Տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը. ցերեկվանից ցիկլոնը կկորցնի իր ուժը
ԵղանակԻնչպես և կանխատեսվել էր հոկտեմբերի 17-ի ցերեկը և և 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ:
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30 մմ, Շիրակում՝ 23-34մմ, Գեղարքունիքում՝ 22-33 մմ, Կոտայքում՝ 36-42 մմ, Արագածոտնում՝ 28-42 մմ, Արարատում և Արմավիրում՝ 18-36 մմ, Վայոց ձորում՝ 13-20 մմ, Սյունիքում՝ 5-12՝մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88 մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28 մմ, որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։ Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։
Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։
Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։
Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ը աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։
Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ը hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի, նույնիսկ ավելի անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։
Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3 խմ/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9 խմ/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27 խմ/վ-ից դարձել է 21.0 խմ/վ, Աղստև-Իջևան դիտակետում՝ 6.82 խմ/վ-ից բարձրացել է մինչև 25.3 խմ/վ։
Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով, սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։
Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով՝ հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։