«Հրապարակ». Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի ոստիկանապետ, «Բիչոկ» մականունով Կարեն Հովսեփյանի գլխին մութ ամպեր են կուտակվել՝ Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալության պատճառով։
Հիշեցնենք․ հոկտեմբերի 5-ին Տեղի համայնքապետը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել: Մեզ պատմել են, որ ձերբակալությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, մասկի շոուով։ Մոտ 20 ոստիկան` պետի գլխավորությամբ ասֆալտին փռելով, թեւերը ոլորելով՝ բաժին են տարել նրան եւ 6 ժամ պահելուց հետո ազատ արձակել։
Հիմա Ղուլունցը կուլ չի տալիս այդ անարգանքը եւ, ըստ մեր աղբյուրների, բողոքել է վերեւներին՝ դիմել է դատախազություն եւ պահանջել գնահատական տալ ոստիկանների անհամաչափ գործողություններին եւ պատժել։
Ձերբակալության օրը ՆԳՆ-ից պարզաբանել էին, որ համայնքապետը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար է ենթարկվել վարչական ձերբակալման, ապա ազատ արձակվել: Հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, ըստ լուրերի՝ ձերբակալությունը կապված է եղել ապօրինի շինարարության հետ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում