Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար
ՀասարակությունՀայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է ՀՀ արտգործնախարարի անունով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Արարատ Միրզոյանը մանսակցի COP29-ին, Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ չեն բացառում որևէ տարբերակ։
Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է առաջիկա շաբաթների զարգացումներից։
Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ուղարկել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին մասնակցելու հրավեր։
«Հրավերն ուղարկվել է հայկական կողմին, մենք պատրաստ ենք հյուրեր ընդունել բոլոր մակարդակներում», – ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն տարածեցին, որից պարզ դարձավ, որ ՀՀ-ն հանել է իր թեկնածությունը հյուրընկալող երկրների ցանկից և աջակցություն հայտնել Բաքվի հայտին։
«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:Որպես բարի կամքի քայլ` Հայաստանը նաև իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը»,- ասված էր հայտարարության մեջ:
Դրանից առաջ հայ գերիներ ազատ էին արձակվել 2022-ի հոկտեմբերի 4-ին։ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել 17 անձի։