Անլար կապի արագության նոր ռեկորդ է գրանցվել․ այն մոտ 9000 անգամ արագ է 5G-ից
ՀասարակությունԼոնդոնի համալսարանի գիտնականները անլար տվյալների փոխանցման արագության նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ հասնելով 938 Գբիթ/վրկ ցուցանիշի: Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ հղում կատարելով Journal of Lightwave Technology-ին։
Նշվում է, որ այս արդյունքին հասնելու համար թիմն օգտագործել է 5-ից 150 ԳՀց հաճախականության միջակայք, որն ապահովել է 145 ԳՀց թողունակություն՝ հինգ անգամ ավելի, քան նախորդ ռեկորդի ժամանակ։ Նոր տեխնոլոգիան 9380 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայում 5G ցանցի միջին արագությունը՝ ապահովելով տվյալների արագ փոխանցում՝ օգտատերերի աճող կարիքները բավարարելու համար:
Գիտնականներն առաջին անգամ համատեղել են ռադիոհաճախականություններն ու օպտիկական տեխնոլոգիաները՝ հաղթահարելով ավանդական անլար ցանցերի սահմանափակումները։ Մեթոդը ներառում է էլեկտրոնիկայի օգտագործումը 5-50 ԳՀց տիրույթում և ֆոտոնիկայի կիրառումը 50-150 ԳՀց տիրույթում, ինչը զգալիորեն ընդլայնում է հասանելի հաճախականությունների տիրույթը և մեծացնում տվյալների փոխանցման արագությունը: