«Հրապարակ». Գյումրիի ճակատագրին ուրիշներն էլ կարժանանան. իշխանությունը խլելու գործընթացը շարունակվելու է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Սիսիանում իշխանափոխության համար ՔՊ-ին, պարզվում է, օգնել է իրեն ընդդիմադիր հռչակած «Քաղաքացու որոշում» խմբակցությունը: Քանի որ նախկին քաղաքապետ Արմեն Հակոբջանյանի պարտադրված հրաժարականից հետո ՔՊ Սիսիանի ավագանին 13 անդամով չէր կարող նոր քաղաքապետ ընտրել, քանզի 14 ձայն էր հարկավոր: 34-ամյա նախկին առաքիչ Հովսեփ Առաքելյանին Սիսիանի համայնքապետ է դարձրել ՔՈ խմբակցության ավագանի Հայկ Հակոբյանի մեկ ձայնը: Բայց այդ ձայնը հենց այնպես չի նվիրվել նորընծա համայնքապետին, խոսվում է, որ դրա դիմաց պաշտոն են խոստացել Հայկ Հակոբյանին։
Իշխող թիմում չեն բացառում, որ առաջիկայում Սիսիանի եւ Գյումրու ճակատագրին այլ համայնքներ էլ կարժանանան, այսինքն` իշխանությունը խլելու գործընթացը շարունակվելու է, քանի որ տեղերում իշխանություն չունենալու պարագայում դժվար կլինի 2026-ին վերարտադրվելը։