2024-ին բանակում մահվան դեպքերը, 2023-ի համեմատ, կրկնակի նվազել են, այս տարի 33 դեպք է եղել. ՊՆ խոսնակ
Հասարակություն2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ նախորդ՝ 2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Այս տարի արձանագրված 33 մահվան դեպքից շատ փորձագետներ, իրավապաշտպաններ, որոշ լրատվամիջոցներ, երբ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում, թե այդ 33 մահվան դեպքից քանիսն են ծառայության հետ կապված եղել, և քանիսը՝ ոչ: 33 մահվան դեպքից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով են տեղի ունեցել, 2-ը՝ ավիավթարի հետևանքով, 5-ը՝ հիվանդության, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Օրինակ՝ երբ զինծառայողը իր սեփական մեքենայով ծառայությունից դուրս վայրում վթարի է ենթարկվել և սա տեղ գտնի մամուլում»,- ասաց նա:
Հարցին՝ կանխարգելիչ ի՞նչ աշխատանքներ են տարվում, Թորոսյանն ասաց.
«Զորամասերում շուրջօրյա աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնախեղումների և ինքնասպանության հասցնելու, արտահաստիքային խմբի պլանային աշխատանքով նախատեսված խնդիրներին, նաև ռիսկային խմբերում գտնվող զինծառայողների հետ տարվում են մի շարք աշխատանքներ։
Զինված ուժերում հավաք-խորհրդակցությունների ժամանակ, Զինված ուժերի կարգապահության ամրապնդման ու բարելավմանն ուղղված խորհրդակցություններին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման, ինչպես նաև դիտակետում, դիրքում, հենակետում քնած զինծառայողի նկատմամբ ոչ կանոնագրքային դեպքերին: Բանակը փակ կառույց է։ Երբ քաղաքացիական կյանքից մարդն անցում է կատարում զինվորական ծառայության, իր հետ բերում է նաև բարքեր, այդ թվում՝ արատավոր։ Արատավոր երևույթների մի զգալի հատված չեզոքացվում է, սակայն լիարժեք խուսափել այդ բարքերի թափանցումից, ցավոք, չի հաջողվում»,- նշեց Թորոսյանը։
Հարցին, թե զինծառայողների մահերի պատճառով քանի՞ պաշտոնյա է աշխատանքից ազատվել, մամուլի խոսնակն ասաց․
«Մեծ մասի վերաբերյալ հարուցված են վարույթներ, դրանք ընթացքում են։ Այժմ որևէ թվային տվյալ չեմ կարող տրամադրել»։