Հասնում ենք կուլմինացիային
ՆերքաղաքականՎաղը՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք վճռորոշ ազդեցություն կունենան ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ Հայաստանի վրա: Դրան կհաջորդի նաեւ ԱՄՆ նախագահական ընտրությունների մեկնարկը՝ նոյեմբերի 6-ին, որը ոչ պակաս արդյունքներ կամ հետեւանքներ է ունենալու: Սա նշանակում է, որ մեկ շաբաթվա ընթացքում կարող է տեղի ունենալ այն ամենը, ինչ վեց տարվա ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ:
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
Օրինակ` վատատեսական, բայց լիովին իրատեսական վարկած է առաջ քաշում քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը: Ըստ նրա` հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 5-ը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, ամենայն հավանականությամբ, կփորձեն բացել. «ՀՀ-ն դեմ չի լինելու՝ հիմնավորելով, թե դիմադրության ռեսուրս չունի. վերջին թեզի հասցեատերը լինելու է Իրանը: Ու թող որ ես սխալվեմ: Հիշեցնեմ ՀՀ-ի գեոպոլիտիկ բովանդակությունը Սյունիքին է, որը, եթե կտրվեց մնացյալ հատվածից, ապա ՀՀ-ն դառնում է տարածք, ոչ ավելին»:
Իսկ մասնավորապես՝ ներքաղաքական առումով ի՞նչ կարելի է սպասել աշխարհաքաղաքական այս բարդ ու ոչ սովորական իրավիճակում: Ակնհայտ է, որ արտաքին ազդակներով պայմանավորված՝ ամեն պահի կարող է ապակայունանալ Հայաստանում ներքաղաքական վիճակը: Ընդ որում՝ սա ամենեւին էլ չի նշանակում, թե իրավիճակը թեժացնելու է ընդդիմությունը: Այլեւս ակնհայտ է, որ կռիվը ներիշխանական բուրգում է:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցելով «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին՝ ցույց տվեց, որ անվրդով կարող է Արեւմուտքի գրկից իրեն նետել Ռուսաստանի Դաշնության գիրկը: Բայց արդյոք սա նրան կների Արեւմուտքը: Այս առումով չի բացառվում, որ նույն Արեւմուտքն իրեն առավել հավատարիմ գործիչներով, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանով, արտգործնախարար Արարատ Միրզոյանով եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանով, կազմակերպեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենար:
Ինչ խոսք, այնպես չէ, որ նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանն էլ ձեռքերը ծալած նստելու է: Չի բացառվում, որ Փաշինյանն իսկապես գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների` փորձելով առաջին հերթին հենց ինքը ձերբազատվել վեց տարի պահած, փայփայած ու բարձր պաշտոնների դրած սորոսական թեւից: Այսինքն՝ արտահերթ ընտրությունների դեպքում՝ նրանք այլեւս տեղ չեն գտնի նախընտրական ցուցակներում: Ահա թե ինչու է այսօր ողջ քաղաքական դաշտը պատրաստվում ընտրությունների, Փաշինյան Նիկոլի դեմ նույնիսկ հանդես են գալիս ամենահավատարիմ գրպանային ուժերի ներկայացուցիչները:
ՈՐՆ Է ՆԻԿՈԼԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Վրաստանի ընտրություններում հաղթեն ոչ թե արեւմտյան, այլ ազգային ուժերը, իսկ Միացյալ Նահանգներում ընտրվեն ոչ թե դեմոկրատները, այլ հանրապետական Դոնալդ Թրամփը, թերեւս դրանով կվճռվի նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի ելքը: Սա գիտակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին մասնակցելով: Նման սցենարի դեպքում՝ Փաշինյանին էլ ոչինչ չի մնա, քան երեք առանցքային պաշտոններում նշանակել ռուսամետ դեմքերի եւ իրեն էլ ապահովագրել: Հետեւապես, պետք չէ շտապել՝ ազդարարելով ամենամյա շոու-թեզերի կրկնությունը, թե՝ «մինչեւ նոր տարի Նիկոլը գնալու է»: Այս մասին նշել է նաեւ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Իսկ որո՞նք են այդ երեք առանցքային պաշտոնները՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի ու ԱԺ նախագահի պորտֆելները: Իսկ Նիկոլ Փաշինյանը կգնա դրան՝ առանց աչքն իսկ թարթելու: Ահա թե ինչու են ակտիվացել վերոնշյալ պաշտոններին տեղավորվածները, որոնք վաղը քլունգով քանդելու են հենց Փաշինյան Նիկոլի տակը: Ով ումից կազատվի ավելի շուտ, թերեւս ցույց կտա ժամանակը:
Այո, կարող է տեղի ունենալ նաեւ հակառակ պրոցեսը, օրինակ` հեղաշրջման տեսքով: Արեւմուտքը Հայաստանում դա արել է մեկ անգամ, երկրորդ անգամ կրկնելն էլ կհաջողի: Չէ որ Արեւմուտքի համար «ԲՐԻԿՍ+» գնացող Փաշինյանն այլեւս հավատարիմ ծառա չէ: Իսկ նրան փոխելու համար գլոբալիստներն ունեն մի քանի թեկնածու գրպանում: Առնվազն Ալեն Սիմոնյանը կարող է հավակնել այդ աթոռին՝ հաշվի առնելով վերջին շրջանում ունեցած «դուխի» «պերեդոզը»:
Այնպես որ, այ հիմա նոր կարելի է ասել, որ նոյեմբերը դեկտեմբեր չի դառնալու եւ ինչ-որ բան, այդուհանդերձ, տեղի է ունենալու՝ լինի մեր երկրում, տարածաշրջանում, թե աշխարհում: Այնպես որ, զինվենք համբերությամբ եւ գերլարենք ուշադրություններս: Հասել ենք կուլմինացիային:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ