհրդարան չկա, վրացական օրենսդրության համաձայն հինը շարունակում է աշխատել:
Այսպիսով, եթե ընդդիմությանը չհաջողվի այսօր-վաղը շատ մեծ մասսաների ներգրավել եւ անցնել կտրուկ գործողությունների, պարտությունը դառնում է անխուսափելի: Կկարողանա՞ն, դժվար է ասել, սակայն այս պահին նման ռեզերվներ տեսանելի չեն: Ամեն դեպքում, մանդատներից հրաժարվելու մասին թեեւ բոլորն են հայտարարել, սակայն օրենքին համապատասխան ընթացակարգ դեռ չկա: Այսինքն, բոլորն էլ կարող են մանդատ վերցնել:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՐԵՎԻ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՕԳՆԵԼ
Մեկ այլ էական խնդիր, որն ունի վրացական ընդդիմությունը, դա արեւմտյան, մեղմ ասած, դեռ համեմատաբար թույլ աջակցությունն է: Ու այստեղ խնդիրն այն է, որ հենց եվրոպական դիտորդները «անհարմար» վիճակի մեջ դրեցին առաջին հերթին եվրոպական երկրներին: Այսինքն, երբ եվրադիտորդները հայտարարեցին, որ ինչ-որ կատաստրոֆիկ խախտումներ չեն հայտնաբերել, շատ պարզ հարց է ծագում՝ իսկ ինչի՞ց են հիմա բողոքում երկրները, երբ հայտարարում են, թե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:
Մի փոքր պաուզայով խոսեց նաեւ ԱՄՆ-ն: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը խոսեց միայն «ենթադրյալ ընտրական խախտումներից», թե դրանք պետք է քննել: Եվ այս թեմայով ակնհայտորեն լուրջ բան չտեսնելով, ինչ-որ տեղ նաեւ պարտադրված գնաց խաղաթղթերը բացելու, թե. «Այս տարի մենք մշտապես կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները եւ վերադառնալ եվրատլանտյան ուղի։ Մենք չենք բացառում հետագա հետեւանքները, եթե Վրաստանի կառավարության ուղղությունը չփոխվի»,- հայտարարեց Միլլերը:
Ահա եւ իրական պատկերը. խնդիրը ոչ թե ընտրությունների արդար կամ անարդար լինելն է, այլ պարզապես Վաշինգտոնը հրապարակավ ՄԱԿ-ի անդամ պետությունից պահանջում է վարել ԱՄՆ-ի պահանջած արտաքին կուրսը: Դա էլ մի կողմ, դա բոլորն են հասկանում: Իր այդ հայտարարությամբ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը մեկ այլ կոպիտ սխալ էլ թույլ տվեց՝ հոխորտանքներից եւ սպառնալիքներից զատ ֆիքսելով, որ ողջ տարվա ընթացքում փորձել են այդ կուրսը պարտադրել Վրաստանին: Այսինքն, եթե հիմա էլ են դա փորձում, նշանակում է, որ վրացական իշխանությունները պարզապես թքած ունեն, թե Վաշինգտոնն իրենցից ինչ է պահանջում կամ ինչով է սպառնում՝ դրանով ավելորդ անգամ հաստատելով, թե, Թրամփի բառապաշարով՝ աշխարհն արդեն ինչ չափով «չի հարգում ԱՄՆ-ին»: Ըստ այդմ էլ, որ այս նոր պահանջ-հորդորներին եւս ուշադրություն չի դարձնելու: Առավել եւս, որ երբ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն այնպիսի հայտարարություններ է հրապարակավ հնչեցնում, որ դրանցով միայն վրացական իշխանությունների համար էլ ավելի է կարեւորում Մոսկվայի աջակցությունը, դրանով արդեն իսկ ցույց է տալիս, որ քանիցս ձախողված Բլինքենը նաեւ Վրաստանի հարցում կոնկրետ ռազմավարություն պարզապես չունի: Մնում է միայն ստանդարտ, ավելի ճիշտ՝ ծեծված մեթոդներով հեղաշրջման փորձ անել, որի հաջողությանը, կրկնենք, նման է, որ անգամ «հեղափոխականները» չեն հավատում:
Վերջապես, արդեն մոտ մեկ շաբաթից հենց ԱՄՆ-ում է տեղի ունենալու նախագահական ընտրությունների քվեարկությունը: Քանիցս նշել ենք եւ կրկնենք, որ նման իրավիճակում, առավել եւս, երբ խոսքը նման սուր ընտրությունների մասին է, հեռացող Բայդենը հազիվ թե ներամերիկյան սրացումների հետ մեկտեղ նաեւ Վրաստանում այնպիսի «հետագա հետեւանքներ» սարքի, որ «Վրացական երազանքը» սարսափի ու իշխանությունը տա տարաբնույթ սահակաշվիլիներին:
Մյուս կողմից, այս պահին Եվրոպան եւս իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է ԱՄՆ-ի վրա, որի ընտրությունների ելքից չափազանց շատ բան է կախված: Ու ասել, թե բացի ընտրությունները կիսատ-պռատ չճանաչելուց, կարող է շատ ավելի գործնական օգուտ տալ վրացի «հեղափոխականությանը», միամտություն կլիներ:
Նույն այդ «հեղափոխականները» եւս, իհարկե, շատ լավ հասկանում են այս վիճակը, որի մասին է վկայում գոնե այս նախնական փուլում նման շվարած, թույլիկ գործողությունները: Իսկ եթե մտածում են, թե սպասենք ամերիկյան ընտրություններին, տեսնենք ինչ է լինելու եւ նոր քայլեր անենք, ապա պարզապես մինչ այդ կարող է «գնացքը գնալ»: