Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում. օրակարգը հայտնի է
ՀասարակությունՀայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները, «Ազատությանը» հայտնել է հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ նրա, սակայն, դեռ հանդիպման օր չի նշանակվել։
«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի միջգերատեսչական Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների, որպեսզի այս պայմանավորվածությունը իրագործենք, նկատի ունեմ՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար», - ասել է նա։
10 օր առաջ Ստամբուլում Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի տարածքային կառավարման և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները։ Արդյոք երեք տասնամյակ չգործող երկաթուղու հարցն էին քննարկել՝ կողմերը չէին հաղորդել։
Իսկ ահա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին անգամ հանդիպել են հուլիսին՝ վերանորոգված Մարգարայի անցակետում: Հենց այդ հանդիպմանն էլ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: