«Գերագույն խորհուրդ»–ը Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված դիմել է ԱԺ-ին
Թեմա«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը նամակով դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ մտահոգություն հայտնելով՝ Ազգային ժողովում, խորհրդի պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ կապված միջադեպի մասով:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ազգային ժողովի հարգելի Նախագահ Ալեն Սիմոնյան
«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը, որպես պառլամենտարիզմի ավանդույթների աջակցման կազմակերպության ղեկավար մարմին, իր մտահոգությունն է հայտնում սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» թեմայով ընթացող լսումների ընթացքում, ԱԺ տարածքից, Գերագույն խորհրդի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հեռացման հետ կապված միջադեպի կապակցությամբ։
Ցավոք, նման միջադեպերի պարբերական բնույթով պայմանավորված, տպավորություն է ստեղծվում, որ գործող օրենսդրական ակտերը, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը չեն ապահովում արդյունավետ գործիքակազմ, որը մինիմումի կհասցնի նման միջադեպերը։ Ազգային ժողովի հարգելի Նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հեղինակությունը շատ կարևոր է բոլորիս համար և համոզված ենք, որ Ձեզ նույնպես մտահոգում են նման միջադեպերը։
Դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք Ձեր հանձնարարականը՝ ԱԺ համապատասխան ստորաբաժանմանը, ԱԺ անվտանգության աշխատակիցների գործողությունների իրավական հիմքերը, նման խնդիրների կարգավորման համար ընդունված նորմատիվ իրավական ակտի կարգավորման ազդեցության կատարված գնահատումը «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությանը տրամադրելու համար։
Կանխավ շնորհակալ ենք աջակցության համար:
Հարգանքով՝
նախագահ Վարդան Պետրոսյան»։