Եթե այսօր խելքի չգանք, թուրք աղվեսը կսլանա մեզնից շուտ ո՛չ միայն ԲՐԻԿՍ, այլ՝ կդառնա կայացա՛ծ միավորի` Ռուս-Բելառուս միասնական Նոր պետության անդամը նոր. Ալլա Հակոբյան
ՀասարակությունՊատմությունը կրկնվում է...
Չորս կայսրություն փլուզվեցին
Պատերազմի հետեւանքով,
Որը սկսվեց տասնչորսին (1914)....
Իսկ հետո էլ ձեռքներն առած
Բահ ու մանգաղ, մուրճ ու կռան
«Ամբոխները խելագարված»
Փլուզեցին կայսրությունը
Ռուսաց ցարի ու ստեղծեցին
Երկիր մի նոր` ՍՈՎԵՏԱԿԱՆ...
Ու Գորշ Գայլը վայրկյանական
Կողմնորոշվեց, մորթին փոխեց
Ու` խորամանկ աղվես դարձած,
Ի լուր աշխարհ հայտարարեց,
Որ հետայսու` որոշված է,
Արյունախում թուրքը նույնպես
Պիտի դառնա «սովետական»...
Ու քսան թվի ապրիլ ամսին
Մուսավաթիստ թուրքը մունդառ`
Արնաթաթախ իր դաշույնը
Պատյանի մեջ դեռ չդրած,
Երախը բաց ու արյունոտ
Ժանիքները ոչ էլ թաքցրած,
Լուռ սողոսկեց նո՛ր կազմի մեջ`
Սովետական... Բայց ինչպես միշտ`
Յաթաղանը ձեռքում բռնած...
Հենց այդպես էլ մենք կորցրեցինք
Նախիջեւանն ու Արցախը...
Սովետները տարածքները
Ընդայնելո՛ւ նպատակով
Մեր սրբազան Հայրենիքը
Այդ շողոքորթ թուրքին տվին...
Ավաղ, այնժամ դարձյալ խաբված`
Ավելի ճիշտ` ՀՐԱՊՈՒՐՎԱԾ
Արեւմուտքով խարդախ ու նենգ,
Այդ զեղծարար ու զեղծագործ
Անտանտայի պոչը բռնած,
Մենք կորցրեցինք մեր հողերը`
Դարձանք պստիկ լաթի կտոր`
Ինը հազար եւ ութ հարյուր
Քառակուսի կիլոմետր...
Թեպետ հետո մե՛նք էլ դարձանք
ՍՈՎԵՏԱԿԱՆ` սակայն արդեն
Ուշացել էինք` սուտ խոստումով
Թո՛ւրքն էր զավթել հողը Հայոց...
Այսօր նույնպես
Ողջ աշխարհն է իրար գալիս...
Ու կանգնած է մարդկությունը
Հիսուն գլխով կրակ արձակող
Ամենակուլ պատերազմի
Միջուկայի՛ն հողմի առաջ...
Եւ այս պահին ալեխռով,
Երբ եռում է աշխարհը ողջ`
Ալեկոծված ու ալեհույզ,
Նոյին հիշող, նախնիների
Ազնվազարմ գենը կրող
Գեղեցկուհի Հայաստանս
Իր լեռներում անզեն կանգնած
Միայնակ է, անօգնական
Վիշապի դեմ ռեխը բացած...
Ու թե հիմա մարդկությունը
Դարձյալ չօգնի գեղեցկուհուն,
Կրակ կթափվի` եւ այս անգամ
Ոչ թե ռեխից օձ-վիշապի
Այլ երկնքից... Կրակ ե՞ս ուզում`
Կտամ քեզ կրակ` որպես ՊԱՏԻԺ...
Քանզի այսօր մարդ կոչվածը
Դադարել է խոհեմ լինել`
Մարդու «խելքից» հրկիզված է
Ողջ աշխարհը` ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ`
Գնդակի չափ փոքրիկ մի գունդ`
Աստծո կողմից մարդուն տրված...
Իսկ խոհեմ է՞ արդյոք հայը...
Մնացել է՞ հոգո՛վ նա հայ...
Արձանագրենք մի փաստ միայն`
Եթե այսօր խելքի չգանք`
Թուրք աղվեսը կսլանա
Մեզանից շուտ ո՛չ միայն BRICS,
Ձեւավորվող մեր օրերում,
Այլ կդառնա ձեւավորվա՛ծ
Ու կայացա՛ծ միավորի`
Ռուս-Բելառուս միասնական
Նոր պետության անդամը նոր
Ու առանց մեզ` ուրախությամբ,
Թափուր տեղը զբաղեցնելով,
Կամրապնդի իր դիրքերը...
Հետո դարձյալ ուշ կլինի`
Ինչպես այնժամ` դեռ սրանից
Մեկ դար առաջ, երբ միամիտ`
Հրապուրված Արեւմուտքով,
Մենք կորցրեցինք զուտ ՀԱՅԿԱԿԱՆ
Նախիջեւանն ու Արցախը...
Ուշ կլինի... Ո՞ւմ եմ ասում,
Ո՞ւմ եմ դիմում, եթե այսօր
Ո՛չ բանվոր կա Հայաստանում,
Ո՛չ գյուղացի` «City»-ներից
Օրվա հացն ու կաթը առած,
Իրենից գոհ` խաղաղ, անդարդ,
Օրվա կեսին ավտոբուսով
Գյուղ է գնում հայ «գյուղացին»...
Էլ որտեղի՞ց համով պանի՜ր,
Կամ սեփական արդար կարա՜գ...
Տաքսիստներն էլ կանգառներում
Պարապ-սարապ ղեկը բռնած
«Ազատության» ձայնն են լսում,
Մինչեւ մեկը ավտոբուսին
Երկար սպասած` ճարահատված,
Իր պատվերով շեղի դրան
Օտարամուտ նենգ քարոզից...
Էլ որտեղի՞ց երկրում ծլեն
«Ամբոխները խելագարված»...
Է՜հ, ինչ ասեմ, հարազատներ,
Սենց որ գնա Հայոց երկրում
Ոչ թե ամբոխ խելագարված`
Ըմբոստացող ու ընդվզող
Գեթ մեկ ԱՆՀԱՏ հայ չի մնա...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.- BRICS-ը հապավում է, կազմված է հետեւյալ երկրների Brazil, Russia, India, China, South Africa առաջին տառերից: