Տրանսպորտային միջոցը չի վերադարձվել Մովսես Քարտաշյանին․ շարունակվում է խախտվել վերջինիս ինչպես գույքային, այնպես էլ հավաքների ազատության իրավունքը․ փաստաբան
2024 թվականի մայիսի 30-ին Հանրապետության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Վազգեն Սարգսյան փողոցի հատվածից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել հավաքի մասնակից Մովսես Քարտաշյանի կողմից վարած և նրա օրինական տիրապետության տակ գտնվող «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը։
Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Բողոքը քննարկման ընդունելու մասին» որոշման համաձայն՝ 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ և ահազանգեր, այդ թվում՝ փաստաբանների կողմից, առ այն, որ ՀՀ տարածքում իրականացված բողոքների ակցիաների ընթացքում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել են Ոստիկանության Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային վարչությունների հատուկ պահպանվող տարածքներ։ Նույն որոշման համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեից ստացվել են պարզաբանումներ, որ գրությամբ նշված տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ 37MQ777 հաշվառման համարանիշով ավտոմեքենան, հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում տարաբնույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով։ Իրականացված հարցումների արդյունքում պարզել ենք, որ նշված տրանսպորտային միջոցը պահվում է թիվ 15-0320-24 քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում։ Ընդ որում, տրանսպորտային միջոցը պահվում է այն հիմնավորմամբ, որ դեռևս 2024 թվականի ապրիլի 7-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հանրապետության հրապարակին կից տարածքից գողացել են Ս. Գ.-ին պատկանող էլեկտրական հեծանիվը, իսկ 2024 թվականի մայիսի 31-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, թե իբր նշված հեծանիվը գողացել են «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով: