«Իրավունք» թերթը 35 տարի շարունակ բավարարում է ընթերցողների հազարավոր «ինչու»-ների պատասխանը․Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի շնորհավորանքը
Իրավունք 35Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ շնորհավորանքը «Իրավունք» թերթի 35-ամյակի կապակցությամբ․
Միշտ զարմացել եմ՝ «Իրավունք» թերթի խմբագրության աշխատաոճի հաջողության գրավականի վրա, ու ինքս էլ գտել եմ պատասխանը՝ ուրույն ձեռագիրն ու անմնացորդ նվիրումը, սրտացավությունն ու պատասխանատվությունը սիրած գործի նկատմամբ, գլխավորը երկրորդականից տարբերելու շնորհը, նույնիսկ աննշան թվացող դիպվածները կատարյալ, յուրահատուկ ներկայացնելու տաղանդը, խորագիտությունը, ակնածանքը, սերն ու նվիրումը սիրած լրատվամիջոցի նկատմամբ:
Ու այս ամենի արդյունքում՝ Հայաստան աշխարհի գողտրիկ ու չքնաղ աշխարհի փառավոր ու կարեւորագույն էջերը վավերագրող, այն սերունդներին անվերապահորեն պահ տվող մնայուն մի արժեք՝ «Իրավունք» վերտառությամբ, որն, անշուշտ, մի անսպառ աղբյուր է, որի վճիտ ակունքից ընթերցողների մի ողջ բանակ է անհագ խմում, խմում է ու… չի հագենում:
Օրեցօր հզորացող տեխնիկայի դարում որքան մտավոր ներուժ, եռանդ, ջանք պետք է ներդնել, որպեսզի կարողանաս «ստիպել», համոզել ընթերցողին, որ հատկապես ա՛յս թերթը պետք է ընթերցել, որ ա՛յս լրատվամիջոցն է ամենահոգեհարազատը, որ հենց «Իրավունք» թերթն է 35 տարի շարունակ բավարարում հազարավոր «ինչու»-ների պատասխանը։