«ԵՐԲԵՔ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄՍ ՉԷԻ ՊԱՀԵԼ 133 ԿԳ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂԱՑԱ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՌԵԿՈՐԴԱԿԻՐ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍպորտԻսպանիայի Լեոն քաղաքում կայացած Ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել։ Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5֊րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը։ Նա 1 կգ ֊ով շրջանցեց մեքսիկացի Վանեսա Հերնանդեսին ու հաղթող ճանաչվեց։
Ավելի վաղ, մեր երկրի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանը 55 կգ ու Աննա Ամրոյանը 76 կգ, ապա նաև Աշոտ Մովսիսյանը +109 կգ նվաճել էին երիտասարդական ԱԱ֊ի բրոնզե մեդալները։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է ու զրուցել ոսկե մեդալակիր, պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռեկորդակիր, Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Էմմա, փայլուն հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Անկեղծ ասած, առաջին անգամ էր, որ մրցաշարի էի մեկնել այսքան լարված ու չէի հավատում հաղթանակիս։ Գիտեի, թե բոլոր 8 մասնակիցներն էլ ուժեղ են, հենց դրա համար էլ ավելի շատ էի մտահոգվում։ Մտածում էի երրորդ տեղը զբաղեցնելն արդեն լավ արդյունք կհամարվի։ Մրցակցությունը բավականին թեժ ստացվեց։ Լավ է, որ պոկման ժամանակ 100 կգ֊ը կարողացա բարձրացնել, այլապես մեդալից կզրկվեի։ Հրման 131֊ը բարձրացնելուց հետո չէի հավատում, որ ինձ կհաջողվի ևս մեկ մոտեցում էլ կատարել։ Երբեք 133 կգ գլխավերևումս չէի պահել, սակայն առաջնությունում կարողացա։ Եթե անկեղծ, ես էլ չգիտեմ, թե ինչպես ստացվեց։ Առաջին հերթին շնորհակալ եմ մարզիչներին Արտաշես Ներսիսյանին, Քրիստինե Պետրոսյանին, որ նույնիսկ երբ ես ինքս ինձ չէի հավատում, շարունակում էին հավատալ ուժերիս։ Երբ 131֊ից հետո ասացի, որ էլ չեմ կարողանա մոտենալ ծանրաձողին, հիշեցրին, որ չեմպիոնական պայքարը դեռ չի վերջացել, ու ևս մեկ մոտեցում էլ ունեմ ես։
- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը, բացի նման կարևոր մեդալից։
- Այս հաղթանակը ինձ շատ ոգևորեց ու հավատ տվեց սեփական ուժերիս նկատմամբ։ Մանավանդ, որ անցած տարի 0 ստանալուց հետո նման հաջողության հասնելը, իսկապես շատ կարևոր էր ինձ համար։ Նշեմ, որ շուտով կմասնակցեմ արդեն երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, ու եթե կիլոգրամներս գոհացնող լինեն, ելույթ կունենամ նաև մեծահասակների Աշխարհի առաջնությունում։
Իսկ ահա ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով Էմմայի, Ալեքսանդրայի ու Աննայի մարզիչն է, նշեց.
- Շատ գոհ եմ բոլորից։ Էմման անցած տարի 0 էր ստացել, այս անգամ շատ լավ դրսևորեց իրեն ու ոսկե մեդալ նվաճեց։ Իսկ Ալեքսանդրան ու Աննան բրոնզե մեդալ նվաճեցին։ Քչերին է հայտնի, որ մինչև այս մրցաշարը Ալեքսանդրան ուսի վիրահատության է ենթարկվել։ Ես գոհ եմ ու արդեն պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Հավելենք, որ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել +109 կգ քաշային կարգում հավաքելով 366 կգ։ Պոկում վարժությունում նա 158 կգ արդյունքով գրավել է 5֊րդ տեղը, հրում վարժությունում 208 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ