Հիմնական մեխը հենց Նիկոլի Կազան գնալն էր
ՎերլուծությունՄիայն երեկ առավոտյան, երբ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը գրեթե ավարտված էր, Նիկոլ Փաշինյանը հասավ Կազան: Չնայած, այդ «փոքրիկ» ուշացումը կարելի է հասկանալ. մինչ այդ, գագաթաժողովի պաշտոնական միջոցառումներն էին, եւ ԲՐԻԿՍ-ի հետ որեւէ պաշտոնական առնչություն ունեցող Հայաստանը ներկայացնող Նիկոլն այդտեղ պարզապես անելիք չուներ: Իսկ երբ մեկնում է վերջին օրը, դա մեկ բան է նշանակում՝ նրա այցի իմաստը կուլիսային գործընթացներն էին, որոնք սովորաբար ակտիվանում են նման միջոցառումների վերջին փուլում:
ՊՈՒՏԻՆԻ ԱՋԱԿՑԻ ԴԵՐՈՒՄ
Ինչեւէ, լավ թե վատ, Նիկոլը հասավ Կազան: Ուրեմն, այդ այցից ակնկալիքներ կա՞ն, ո՞րն էր դրա իմաստը: Ասենք, բուն այդ այցն արդեն իսկ որոշակի մեսիջային իմաստ պարունակում էր: Այն, որ Արեւմուտքը մեծ նյարդայնությամբ մոտեցավ Կազանի գագաթաժողովին, պարզ տեսանելի էր, եւ դրանում առնվազն երկու իմաստ կա: Նախ, Արեւմուտքն երկար ժամանակ խոսում էր Ռուսաստանին քաղաքական մեկուսացման ենթարկելու մասին: Իսկ ահա այս գագաթաժողովի հետ կապված` ՌԴ ժամանեցին մոտ 4 տասնյակի չափ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, այդ թվում՝ մոտ երկուսուկես տասնյակը առաջին դեմքերի մակարդակով: Ընդ որում, երեք առաջին դեմքեր Կազանում չէին միանգամայն օբյեկտիվ պատճառներով: Ընդհանրական իմաստով, Կազանում էին աշխարհի բնակչության մոտ 60 տոկոսի ներկայացուցիչները, եւ դա արդեն իսկ ծանր քաղաքական հարված էր Արեւմուտքին՝ Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքական ծրագրի հետ կապված:
Երկրորդը. Արեւմուտքի համար, հաշվի առնելով նաեւ ԲՐԻԿՍ-ի հանդեպ աշխարհում նման մեծ եւ դեռ ծավալվող հետաքրքրությունը, այդ կառույցն ակնհայտորեն դարձել է հիմնական թշնամի: Եվ, հասկանալի է, նման մասշտաբային միջոցառումը չէր կարող սուր անհանգստություն եւ պատասխան ռեակցիա չառաջացնել: Հաշվի առնելով ոչ միայն գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, որ տնտեսական հարթակում միանգամայն վտանգավոր հետեւանքներ է խոստանում ԱՄՆ-ին եւ ընդհանրական իմաստով՝ Արեւմուտքին, այլ նաեւ մեկ «փոքր» դետալ: Այսպես, համացանցում լայնորեն տարածվեց մեկ ֆոտո (լուսանկարում), որտեղ Պուտինը ձեռքում պահել էր ԲՐԻԿՍ-ի թղթադրամը: Դա կարող է ֆեյքի տպավորություն թողնել: Սակայն եթե անգամ այդպես է, համացանցային աղբյուրները զուգահեռաբար տարածեցին այդ թղթադրամի երկկողմ պատկերը: Այսինքն, թեեւ պաշտոնապես հայտարարվում է, որ ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթին անցնելը դեռ վաղ է, բայց այն, որ այդ թեման, որը ամերիկյան դոլարի հեգեմոնիայի համար համ է նշանակում, միանգամայն ակտիվ քննարկումների մեջ է, նշված լուսանկարների առաջբերած տպավորությունն է: Այսինքն, որ գուցեեւ ֆեյք, բայց ամենեւին էլ պատահական չէ դրանց շրջանառության մեջ մտցնելը, դա հաստատ է, ու այդ հանգամանքին ամերիկացիները պարզապես չեն կարող հատուկ ուշադրություն չդարձնել:
Իսկ երբ Նիկոլը գնում է լրացնելու այն մոտ երկուսուկես տասնյակ առաջին դեմքերի ցուցակը, որը, կրկնենք, ՌԴ-ն մեկուսացնելու արեւմտյան ծրագրերի ձախողման էական ցուցիչ է, ապա այդ փաստը, այսպես ասենք, հազիվ թե ուրախացնի Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Առավել եւս, որ դրա նախօրեին Բայդենը մի ամբողջ նամակ էր հղել Նիկոլին, դեսպանն ու Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը եւ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, կանճ ասած, մի պատկառելի պատվիրակություն այն հանձնեց հասցեատիրոջը՝ բանավոր հորդորներով հանդերձ, ինչին դեռ կհասնենք: Եվ երբ, չնայած այս ամենին, Նիկոլը մեկնեց Կազան, ամերիկացիների համար, իհարկե, դա տխրելու առիթ է: Ամեն դեպքում, այս պատմության համար հիմնական մեխը հենց Նիկոլի Կազան գնալն էր:
Չնայած, թերեւս կանխատեսելով ամերիկացիների հնարավոր ռեակցիան, մինչ մեկնելը, Նիկոլը փորձեց ԱԺ-ում բացատրություններ տալ: Թե քանի որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը վերաբերում է հարավի գլոբալ խնդիրներին, եւ այս օրակարգն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին, հետեւաբար՝ «Սա մեզ համար կարեւոր հնարավորություն է ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Բայց հաջորդ մտքով շատ հնարավոր է, որ Նիկոլն իսկական կատաղության նոպա է առաջացրել ամերիկյան դեսպանի մոտ. «Ոչ պակաս կարեւոր է, որ ես անձամբ հրավեր ստացա Ռուսաստանի նախագահից եւ ընդունեցի այս հրավերը»,- հատուկ ընդգծեց Նիկոլը: Բայց հետո սկսեց համոզել, թե խոսքն ընդամենը «հավասարակշռված արտաքին քաղաքականության» մասին է. «Այս տրամաբանությամբ մենք հանդիպմանը մասնակցել ենք «3+3» ձեւաչափով։ Բացի այդ, վերջերս մասնակցել եմ նաեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին»:
Միայն թե մեծ հարց է՝ ո՞ւր կտանեն «երկու աթոռի վրա խաղալու» նման փորձերը, եթե անգամ նման խաղում «պրոֆեսոր» Էրդողանն է սկսել լրջորեն ձախողվել, ինչը նաեւ տեղի ունեցավ նախօրեին:
ԱՆԿԱՐԱՅԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Նկատի ունենք Անկարայի վերջին ահաբեկչական հարձակումը, որը տեղի ունեցավ ոչ թե ընդամենը Էրդողանի` Կազան այցելության ֆոնին, այլ գործնականում այն պահին, երբ նա պետք է հանդիպեր Պուտինի հետ: Որպես կանոն` նման պատահականություններ չեն լինում: Այսինքն, շատ ավելի հիմնավոր տեսք ունեն այն փորձագիտական գնահատականները, որ դա հստակ ազդանշան է Արեւմուտքից` Թուրքիան չի կարող միանալ BRICS-ին: «Մինչ Թուրքիան ակտիվորեն ձգտում է ամրապնդել համագործակցությունը իր արեւելյան դաշնակիցների հետ, Արեւմուտքն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները՝ իրեն այդ քայլից հետ պահելու համար»,- այդ թեզը մանրամասնել է իրանցի փորձագետը, եւ դրանում, ինչ խոսք, մեծ տրամաբանություն կա։
Եթե Էրդողանի ճնշելու սխեման է, ապա դա ավելի շատ խոսում է Արեւմուտքի հերթական սխալ հաշվարկի կամ պարզապես այլ տարբերակ չունենալու մասին: Համաշխարհային գործընթացների ներկա փուլում, երբ ռազմական գործոնն այս չափով առաջին պլան է դուրս եկել, նման «մանր» հարձակումները հազիվ թե դառնան արգելակող գործոն, առավել եւս՝ Էրդողանի համար: Եվ այն, որ նրա պատասխանը եղավ ռազմական հարթությունում՝ անմիջականորեն ԱՄՆ-ի հետ գործակցող քրդական կենտրոններին մասշտաբային հարվածներ հասցնելու տեսքով, դա եւս ակնարկ է, որ քաղաքական զիջումների նա չի գնա:
Այսպիսով, թե ԲՐԻԿՍ-ի այս գագաթաժողովի արդյունքում կոնկրետ աշխարհաքաղաքական ինչ դիրքում են կանգնելու մեր հարեւաններից Իրանը եւ Թուրքիան, ասենք նաեւ կազմակերպությանն անդամակցության հայտ ներկայացրած Ադրբեջանը, թերեւս մոտ ապագայում շատ ավելի հստակ կդառնա: Նախ, սպասվում է ՌԴ-ի եւ Իրանի ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը, որը, ինչպես հստակեցվեց, պետք է տեղի ունենա Մոսկվայում: Ե՞րբ, հենց դա շատ հարցերի պատասխան կտա: Հաջորդը, նորից խոսվեց Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին, եւ այս դեպքում եւս «երբ» հարցը որոշիչ է, թեեւ երկու դեպքում էլ խոսվում է ամենամոտ ապագայի մասին:
Մյուս կողմից, ամեն բան խոսում է, որ շատ հստակ եւ վերջնական պայմանավորվածություններ կան ՌԴ-Չինաստան, ՌԴ-Հնդկաստան եւ Չինաստան-Հնդկաստան ձեւաչափերում, եւ այդ ամենը եւս գալիս է հուշելու, որ Կազանի այս հանդիպումը պատմական դառնալու բոլոր շանսերն ունի:
ԻՆՉԻՑ ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ
Բայց վերադառնանք Նիկոլին: Այն, որ անգամ Էրդողանն է միանգամայն տեսանելի եւ շոշափելի ձեւով կանգնած «կա´մ-կա´մ» պարտադրանքի առաջ, հերթական անգամ հուշում է, որ Նիկոլի քարոզած «հավասարակշռված արտաքին քաղաքականությունը» ֆանտազիաների դաշտում է, եւ նա վերջնական աշխարհաքաղաքական կողմնորոշումից խուսափելու տարբերակ արդեն պարզապես չունի: Պուտինի հրավերը «հարգելով»՝ Կազան գնալը նման կողմնորոշման մասին ազդա՞կ է. կարող է:
Ամեն դեպքում, Կազանի շեմին Բայդենի հիշատակված նամակը (նաեւ՝ Ալիեւին) եւս Նիկոլին հղված նման առաջարկ էր՝ կողմնորոշվել: Միայն թե Բայդենն իր առաջարկը կապել է «Խաղաղության պայմանագրի» հետ, որտեղ Նիկոլը առանձնապես կողմնորոշվելու տարբերակ էլ չունի:
Թե ինչու է Բարդենը նման նախաձեռնություն ցուցաբերում, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը միանգամայն տրամաբանական բացատրություն է տալիս. «Բայդենի վարչակազմին մնացել է 3 ամիս՝ իշխանությունն ամբողջությամբ Թրամփին կամ Հարիսին փոխանցելու համար: Բնականաբար, Բայդենը ցանկանում է, որ 4 տարվա այն ներդրումը, որ իր վարչակազմն ունեցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հասնի իր տրամաբանական ավարտին, եւ Բայդենը արդարացիորեն դառնա խաղաղության համաձայնագրի կնքահայրը: Հեռացող նախագահ Բայդենը… հասկանում է, որ ո՛չ Թրամփի եւ ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու, հետեւաբար իր բոլոր ձեռքբերումները, եթե նույնիսկ ջուրը չգնան, ապա էապես դանդաղելու են կյանքի կոչման տեսանկյունից»:
Կարճ ասած, Բայդենի համար սա ամբիցիոզ հարց է՝ հեռանալ ոչ թե քաղաքականությունից դուրս քշվածի, այլ՝ ինչ-որ մի վերջին արդյունքի հասածի տեսքով: Միայն թե Ալիեւը հաստատ «ծերուկին պատվով ճամփու դնելու» մոտեցումով առաջ չի գնա: Հեյդարովիչի համար Բայդենը միանշանակ քաղաքականությունից «դուրս քշված» ֆիգուրա է, նրա պետքարտուղար Բլինքենը՝ ամենուր ձախողված գործիչ: Ավելին, Թրամփը, ով Բայդենի ոչ թե հակառակորդն է, այլ՝ թշնամին, էապես առաջ է անցել ինքն իրեն աչքի առաջ հեղինակազրկող Հարիսից: Այսինքն, ներկա բոլոր հիմնական հաշվարկները կատարվում են, ելնելով նրանից, որ հենց Թրամփն է դառնալու հաջորդ նախագահը: Այսինքն, Բայդենի առաջարկներով հիմա շարժվելը մի բան էլ վտանգավոր կարող է լինել: Ի տարբերություն Ալիեւի, Նիկոլը դա հասկանո՞ւմ է. ինքը կիմանա, բայց Կազան գնալն ակնարկ է, որ ինչ-որ բան սկսել է կռահել: Եթե ոչ, ԲՐԻԿՍ-ի մթնոլորտը եւս պետք է որ շատ բան հուշի: Առավել եւս, որ ինչպես «խաղաղության պայմանագիրը», ըստ այդմ էլ՝ Նիկոլի «Խաղաղության խաչմերուկը» մնում է կախված Ալիեւի հետ պայմանավորվել-չպայմանավորվելուց: Իսկ ահա ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին նորից հարկ համարեց հիշեցնել Օվերչուկի հայտնի մեկնաբանությունը. «Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
Ամեն դեպքում, տեսախցիկները մի շարք դրվագներում Նիկոլին եւ Ալիեւին ֆիքսել էին իրար հետ ինչ-որ բաներ քննարկելիս: Հետեւեց նաեւ պաշտոնական հանդիպում՝ քիչ բան ասող տեղեկատվությամբ հանդերձ: Մի խոսքով, սպասենք մանրամասներին, թեեւ այն, որ ռուսական հարթակում Նիկոլի եւ Ալիեւի հանդիպումը հնարավոր եղավ, արդեն իսկ որոշ բաներ հուշում է: