Մաղթանքս է՝ մեր հարափոփոխ իրականության մեջ շարունակվի «Իրավունքի» երթը. Իշխան Սաղաթելյան
Ներքաղաքական«Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ,
«Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ
Հարգարժան պարոն Բաբուխանյան,
«Իրավունք» թերթի 35-ամյակի առիթով ջերմորեն շնորհավորում եմ ինչպես Ձեզ, այնպես էլ խմբագրակազմին: Ցավում եմ, որ հոբելյանական այս օրը ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ հետխորհրդային շրջանի հայ մամուլի կայացման ու զարգացման երախտավոր Հովհաննես Գալաջյանը, ով թերթի հիմնադրման օրվանից՝ 1989 թվականից, մոտ երեքուկես տասնամյակ քայլել է թերթի հետ, ապրել նրանով: Հարգանք և խոնարհում Հովհաննես Գալաջյանի թողած պատկառելի ժառանգության առջև: Նա հայ մամուլի պատմության մեջ կմնա իբրև լուսավոր հետագիծ թողած խմբագիր:
«Ւրավունքի» ծնունդն ու երթը գրեթե համընկնում են Հայաստանի վերանկախացման և հետագա ընթացքի հետ: Թերթը ազդարարել է ԽՍՀՄ-ի փլուզումն ու Հայաստանի անկախացումը, Արցախյան փառավոր հաղթանակներն ու վերջին դավաճանական պարտությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հաջողություններն ու դժվարությունները: Հիրավի,
«Իրավունքը» մեր նորագույն պատմության 35-ամյա շրջանի յուրօրինակ տարեգրությունն է, հասարակական-քաղաքական կյանքը և, ընդհանրապես, հետխորհրդային Հայաստանի իրականությունը ներկայացնող զարկերակներից մեկը:
Արժևորելով թերթի անցած ուղին՝ չենք կարող չնշել նաև, որ մերօրյա ծանրագույն իրադարձությունների, իշխանությունների կործանարար ուղեգծի պայմաններում
«Իրավունքը» պատվով է իրականացնում իր առաքելությունը՝ կանգնելով դավաճանված Արցախի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, պայքարող հայ մարդու կողքին: Ծանր, բայց պատվաբեր ճանապարհ, որով ընթանում է «Իրավունքն» այսօր: Մաղթանքս է՝ մեր հարափոփոխ իրականության մեջ շարունակվի «Իրավունքի» երթը, իսկ նրա էջերում շուտով ազդարարվի մեր պետականության երերացող նավի վերստին հաղթական ընթացքի մասին;
Ջերմ բարեմաղթանքներով՝
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ