Մտավախություն չունեմ, թե Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան
Ներքաղաքական«Ուղղակի չգիտեմ՝ ո՞ր փուլում է Ադրբեջանում այդ գործընթացը, բայց ստորագրման պահին ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացին։
Նա նշեց, որ մտավախություն չունի, թե Ադրբեջանը այդ կանոնակարգը չի վարերացնի կամ կձգձգի։
Անդրադառնալով նրան, որ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում, փոխվարչապետն ասաց. «Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս: Մինչեւ այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելն ուղղակի իմաստ չունի»,- նշեց Գրիգորյանը
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը: