3-րդ ուժի ձեւավորումն անհրաժեշտություն է եւ ժողովրդական պահանջ. Աշխեն Սումբուլյան
Տեսանյութեր«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության փոխնախագահ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ գնահատմամբ՝ օրերս հիմնադրված 3-րդ ուժը ստեղծվել է մեկ նպատակով՝ գործնական քայլեր իրականացնել եւ օր առաջ վերականգնել մեր ժողովրդի վստահությունն ու հավատը, ինչը մեծ հույս ու հավատ է ներշնչում:
— 3-րդ ուժի ձեւավորումը ուղղակի անհրաժեշտություն է, ժողովրդական պահանջ։ Հույս, որ վերջապես մեր երկրում տիրող այս դժվարին մղձավանջից դուրս գալու հնարավորություն է ստեղծվում եւ հավատ, որ վերջապես մենք կարող ենք միասնական ուժ դառնալով՝ վճռական գնալ դեպի հաղթանակ: Մենք ուղղակի պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, եւ այսօր ու այստեղ մենք միասնական ստանձնում ենք այդ պատասխանատվությունը ու պարտավորվում ենք վերականգնել արդարությունը, որի բացակայությունը մեր երկրում ուղղակի ակնհայտ է: Տարիներ առաջ մեզ բոլորիս խաբեցին խոստումներով եւ լոզունգներով, օգտագործելով մեր ժողովրդի համար զգայուն թեմաները, արդարության բացակայությունը, սոցիալական ծանր իրավիճակը, հայրենասիրությունն ու հավատը, որից հետո գալով իշխանության` ուղղակի հարված հասցրին մեր ժողովրդի թիկունքին, սահմանին կանգնած զինվորից մինչեւ սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին:
Տարիներ շարունակ մեզ պառակտել են` ատելություն սերմանելով մեր ժողովրդի մեջ, եւ հիմա էլ փորձում են մեզ հաղթանակած եւ արժանապատիվ ազգից վերածել չկայացած, պառակտված եւ պարտված ամբոխի, բայց դա չի լինելու, որովհետեւ մենք կանք եւ պայքարելու ենք՝ հանուն մեր բոլորի արժանապատիվ ապրելու իրավունքի, հանուն մեր ապագա հաղթանակների եւ հանուն մեր ապագա սերունդների, որոնց պարտավոր ենք թողնել ուժեղ եւ հզոր Հայաստան, ազատ Արցախ եւ արժանապատիվ խաղաղություն: 3-րդ ուժի շարքերում տեսնելով մեր անկախության ակունքներում կանգնած փորձառու եւ, իհարկե, երիտասարդ մասնակիցներին` հավատում եմ, որ մեր բոլորի միասնական հաղթանակը մոտ է: Եվ վերջում կկրկնեմ ՀԱՊ կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանի խոսքերից մի հատված. «Ուժեղ Հայաստանը հնարավոր է, որովհետեւ այն մեր պապերի երազանքն է եղել, որը մեր հայրերի պայքարն է դարձել, եւ մենք պարտավոր ենք նրանց ու մեր բոլոր հերոսների գործը կիսատ չթողնել, այլ այն փառքով եւ պատվով ավարտին հասցնել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ