«Ժողովուրդ». Ինչո՞ւ Արման Թաթոյանին եւ Լարիսա Ալավերդյանին ՄԻՊ-ի 20-ամյակին չեն հրավիրել. որտե՞ղ էր Կարեն Անդրեասյանը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հոկտեմբերի 21-ին նշվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակը՝ կազմակերպելով «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն եւ մարտահրավերներ» խորագրով երկօրյա, բարձր մակարդակի միջազգային համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետական այլ այրեր, մի շարք դեսպաններ ու այլ անձինք: Հետաքրքիրն այն է, որ միջոցառմանը ներկա չեն գտնվել նախկին պաշտպաններ Կարեն Անդրեասյանը, Արման Թաթոյանը եւ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Ավելի վաղ անդրադարձել էինք այս թեմային, եւ պարզվել էր, որ Լարիսա Ալավերդյանին եւ Արման Թաթոյանին հրավեր չի եղել, սակայն առաջիկայում Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ են լինելու, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների եւ տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Իսկ ինչու ներկա չէր Կարեն Անդրեասյանը, ով նույնպես եղել է օմբուդսմեն եւ այժմ ԲԴԽ նախագահ է:
«Պարոն Անդրեասյանը, այլ զբաղվածությամբ պայմանավորված, նպատակահարմար չի գտել մասնակցել միջոցառմանը»։
Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու ժամանակ ու նպատակահարմարություն չի ունեցել:
Այս փաստը հետաքրքիր է հատկապես ՔՊ-ի կողմից արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի անակնկալ ու անարդար պաշտոնազրկումից հետո: Ինչպես հայտնի է՝ Մինասյանն ու Անդրեասյանը մտերիմ ընկերներ են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում