Իմ առօրյան դարձել է դժոխային. Նիկոլյանը ֆրանսիական բանտում անցել է հացադուլի
ՆերքաղաքականՖրանսիական բանտում գտնվող ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ հոկտեմբերի 1-ից անցել է հացադուլի: Այս մասին «Իրավունք»-ը տեղեկացավ նրա մտերիմներից:
Անազատության մեջ գտնվող Նիկոլյանը նամակ է փոխանցել, որում մասնավորապես ասված է. «Չորս դժոխային ամիսներ, եւ սա դարձել է իմ առօրյան, որովհետեւ արդարադատությունն անարդար է: Բայց հուսով եմ, որ շուտով թունելի վերջում լույսը կերեւա: Բացի ազատազրկումից եւ մնացած խնդիրներից, լրացուցիչ իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ բանտում գտնվող մարդկանց հետ է դժվար»:
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Լեո Նիկոլյանի առողջական վիճակով պայմանավորված՝ համապատասխան մարմիններում հանձնաժողովի նիստը է գումարվելու, որը պետք է քննի՝ նրա խափան միջոց կալանքի փոփոխության հարցը:
«Կարծում եմ՝ տնային կալանքի կենթարկվեմ եւ էլեկտրոնային ապարանջան կհագցնեն ոտքիս: Սա նշանակում է, որ Ֆրանսիայի ազգային տարածքից 14 ամիս դուրս գալու իրավունք չեմ ունենա: Իրականում մոլորված եւ կորած վիճակում եմ, բայց փորձում եմ՝ քեֆս տեղը պահել», - նշել է Նիկոլյանը:
Հատկանշական է այն, որ Լեո Նիկոլյանի առաջին հերթին ֆրանսիացի ընկերներն են հորդորում չմոռանալ նրան եւ ինչով հնարավոր է օգնել, քանի որ նա բոլորիս կարիքն ունի: Ավելին՝ մեզ հայերիս հորդորում են. «Մեզ հետ միասին աղոթեք Նիկոլյանի համար, որ գոնե Ամանորի եւ Սուրբծննդյան տոներին իր մայրիկի հետ անցկացնի. նա վատառողջ է»:
Հիշեցնենք, որ արդեն գրեթե չորս ամիս է, ինչ ֆրանսիական բանտում է գտնվում հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ: Նա դատապարտվել է 1 տարի, 8 ամիս ազատազրկման, որից 6 ամիսը դատական որոշման համաձայն, պետք է անցկացնի փակ ռեժիմով: Նա մեղադրվում է հակասեմիտիզմի մեջ՝ երկու դրվագով:
Դեռեւս սույն թվականի փետրվարի 6-ին Փարիզում հանրային տրանսպորտում նա միջադեպ է ունեցել մի հրեա տարեց տղամարդու հետ: Մասնավորապես՝ Լ. Նիկոլյանը հրեային հարցրել է, թե ինչ է մտածում Նեթանյահուի կողմից պաղեստինցի երեխաների ցեղասպանության մասին եւ այդ ամենը տեսանկարահանել է: Տեսնելով, որ հրեան անտարբեր է ու չի արձագանքում՝ Լ. Նիկոլյանը նրան անվանել է «պաղեստինյան ցեղասպանության ջատագով»: Այսպիսով՝ առանց տարեց հրեայի համաձայնության, վերջինիս տեսալուսանկարահանելու եւ հրապարակելու մեջ է մեղադրվում Լեո Նիկոլյանը:
Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ Լ. Նիկոլյանն ընդունել է, որ սխալ է արել՝ հրեա տղամարդուն տեսանկարահանելով եւ հանրայնացնելով՝ առանց վերջինիս թույլտվության։ Մինչդեռ իրավապահ համակարգն ամեն կերպ գործը փորձել է ներկայացնել հակասեմիտիզմի համատեքստում: Իսկ երկրորդ մեղադրանքը վերաբերում է նրան, որ իբրեւ Լեո Նիկոլյանը հանրային տրանսպորտում ստիպել է 13 տարեկան տղա երեխա հրեային հանելու գլխի կիպան (հրեական ավանդական գլխարկը): Միջադեպի մասին վկայություն են տվել երեխան ու ավտոբուսի վարորդը: Իսկ տեսանյութ այս մասին որեւէ տեղ չկա հրապարակված, ավտոբուսի տեսախցիկների ձայնագրություններն էլ 72 ժամ հետո ջնջվում են։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ