Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Պեսկով
ՄիջազգայինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինվորականների տեղափոխման հարցը վերաբերում է հատուկ ռազմական գործողությանը և խորհուրդ է տվել մեկնաբանությունների համար դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի մերձավոր հարեւանն ու գործընկերն է, իսկ իշխանությունները զարգացնում են հարաբերությունները բոլոր ոլորտներում։
«Սա մեր ինքնիշխան իրավունքն է, և դա չպետք է մտահոգի, քանի որ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք շատ հակասական տեղեկություններ ենք տեսնում․ Հարավային Կորեան մի բան է ասում, Պենտագոնը՝ մեկ այլ բան։ Շատ հակասական տեղեկություններ կան, և դրանց պետք է վերաբերվել համապատասխան կերպով»,- պարզաբանել է Պեսկովը:
Հարավային Կորեան ավելի վաղ հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան զինվորականներ է տեղափոխում Ռուսաստանի Դաշնություն, որոնք կարող են ներգրավվել հատուկ ռազմական գործողությունում։ Հոկտեմբերի 18-ին երկրի նախագահը արտակարգ խորհրդակցություն էր անցկացրել անվտանգության հարցերի շուրջ, որտեղ բարձրացվել էր «հյուսիսկորեական զորքերը Ռուսաստան տեղափոխելու» հարցը։