Ով պնդում է, որ Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին, կա՛մ թուրք է, կա՛մ ադրբեջանցի. Աբովյան
ՆերքաղաքականՀայաստանի Կոմունիստական կուսակցությունը հոկտեմբերի 20-ին նշեց Երեւանի բերդի ազատագրման 197-րդ ամյակը: Տոնական միջոցառումը կրում էր «Բարեկամության պատմություն» խորագիրը: Նախ ծաղիկներ խոնարհվեցին գեներալ-ֆելդմարշալ Իվան Պասկեւիչի հուշարձանին, այնուհետեւ տեղի ունեցավ երթ՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ եւ ՀԿԿ Կենտկոմ։ Ի նշան հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւ համատեղ հաղթանակների՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ ծածանվեց Հաղթանակի դրոշը։ ՀԿԿ Կենտկոմի դիմաց տեղակայված էր դաշտային խոհանոց՝ ռազմաճակատային շիլայով։ Մասնակիցները վայելեցին նաեւ տոնական համերգ՝ հայ եւ ռուս արտիստների կատարմամբ։ Ի դեպ, կոմունիստների կազմակերպած միջացառմանը մասնակցում էին նաեւ բարեկամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց թվում էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Արման Աբովյանը:
«Իրավունք»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆՆ ընդգծեց, որ այն ժողովուրդը, որը չի հիշում իր պատմությունը կամ փորձում է վերախմբագրել` քաղաքական կոնյուկտուրայից ելնելով՝ չունի ապագա:
«Այո՛, Պասկեւիչն ազատագրել էր Երեւանը, եւ այդ ազատագրման մեջ՝ բացի հայ կամավորական ջոկատներից, ամենաառանցքային դերը կատարեց, իհարկե, ռուսական բանակը: Այս փաստերի մասին մենք պետք է հիշենք եւ հենվելով մեր ընդհանուր պատմության կարեւորագույն իրադարձությունների վրա՝ պետք է կարողանանք զարգացնել եւ խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ առհասարակ Եվրասիական վեկտորի հետ: Մնացած բոլոր խոսակցությունները շատ վտանգավոր խաղեր են Հայաստանի Հանրապետության համար: Տեսեք, թե ինչ է կատարվում երկրագնդում, մեր սահմանների հետ», - ընդգծեց նա:
Այն դիտարկմանը, որ Հայոց պատմության դասագրքում փորձում էին ներմուծել տերմին, թե Երեւանը ոչ թե ազատագրվել, այլ բռնակցվել է Ռուսաստանին, Աբովյանը շեշտեց. «Բազմիցս նշել եմ, որ վերախմբագրումը մեր պատմության բխում է միայն երկու պետության շահերից՝ Ադրբեջանից եւ Թուրքիայից, իսկ ով պնդում է, որ Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին, ամենայն հարգանքով յուրաքանչյուրի կարծիքին, ուրեմն՝ կա՛մ թուրք է, կա՛մ` ադրբեջանցի, այլ կերպ չեմ կարող բացատրել, կամ էլ սպասարկում է այդ երկու երկրների շահերը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ