Եվրասիայում ուժերի հարաբերակցությունը ձեռնտու է նաև հավաքական Արևմուտքին
ՎերլուծությունՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է
Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա և Ադրբեջանից մինչև Ղազախստան, երկրները նույն կերպ են գործում։ Նրանք դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին քաղաքականությունը, որն այս դեպքում կարելի է անվանել բազմավեկտոր։
Այս միտումի բացատրությունները տարբեր են, բայց հիմնականում կախված են միջազգային իրադարձություններից: Կարծում եմ պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ ԱՄՆ-ը այլևս չի համարվում միակ գլոբալ և ամենապատասխանատու ուժը, քանի որ 2000-ականների սկզբից նա ոչ էֆեկտիվ քաղաքականություն է վարել Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, ինչը վատ ազդեցություն ունեցավ նրա հեղինակության վրա Մերձավոր Արևելքում ու նրա սահմաններից դուրս:
Ամերիկյան քաղաքական հեգեմոնիայի ավարտի հետ է կապված այլ տերությունների՝ հիմնականում Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի վերելքը, որոնք ավելի ու ավելի են ներկայանում որպես աշխարհաքաղաքական ազդեցության այլընտրանքային կենտրոններ: Իմ կարծիքով, Եվրասիայում ուժերի հարաբերակցությունը ձեռնտու է նաև հավաքական Արևմուտքին: Նման իրավիճակում, պայմանական ասած “փոքր և միջին” երկրները հնարավորություն ունեն վարելու համեմատաբար անկախ արտաքին քաղաքականություն՝ իրենց քաղաքականությունը, գործընկերներին ու դաշնակիցներին դիվերսիֆիկացնելու նպատակով։
Ըստ էության, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը մեկ մեծ տերությունից աշխարհաքաղաքական կախվածությունից խուսափելն է, որպեսզի հնարավոր լինի մանևրել մի քանի լուրջ խաղացողների միջև՝ ի շահ նրանց: Սա պահանջում է դիվանագիտական հմտություններ, ինչպես նաև տնտեսական և քաղաքական կշիռ:
Նայենք Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով, որն ամբողջությամբ չի լքել ԱՄՆ-ին՝ տասնամյակներ շարունակ նրանից կախված լինելով անվտանգության հարցում: Որոշ ոլորտներում Աբու Դաբին հենվում է Պեկինի վրա, որոշ հատվածներում նախապատվությունը տալիս է Վաշինգտոնին, բայց միաժամանակ ավելի սերտ տնտեսական հարաբերություններ է կառուցում Մոսկվայի հետ։
Վերջին տարիներին նման քաղաքականություն է վարում նաև Սաուդյան Արաբիան։ Այն ձգտում է ավելի սերտ տնտեսական և նույնիսկ ռազմական կապեր հաստատել Չինաստանի հետ, վերականգնել հարաբերությունները Իրանի հետ, բայց միևնույն ժամանակ փորձում է անվտանգության համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց: Էյր-Ռիադը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ իր ավանդական սերտ հարաբերություններից կամ ԱՄՆ-ին չի փոխում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ: Փոխարենը, Սաուդյան թագավորությունը, որի անվտանգությունը դեռ հիմնականում երաշխավորված է Վաշինգտոնի կողմից, նախընտրում է բազմավեկտոր քաղաքականություն, և դա առայժմ օգնում է բարձրացնել իր հեղինակությունն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում։
Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բնորոշ է ոչ միայն այն երկրներին, որոնք ավանդաբար ապավինում են ԱՄՆ-ին։ Կենտրոնական Ասիայում՝ Ղազախստանն ավելի քան 30 տարի մանևրում է Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Այս պարագայում ԱՄՆ-ը դրական դեր է խաղում որպես լրացուցիչ հավասարակշռող խաղացող, և դա ձեռնտու է Աստանային։ Փորձում է խուսափել Ռուսաստանից ավելորդ կախվածությունից և օգտվում է այն հանգամանքից, որ Մոսկվան առայժմ զբաղված է Ուկրաինայում։
Սակայն բազմավեկտոր քաղաքականություն վարում են ոչ միայն Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խոշոր և ռեսուրսներով հարուստ երկրները: Այս խաղին միացել են նաև շատ ավելի փոքր պետություններ, ինչը երևում է Ադրբեջանի և Վրաստանի օրինակներից։
Բաքվի նավթն ու գազը Ադրբեջանին դարձնում է կարևոր երկիր, և նա դա օգտագործում է իր օգտին՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Արևմուտքի հետ հարաբերություններում։ Ադրբեջանը վերջերս ընդլայնում է կապերը Չինաստանի հետ, դիմում է ներկայացրել BRICS-ին միանալու համար և բարելավել է իր կարգավիճակը Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Նա ցանկանում է նայել թե՛ դեպի արևմուտք, թե՛ արևելք՝ միաժամանակ պահպանելով ջերմ հարաբերություններ Ռուսաստանի հետ և նորմալ հարաբերություններ Իրանի հետ։
Մեկ այլ օրինակ է Վրաստանը։ Ավանդաբար այն համարվում էր արևմտամետ և հակառուսական երկիր: Բայց Թբիլիսին այսօր նույնպես բազմավեկտոր քաղաքականություն է վարում՝ միևնույն ժամանակ ընդլայնելով կապերը Չինաստանի և Թուրքիայի հետ, զուգահեռաբար փորձելով կարգավորել հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ։ Նույն ճանապարհով է գնում Թուրքիան, ինչպես նաև Ուզբեկստանը՝ չնայած Ռուսաստանից իր կախվածությանը։
Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ենթադրում է գործարար և պրագմատիկ հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ, և դա հենց այն է, ինչ այսօր ցանկանում են Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները։
Չինաստանի և ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մանևրելը շատ ավելի վտանգավոր է, քան բազմաթիվ պետությունների միջև մանևրելը, երբ առաջատար տերություններից ոչ մեկը չունի բավարար կշիռ և ազդեցություն իր հիմնական դիվանագիտական նպատակներին հասնելու համար: Ինչպես ցույց է տվել Մերձավոր Արևելքի նորագույն պատմությունը, երբ մի երկիր փորձում է գերիշխանություն հաստատել ողջ տարածաշրջանի վրա, շատ հաճախ սխալ արտաքին քաղաքական որոշումներ է կայացնում և բախվում տարածաշրջանային երկրների դիմադրությանը։
Իհարկե, դերակատարների բազմազանությունը չի երաշխավորում տարածաշրջանի կայունացման ամբողջական հաջողությունը և կարող է առաջացնել նոր մրցակցություններ՝ սրելով առկա հակամարտությունները: Սակայն ժամանակակից բազմավեկտորությունն ու բազմաբևեռությունը ապահովում են ավելի մեծ առավելություններ և օգուտներ: Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի աճող ազդեցությունը Արևմուտքի լծակների հետ մեկտեղ՝ կարող են հանգեցնել տարածաշրջանում ուժերի նոր, ավելի կայուն հավասարակշռության ի հայտ գալուն։
Մինչև 2018թ. Հայաստանը վարում էր բազմավեկտոր և իր շահերի տեսանկյունից հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Նիկոլին իշխանության բերելու գլխավոր պատճառներից մեկն էլ այդ քաղաքականության աղավաղումն ու Հայաստանին տուժողի և ձախողված պետության վերածելն էր:
Նիկոլը ևս կարող էր շարունակել Սերժ Սարգսյանի արդյունավետ արտաքին քաղաքականությունը և Հայաստանն այսօր չէր ունենա այն ահագնացող սպառնալիքներն ու մարտահրավերներն, ինչի առաջ կանգնած ենք բոլորս: Հիմա դեռ հնարավոր է օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից և առաջիկա տարիների համար իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ հենված բացառապես պրագմատիկ շահերի և պետության առաջնահրեթությունների վրա: Բայց դա չի կարող իրականացնել Նիկոլի կառավարությունը՝ ակնհայտ օբյեկտիվ պատճառներով:
Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանն ու կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել նաև պետության անվտանգ զարգացման հեռանկարները: