Եվրասոդոմության կողմնակիցների ինքնախոստովանությունը
Վերլուծություն2018 թվականի իշխանափոխությունից ուղիղ վեց տարի անց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը տվեց հրապարակային ինքնախոստովանական ցուցմունք: Նա իր վերջին հարցազրույցներից մեկում անկեղծորեն հայտարարել է. «2018 թվականի հեղափոխությունը, իմ կարծիքով, հենց դրա համար էր, որ մերժեր Ռուսաստանի հետ միանալը, 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները, իրենց հիմքում ոչ այնքան Ղարաբաղն են ունեցել, ոչ այնքան Տավուշի դեպքերը, ինչքան այն՝ Հայաստանը մնո՞ւմ է Ռուսաստանի ուղեծրում, թե՞ փոխում է իր ուղեծիրը: Ամբողջ խնդիրն, ամբողջ վեճը քաղաքական սրանում է»:
Ահա այն ամենը, ինչ տեղի ունեցավ վեց տարի առաջ, ահա թե ինչու օրվա իշխանության եւ նրա գրպանային ուժերի համար ցավ չէր ո՛չ Արցախի կորուստը, ո՛չ Տավուշի սահմանագիծը բզկտելը: Նրանց նպատակը մեկն էր՝ Հայաստանը պոկել Ռուսաստանի Դաշնությունից, թեկուզ եթե դա լիներ հազարավոր հայորդիներ զոհելով, տարածքների կորստով: Հանձնարարական էին իջեցրել իրենց արեւմտյան տերերը, իրենք էլ արել են՝ այն ժամանակ դեռ չհրապարակված՝ «Ասեք, կանենք» կարգախոսի ներքո:
Սա դավաճանություն էր, թե՝ թշնամություն սեփական հայրենակիցների հանդեպ, դեռ կլինեն վճիռներ՝ իշխանափոխությունից հետո, բայց առնվազն այլեւս պարզ է, թե ինչն է եղել նպատակն ի սկզբանե, թե ինչու էր հետեւողականորեն թուլացվում բանակը, փչացվում հայ-ռուսական հարաբերությունները: Ու այս մարդիկ դեռ այսօր խոսում են ինչ-որ եվրաքվեներից, որով իբր պետք է հասցնեն կուլմինացիային Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից հեռացնելը, անգամ եթե դա լինի մեր պետության լինելիության հաշվին:
ՄՈԼԴՈՎԱՆ ԷԼ ԽԵԼՔԻ ԵԿԱՎ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ
Իսկ մինչ Հայաստանը հայ-ռուսական հարաբերությունների հաշվին եվրաքվեի դեռ չհավաքած ստորագրություններով վիզը ծուռ կանգնած է Եվրամիության դռանը, ընդ որում՝ դրսից եւ ոչ մուտքի մոտ, Մոլդովան հանրաքվեով ոչ ասաց իր երկրում Արեւմուտքի ազդեցությանը: 7 օրից նույնը տեղի կունենա, թերեւս, կարող է տեղի ունենալ Վրաստանի ընտրություններում: Ինչպես տեղին արձանագրում է ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը. «Այս օրերին որոշվում է մեր տարածաշրջանի ապագան: Մենք՝ հավաքական առումով զբաղված ենք մուկ տշելով»:
Թվում էր, թե հիմա-հիմա ներքաղաքական կյանքում ինչ-որ բան պետք է տեղի ունենա, քանի որ խորհրդարանի դուռն է չոքել հայ-ադրբեջանական կանոնակարգի սահմանադրական ճանաչված հակասահմանադրական փաստաթուղթը: Այո՛, որքան էլ պարադոքսալ է, սա է իրականությունը՝ իր ողջ դառնությամբ հանդերձ: Բայց խորհրդարանական ընդդիմությունը, կարծես թե, չի շտապում կտրուկ քայլերի գնալ եւ իրավիճակը վերցնել իր ձեռքը:
Ազգային ժողովի ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաեւ Կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը համարում է հակասահմանադրական եւ Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող, եւ չի մասնակցելու Ազգային ժողովի նիստում Կանոնակարգի քննարկմանը եւ քվեարկությանը: Նույն դիրքորոշմանն է եկել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:
Ի՞նչ ասես, խորհրդարանական ընդդիմությունը մասնակցում է, թե չի մասնակցում քվեարկությանը, լիովին երկրորդական է դառնում, քանի որ կարեւորն այստեղ այն է, որ չի խանգարում քվեարկությանը, իսկ ՔՊ-ի ձայները լիովին բավարար են: Մանդատները վայր չդնելով եւ խորհրդարանական ճգնաժամ չստեղծելով, ինչքան էլ սահմանադրագետները պնդեն, թե դրանից բան չի փոխվի, նույն ընդդիմադիր պատգամավորները դառնում են մասնակիցն այս ողջ դավադրության: Ի վերջո, պատմության մեջ գրվելու է, որ հենց այս խորհրդարանն ընդունեց այն որոշումը, ինչի հակասահամանադրական լինելու մասին արդեն շաբաթներ շարունակ աղաղակում են ամենալուրջ մասնագետները:
3-ՐԴ ՈՒԺԸ ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ
Մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ արդեն վաղուց հասկացել են, որ այս տեմպերով գնալով՝ Նիկոլ Փաշինյանը կկառավարի ոչ միայն մինչեւ 2026 թվականը, այլ նաեւ դրան հաջորդող 2031-ի հերթական ընտրությունների արդյունքում եւս: Ուստի՝ օրհասական է դարձել ձեւավորել նախկին ու ներկայի անվերջ բանավեճից դուրս՝ 3-րդ ուժ, որը ոչ թե կնայի անցյալ կամ գահավիժող ներկա, այլ` դեպի ապագա: Հենց այս տեսլականով մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ համախմբվել են եւ շուտով արդեն հանդես կգան հիմնադրման մասին տեղեկությամբ եւ կներկայացնեն իրատեսական ծրագիր:
Այս համատեքստում մայրաքաղաքում եւ մարզերում ձեւավորվում են գրասենյակներ եւ աշխատանքային խմբեր, որոնց հենց երեկ միացավ նաեւ «Արցախի հայրենասերներ» հանրային նախաձեռնությունը, որն իր աջակցությունը հայտնեց 3-րդ ուժի ձեւավորման գործընթացին: Ավելի վաղ Չարենցավան քաղաքում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կառույցի աջակցությամբ ձեւավորվել էր 3-րդ ուժի կազմկոմիտեի տարածքային ստորաբաժանումը, նույնպիսի նախաձեռնող խումբ ձեւավորվել էր Արմավիր քաղաքում՝ «Համերաշխություն» կուսակցության աջակցությամբ: Ավելին՝ 3-րդ ուժի ձեւավորմանը սկսել են աջակցել նաեւ մշակութային եւ մարզական տարբեր նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ «Մարզիկները հանուն միասնության» կազմակերպությունն է: Այնպես որ, ամեն ինչ դեռ ավարտված չէ, թունելի վերջում լույս է նշմարվում…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ