Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում
Թեմա«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը բեռնատարներ արտադրող ռուսական «Կամազ» ընկերության բաժնետերն է:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի, «ԲԻՌ-Անալիտիկ»-ի և «Կոնտուր.Ֆոկուս»-ի տվյալները։ «Կամազը» բաժնետիրական կապիտալի վերաբերյալ թարմ տվյալներ չի հրապարակել: 2023 թվականին հիմնական բաժնետերերը եղել են «Ռոստեխ» կորպորացիան (47,1%), «Ավտոինվեստ» (23,54%) և «Daimler AG» ընկերությունները(15%)։
Նշվում է, որ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը Ռուբեն Վարդանյանին է պատկանել «Ավտոինվեստ» ընկերության 15%-ը։ Այդ օրվանից նույն բաժնեմասը սկսել է տնօրինել Դմիտրի Արտյակովը։ «Ավտոինվեստում» ևս 50% ունի Նիկոլայ Տիմոխինը, 35%՝ «Կամազի» գլխավոր տնօրեն Կոգոգինը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվեց Ստեփանակերտ և նոյեմբերի 4-ին նշանակվեց Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին ազատվեց այդ պաշտոնից, բայց Արցախում մնաց մինչև 2023 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նրան ապօրինաբար ձերբակալեցին, և մինչ օրս նա գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին շինծու մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումների ստեղծում և սահմանի ապօրինի հատում։ Վարդանյանին մինչև 14 տարվա ազատազրկում է սպառնում։