Չարի վերջը…
ՄիջազգայինՎրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններում արեւմտամետ ուժերի խայտառակ պարտությունը եւ ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովը գալիս են փաստելու, որ այլեւս Արևմուտքի գլոբալիստների գերիշխանության դարաշրջանն ավարտված է, նրա հրեշավոր էությունը վերջապես լիովին բացահայտված է։ Սա մարդկության բարոյական հաղթանակն էր, արժանապատվության հաղթանակն էր։ Սա նշանակում է, որ կեղծիքը, երկակի ստանտարտները, շանտաժի լեզվով խոսելը, այլասերումը, ազգային արժեքների նկատմամբ ոտնձգությունները, պատերազմների հրահրումը, գաղութացումը, ահաբեկչությունը, գունավոր հեղափոխություններն այլեւս չեն սպառնում մարդկությանը, որ աշխարհն այլեւս չի ուզում լինել ստրուկը Արեւմուտքի գլոբալիստների։ Նշանակում է, որ այլեւս կպակասեն ազգերի, ժողովուրդների, հայրենազրկումը, թշվառությունը, տնավերը, զոհերը, ավերածությունները, փախստականները, մարդկանց խոշտանգումները, որի զոհը դարձան նաեւ Արցախն ու Հայաստանը։
Ռուսատանն էլ իր վրա է վերցրել մարդկության փրկության առաքելությունը, աշխարհում զսպող եւ կայունություն ապահովող կարեւոր դերակատարություն է ստանձնել եւ Ուկրաինայում մղվող պատերազմը դա պատերազմ է գլոբալիզմի չարիքից, ստրկությունից, գաղութատիրությունից ու ֆաշիզմից մարդկությանը փրկության։ Չլիներ Ռուսաստանը, աշխարհի գերակշռող մասը ստրկացված կլիներ Արեւմուտքի կողմից, իսկ ողբերգություններն էլ ավելի շատ կլինեին։ Կովկասում եւ Հայաստանում էլ այլեւս Ռուսաստանն իրեն ավելի վստահ կզգա: Սա նշանավորում է մարդկության հաղթանակը չարիքի դեմ, կեղծիքի ու շահագործման դեմ։
Ոչ պատահականորեն հայ ժողովրդի ցեղասպանության հովանավորներից` Արեւմուտքից հիասթափված, դեռեւս 1921թ. Թումայանն ասել է. որ «Հայաստանի եւ մարդկության փրկությունը Աստվածային Արեւելքում է հնարավոր փնտրել»։ Իսկ Արեւմուտքին էլ նա անվանում էր շահի` «մեքենայի եւ ոսկու» երկիր։ Շնորհակալությունս եւ շնորհավորանքներս Վրաստանի ժողովրդին։ Վրացիների այս ընտրությունը վկայությունն է վրաց ժողովրդի խոհեմության ու պետական մտածողության, նրանց այս ընտրությունը թրքահպատակության դեմ էր, Արեւմուտքի ստորության ու խաբեության դեմ էր, իրենց երկիրը վերջնական կազմաքանդումից, կործանումից փրկելու համար էր։ Քայլ անելու հերթը հայ ժողովրդինն է...
Իմաստուն ազգերն էլ սովորում են ուրիշների սխալների վրա։ Իսկ մենք անհասկանալիորեն մեզանից վանեցինք այս տարածաշրջանում շահեր ունեցող Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանանին, բարեկամ կարգեցինք մեզ ցեղասպանողներին ու այդ ցեղասպանության պատվիրատուներին։ Մեր ազգային մոլորություններից ու ողբերգություններից մեկն էլ այն է, որ գործընթացներին, երեւույթներին ու իրադարձություններին չենք նայում իրատեսի աչքերով, դասեր չենք քաղում պատմությունից, ականջալուր չենք լինում մեր մեծերին, մեր իմաստուններին եւ միշտ նույն սխալներն ենք կրկնում։ Մեր կորուստներն ու անհաջողություններն էլ ուրիշների մեջ ենք փնտրում։ Աշխարհն էլ զարմացած, մեր տարօրինակ ու անհասկանալի կեցվածքից, հեգնական ու ծաղրական հայացքով մեզ է հետեւում։
Կարծում եմ՝ հայ ժողովրդի եվրոպամետ հատվածին էլ մտորելու տեղիք պետք է տա, թե ինչպե՞ս է պատահում, որ արդեն 20 տարի Արեւմուտքի հետ սերտորեն համագործակցող Վրաստանը չի ընտրում զարգացման ու անվտանգության եվրոպական ուղին։ Սա խոսում է այն մասին, որ ազգերի, պետությունների համար առաջնայինը ամենեւին էլ տնտեսական շահը չէ, այլ ազգային ինքնության, ազգային սովորույթների ու արժեքների պահպանումն է, անվտանգություն է, անկախությունն է, սա մարդկության բողոքն է գլոբալացման դեմ, ազգային արժեքների պղծման դեմ։ Իսկ Արեւմուտքի ժողովուրդները ընդհանուր ոչինչ չունեն գլոբալիստների հետ, նրանք ամենեւին էլ մեր թշնամիները չեն, նրանք նույնպես այդ քաղաքականության զոհն են, նրանց ազգային արժեքներն ու ազգային պետությունները նույնպես վտանգված են։ Վրացիները հավանաբար հասկացան, որ Հարավային Կովկասում անվտանգության երաշխավոր նախեւառաջ Ռուսաստանը կարող է լինել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունն իրենց երկրի շահերից չի բխում։ Անկախ հայ-ուսական հարաբերություններում այս իշխանությունների` դրսի թելադրանքով ստեղծած առկա ժամանակավոր անհարթություններին ու խնդիրներին հայ-ռուսական փոխշահավետ բարեկամությունն այլընտրանք չունի։ Այլընտրանքը թրքահպատակությունը, նոր ցեղասպանությունն ու հայկական պետականության կործանումը կարող է լինել։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների երաշխիքն էլ Հայաստանի ու Ռուսաստանի փոխադարձ ռազմավարական՝ աշխարհաքաղաքական, անվտանգային ու տնտեսական շահերը կարող են լինել, հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր, մշակութային, պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը կարող են լինել: Երաշխիքը Ռուսաստանի ռազմական հզորությունը, միջուկային գերտերություն լինելը, Կովկասում Ռուսաստանի ունեցած անկեղծ ազգային֊ պետական շահերը կարող են լինել:
Իսկ թուրանական պետության ստեղծումը լուրջ սպառնալիք է, ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի անվտանգության համար, մարդկության համար: Ամենայն հայոց բանաստեղծ, մեծ հայրենասեր ու իմաստուն Հովհաննես Թումանյանը արժեւորելով ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունը եւ կարեւորելով Ռուսաստանի դերը Հայաստանի ճակատագրի հարցում՝ ասել է. «Ես չգիտեմ, թե որքանով է պետք Կովկասը ռուսներին, բայց գիտեմ, թե ինչպես են անհրաժեշտ Կովկասին ռուսները»։ Դիմելով նրանց, ովքեր կարծում էին, թե Ռուսաստանը գործել է իր շահերից ելնելով, նշել է, որ՝ «այնքան լավ է, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ»։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու