Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում
ՍպորտՕլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՌԸՖ) համակարգում։ Այդ մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչներից է, նրա ամբողջ կյանքը կապված է մարզական ըմբշամարտում աշխատանքի հետ։ Նրա ահռելի փորձը թույլ է տվել Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների հասնել բարդ պայմաններում։ Նա Ալեքսանդր Կարելինի, Կամանդար Մաջիդովի ու ձեր խոնարհ ծառայի հետ միասին հաղթել է 1988թ․ Սեուլի Օլիմպիական խաղերում։ Նա կլինի ՌԸՖ-ի համակարգում հորհրդատուի, խորհրդականի ու մեր ընկերոջ կարգավիճակում, դա միանշանակ է»,- Մամիաշվիլիի խոսքը մեջբերում է Tass.ru-ն։
Հիշեցնենք, որ 60-ամյա Լևոն Ջուլֆալակյանը 1999-2019 թթ. գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։