Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսապես օգուտ բերել միայն մի դեպքում, եթե ապահովված լինի երկրի անվտանգությունը․ Վարդան Բոստանջյանը փակագծեր է բացում
ՀանդիպումԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է՝ հայ-թուրքական սահմանի բացումը բխում է թուրք և հայ ժողովրդի շահերից։ Վերջինս համոզված է, որ Թուրքիայի հետ բաց սահմանների դեպքում Հայաստանը կունենա երկարատև խաղաղություն։
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, սակայն վստահեցնում է Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսապես օգուտ բերել Հայաստանին, եթե ապահովված լինի երկրի անվտանգությունը, հակառակ պարագայում դրական ակնկալիքների մասին անգամ մտածելը անմտություն է․
-Այ՛ո, Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում կլինեն տնտեսական մեծ հնարավորություններ՝ գործունեության և արդյունքի հասնելու կտրվածքով։ Տեսեք, կան ռեսուրսներ, որոնք կարելի է բաց սահմանների դեպքում օգտագործել, նույնիսկ, եթե չկա ռեսուրս, ապա բաց սահմանների դեպքում պետք է դրանք հայթայթել։ Մեր տնտեսական կաշկանդվածությունը միշտ պայմանավորված է եղել շրջանառվելու հնարավորությունը կորցնելով։ Խորհրդային Միության ժամանակ հայ ժողովուրդը կարողանում էր մաքսիմալ օգտվել տարբեր երկրների ռեսուրսներից, քանի որ միասնական կառավարում էր, սակայն հիմա այդ երկրների հետ հարաբերությունները փոխվել են, և ՀՀ տնտեսությունն ունի որոշակի կաշկանդվածություն։ Մեր սպառումը վատը չէ, իհարկե, մենք աղքատություն ունենք, խոցելի տեղեր, սակայն Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է բոլոր տեսակի խոցելիությունները դուրս բերել օրակարգից։ Կրկնում եմ՝ անվտանգության առումով ունենք ռիսկ, որի պարագայում որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանը կգտնվի «երկաթյա» անվտանգության տիրույթում։ Բացի այդ, արտահանման առումով մենք չենք կարող թուրքական շուկայում մրցակցությանը դիմանալ՝ ռեսուրսով, տիրույթով ու բնակչության քանակով ևս։ Բայց, եթե հայկական կողմում լինեն լավ դիվանագետներ, կարող են նրանց հետ տնտեսական համագործակցության գնալ։ Այդ համագործակցության պարագայում կլինենք դոմինանտ։ Ցանկացած հարաբերական խաղաղության դեպքում հայ մարդը կարող է իրեն կրկին դրսևորել։
Անդրադառնալով ՀՀ ներկա տնտեսության զարգացման տեսլականին․
-ՀՀ համար տնտեսական զարգացման կտրվածքով եզակի ճանապարհ են մնում ԵԱՏՄ-ի նման միությունները, որովհետև տնտեսության վատ կառուցվածքի պայմաններում, չեմ կարծում, թե Հայաստանը տեսանելի հեռանկարում կարող է ստեղծել այնպիսի արտադրանք ու ծառայություններ, որոնցից կցանկանա օգտվել աշխարհը։ Իշխանության մոտ երկու խնդիր կա՝ սիրելի լինել Արևմուտքին, և մյուս կողմը, ինչն ավելի կարևոր է պետության համար, տնտեսությունը հնարավորինս զարգացնել։ Իսկ հետխորհրդային բոլոր երկրները, այդ թվում՝ ՀՀ-ն, գոնե առայժմ չեն կարող ստեղծել մի բան, որը կունենա պահանջարկ այդ շրջանակից դուրս։
Թե որքանո՞վ է Հայաստանն այսօր կարողանում կապիտալիզացնել ԵԱՏՄ տնտեսական օգուտները և հատկապես վերջին երկու տարիների դրական ազդեցությունները՝ հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը ցավով արձանագրեց․
-Իշխանությունները կապիտալիզացիայից ոչինչ չեն հասկանում։ Եթե հասկանային էլ, նրանք զինվորագրվել են լրիվ այլ նպատակի՝ ՀՀ-ից ու տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Իսկ այդ դեպքում, ԵԱՏՄ-ից ու այդ միության հիմնական խաղացող ՌԴ-ից տնտեսապես կախված Հայաստանին սպասվում է տարածաշրջանի մյուս լիդերի հետ համակեցության նոր կանոններին ադապտացվելը, ինչն էլ իրենից ենթադրում է «վիլայեթացում»։ Իսկ այս իշխանությունները Ռուսաստանին դուրս մղելով՝ ցանկանում են Թուրքիայի գործոնն ուժեղացնել, որով պայմանավորված՝ այդ առաջադրանքն իրենց վրա վերցրել են կառավարողները, իսկ դա հնարավոր է միայն բացառապես պարտքը մեծացնելու ճանապարհով: Եվ այս ամբողջ միտումի պարագայում մտածել, որ մենք պարտքային բեռը կփոքրացնենք, անիրատեսական է։