«Հրապարակ». Հաղորդում հանցագործության մասին. ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում կուսակցության վերահսկող հանձնաժողովն Աղազարյանին հնարավոր է կանչի բացատրության` Քյարամյանի սկանդալային «բացահայտման» հետ կապված։
ՔԿ նախագահը, ըստ էության, ջրի երես հանեց իշխանության կեղտոտ սպիտակեղենը՝ հովանավորչության, գործեր սարքելու, գործեր ջրելու մասով։ Քյարամյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր` քրեական վարույթին միջամտելու մասին։ Չնայած Հովիկ Աղազարյանը հենց նիստերի դահլիճում Քյարամյանից պահանջում էր անուններ տալ, թե ովքեր են դիմել, սակայն ՔԿ ղեկավարն անուն չտվեց։
Ի դեպ, ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են, եթե Փաշինյանը չազատի էլ, նրա «բեսպրեդել» պահվածքի ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու։ Խմբակցությունում չեն շտապում` սպասում են Փաշինյանի քայլին, հակառակ դեպքում մի ստորագրահավաք էլ Քյարամյանի հարցով կսկսեն։ Երեկ արդեն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նրա պահվածքը քննարկելու են: Ուշագրավ է, որ միջադեպին ներկա էր անձամբ գլխավոր դատախազը, որը պարտավոր է ընթացք տալ առերեւույթ հանցանք պարունակող հայտարարություններին»: