«Թրամփի հաղթանակը կարող է վտանգել Թուրքիայի անվտանգությունը»․ թուրք հոդվածագիր
ՄիջազգայինԹուրք լրագրող Էվրեն Բալթան հոդված է հրապարակել կապված նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրությունների և դրանց հնարավոր արդյունքների հետ:
Այդ համատեքստում Բալթան փորձել է ներկայացնել, թե, որ քաղաքական ուժի հաղթանակի պարագայում է Թուրքիան շահեկան դիրքում հայտնվելու: Լրագրողը թեման դիտարկել է երկու կողմից. Թուրքիա, որն իր մոտ է զգում Մերձավոր Արևելքին և Թուրքիա, որն իրեն մոտ է զգում Եվրոպային:
Հոդվածը դիտարկենք ըստ բովանդակային հատվածների:
Ամերիկայի ընտրությունները և Թուրքիայի դիրքորոշումը.
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում Թուրքիայի համար լավագույն ելքը կախված է այն բանից, թե ինչ դիրքորոշում ունի երկիրը՝ Եվրոպայի կամ Մերձավոր Արևելքի նկատմամբ։
Էվրենը գրում է. «եթե Թուրքիան իր երկիրը տեսնում է որպես Եվրոպային մոտ, ապա հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է լարվածություն առաջացնել, սակայն, եթե Թուրքիան ավելի մոտ է Մերձավոր Արևելքին, ապա Թրամփի հաղթանակն ավելի քիչ անհանգստություն կառաջացնի»:
Անորոշություն և հնարավորություններ.
Այս պարագայում հեղինակը նշել է, որ ԱՄՆ ընտրությունները կարևոր են Թուրքիայի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի տարբեր խմբեր ունեն տարբեր աշխարհաքաղաքական դիրքորոշումներ։ Թուրքիան ունի հատուկ «շեմային պետության» դիրք՝ տեղակայված է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև։ Այդ դիրքը թույլ է տալիս Թուրքիային պահպանել երկու տարածաշրջանների տարբերությունը և արձագանքել՝ ըստ իր շահերի։
Եվրոպական կողմնորոշում ունեցող Թուրքիան
Անդրադառնալով Եվրոպային մոտ կանգնած Թուրքիային՝ Էվրենը գրել է, որ այդ պետությունն ավելի շատ վստահում է ՆԱՏՕ-ին և բազմակողմ համագործակցությանը, հետևաբար, կարող է անհանգստանալ Թրամփի Ռուսաստանի հանդեպ բարենպաստ քաղաքականությունից։ Ըստ նրա՝ Թրամփի հաղթանակը կարող է վտանգել ՆԱՏՕ-ի կայունությունը, ինչը կթուլացնի Թուրքիայի պաշտպանական համակարգը:
Մերձավոր Արևելյան կողմնորոշվածություն ունեցող Թուրքիան
Ի տարբերություն Եվրոպական կողմնորոշվածության Թուրքիայի, այս Թուրքիան չի ունենա նույն անհանգստությունը Թրամփի հաղթանակի պատճառով՝ վստահեցնում է հոդվածագիրը։ Նա կարծում է, թե Մերձավոր Արևելքի համար Թրամփը ընկալվում է որպես ուժեղ և կանխատեսելի առաջնորդ և նրա վարած քաղաքականությունը համահունչ է տարածաշրջանի շահերին, հատկապես Իսրայելի հարցում, ինչը նվազեցնում է մտահոգությունները։
Ամփոփում.
Եզրափակելով իր միտքը, Էվրենը գրում է, որ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է փոփոխվել՝ համապատասխանելով ներկա ժամանակի պահանջներին, և ընտրությունների արդյունքում երկու տարբեր տարածաշրջանային շահեր կարող են բախվել՝ մեծ ազդեցություն ունենալով Թուրքիայի վրա։
Աղբյուրը՝ Ermenihaber.am: