Հայ ծանրորդները երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ են նվաճել Մ20 և Մ23 ԵԱ-ում
Սպորտ
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները հաջող են մեկնարկել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 200 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում նա հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 81 և 85 կգ կշռող ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում՝ 105 և 115 կգ:
Պատանիների 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը ևս ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտում ցույց տալով 233 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 100 և 103 կգ, իսկ հրում վարժությունում՝ 126 և 130 կգ կշռող ծանրաձողերը:
Նույն քաշում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտի 224 կգ արդյունքով 5-րդն է:
Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել է արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց է տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):
Պատանիների և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև նոյեմբերի 2-ը:
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի կազմում առաջնությանը կմասնակցեն նաև Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը, Ալինա Սուքիասյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Սամվել Մարտիրոսյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+109 կգ)։
Մինչև 23 տարեկանների մրցաշարին կմասնակցեն Միլենա Խաչատրյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը, Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), Մերի Թումասյանը (+87 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը, Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Պետրոս Պետրոսյանը, Յաշա Մինասյանը (+109 կգ)։