ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ ԱՆԵԼ
ՎերլուծությունԻհարկե, պետք չէ մոռանալ, որ Հայաստանի համար դեպի Արեւմուտք (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=296374&l=am) կան նաեւ այլընտրանքային սխեմաներ: Խոսքը` Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան միջանցքի ծրագրի մասին է, որը ժամանակին ուրվագծում էր տխրահռչակ Բժեժինսկին՝ իր «Շախմատի մեծ տախտակում»:
Բայց այդ միջանցքի լինել-չլինելը, հաշվի առնելով հայաստանյան արեւմտամոլների առկայության փաստը, ներկա փուլում հիմնականում կախված է, որքան էլ պարադոքսալ հնչի, Թուրքիայից: Անկարայի համար, իհարկե, դեպի թյուրքական աշխարհ տանող միջանցք ունենալը երազանքների գագաթնակետերից է: Միայն թե դրան գնալով` Անկարան ընդհուպ Մոսկվայի եւ Թեհրանի հետ ռազմական բախման գնալու ռեալ ռիսկի է ենթարկվում` աչքի առաջ ունենալով նաեւ Չինաստանի գործոնը:
Ի դեմս Իրանի, Թուրքիան գործ ունի մի ուժի հետ, որի բանակին անգամ ամերիկացիներն էին նախօրեին բարեհաճել տալ երկու-երեք աստիճանով ավելի բարձր դասակարգում, քան թուրքականին: Ճիշտ է, նույն դասակարգման մեջ Իսրայելին տեղավորել էին երրորդ հորիզոնականում՝ ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից հետո, բայց անգամ Չինաստանից առաջ: Բայց թե ինչ արժե իսրայելյան բանակն առանց ԱՄՆ-ի, տեսանելի դարձավ նաեւ Իրանին հասցված վերջին «պատասխան հարվածով», որի արդյունքները արեւմտյան աղբյուրները համառորեն փորձում են գտնել, բայց այս պահին հիմնականում ֆեյքերով են փորձում համոզել, թե Իրանը ինչ-որ կորուստներ կրում է:
Իրանից զատ, Թուրքիան «Թյուրքական միջանցքի» հարցում պետք է նաեւ համառ կռվի մեջ մտնի Ռուսաստանի հետ: Ռուսները, ճիշտ է, այս պահին դեռ հիմնականում կենտրոնացած են Ուկրաինայի ուղղությամբ, բայց անկախ այս ուղղությամբ ներկա իրադարձություններից (որոնք եւս Անկարային զգուշավորություն են պարտադրում), ռուսական փոխված միջուկային դոկտրինն արդեն իսկ Էրդողանի համար լուրջ մտահոգության առիթ է: Հայաստանի սահմաններին, անկախ ամեն ինչից, ռուս սահմանապահներն են կանգնած: Հայաստանում է նաեւ ռուսական ռազմաբազան: Այսինքն, ռազմական կոնֆլիկտի դեպքում Անկարան նախ ստիպված կլինի գործ ունենալ այս երկու կառույցների հետ, անկախ նրանից, թե նիկոլյան պետությունն ինչ կասի կամ կանի: Իսկ ռուսական ուժերի վրա հարձակումն ընկալվում է, որպես հարձակում Ռուսաստանի վրա, որի դեպքում պաշտպանական բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ փոփոխված ռազմական դոկտրինը կարող է միանալ:
Ամեն դեպքում այն, որ Թուրքիան վերածվեց ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետության, գալիս է եւս մեկ անգամ հուշելու, որ ՌԴ-ի եւ Իրանի հետ ուղիղ բախման ռիսկին, որն այդքան ցանկալի կլիներ Արեւմուտքի համար, Էրդողանը ոչ մի դեպքում չի գնա: Այսինքն, «Թյուրքական միջանցքը» որքան էլ բաղձալի է, բայց երբ դրան հասնելու լուծումը ոչ թե Հայաստանն է, այլ՝ ռուս-իրանական տանդեմը, որպես արգելակ գործում է: Իսկ այդ դեպքում Հայաստանի համար դեպի Եվրոպա ուղի մնում է Վրաստանը, որը կարող է որպես այդպիսին շատ արագ փակվել:
Իհարկե, առաջին հերթին այստեղ Նիկոլի որոշելիքն է դրված: Անգամ չբացառենք, որ նա ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին ունեցավ նման կողմնորոշում, որն էլ ավելի կարող է հաստատվել Ալիեւի հայտարարություններից հետո, թե պատրաստ է պայմանագիր ստորագրել, եւ, իհարկե, նկատի ունենալով ռուսական հարթակը: Նման կողմնորոշումը կարող է էլ ավելի հաստատվել վրացական ընտրությունների արդյունքում: Ասենք, Մոլդովայում կայացած եւ դեռ երկրորդ փուլով շարունակվող ընտրություններն էլ էին համապատասխան ազդակ Նիկոլի համար:
Բայց այստեղ կա մեկ էական հարց եւս. եթե անգամ ենթադրենք, որ Նիկոլը որոշի ներգրավվել տարածաշրջանային ընդհանուր գործընթացների տրամաբանության մեջ, կարո՞ղ է գնալ այդ քայլին: Այստեղ, թերեւս, հարկ է կրկին հիշել վրացական օրինակը: Այն ,որ Վրաստանի իշխանությունների ներկա կուրսի պատճառով ԱՄՆ-ից լրջագույն ռեակցիա ստացվեց, օրերս հաստատեց նաեւ վրացական ներկա իշխող ուժի հիմնադիր Բրձինա Իվանիշվիլին՝ պատմելով, թե ինչպես է արեւմտյան երկրներից մեկի դեսպանը Վրաստանի վարչապետից պահանջել՝ մտնել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ՝ հարվածելով Աբխազիային եւ Հվ.Օսեթիային: Այս ակնարկի տակ իրականում շատ խորը պատմություններ կան: Ակնարկը, հասկանալի է, ԱՄՆ-ի մասին է, եւ մի շարք աղբյուրներ պնդում են, որ այդ ընթացքում տեղի է ունեցել մինչեւ իսկ Վրաստանի կառավարության շենքի զինված գրավում եւ այդկերպ վարչապետին պատերազմի մեջ մտնելու որոշում կայացնելու փորձ: Ըստ աղբյուրի, եղել է նաեւ Վրաստանի վարչապետին, Իվանիշվիլու որդուն եւ ֆուտբոլի հավաքականին տեղափոխող ինքնաթիռի գլխին արհեստական վթար կազմակերպելու փորձ, որը, սակայն, կանխել է ռուսական ՀՕՊ-ը՝ խոցելով այդ փորձն իրականացնող վրացական մարտական ինքնաթիռը: Այսինքն, Վրաստանի աշխարհաքաղաքական վեկտորի թեմայի շուրջ ընթանում է կենաց-մահու պայքար, որտեղ բոլոր մեթոդները դարձել են թույլատրելի:
Ու պարզ հարց՝ իսկ Նիկոլը կարո՞ղ է նման պայքարի մեջ մտնել: Անձնական հատկությունները հաշվի առնելով՝ ոչ: Բայց ի տարբերություն Վրաստանի` նա լուրջ առավելություններ ունի: Պատահակա՞ն է, որ Արեւմուտքը խնդիր է դրել Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ ռուսական ռազմաբազան հեռացնելը: Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ը «գունավոր հեղափոխությունների» կասեցնելու պայմանագրային դրույթ ունի, որը գործարկվեց Ղազախստանի դեպքում: Ռազմաբազան կարող է իրականացնել անձնական պաշտպանություն, եթե Վրաստանի օրինակով մահափորձեր լինեն: Մյուս կողմից, ԱՄՆ-ի ընտրությունները եւս կարող են շատ բան փոխել:
Ամեն դեպքում, կռիվն իրոք շատ լուրջ է: Բայց մեկ բան է հաստատ՝ եզրափակիչ փուլն արդեն կարծես թե ավարտին մոտ է: