«Փաստ». Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Վրաստանի Նինոծմինդայի շրջանային ոստիկանության նախկին պետ, հասարակական գործիչ Արսեն Կարապետյանը պաշտոնապես հայտարարել է քաղաքականություն իր վերադարձի մասին՝ դա անհրաժեշտ քայլ համարելով երկիրը քաղաքական և տնտեսական ճգնաժամից հանելու համար։ Նախընտրական իր հարցազրույցում նա ընդգծում է, որ իր պարտքն է համարում պաշտպանել քաղաքացիների շահերը և Վրաստանը տանել կայուն զարգացման ճանապարհով։ «Ես հեռացա ոստիկանությունից, քանի որ իմ սկզբունքներն ու համոզմունքներն այլևս չէին համապատասխանում այն պայմաններին, որոնցում հայտնվել էի:
Կարապետյանը հույս ունի շահել ընտրազանգվածի զգալի մասի վստահությունը՝ ընդգծելով, որ իր ծրագիրն ուղղված է իրական փոփոխությանն ու մարդկանց կյանքի բարելավմանը։ «Իրավապահ մարմիններում իմ աշխատանքի փորձը ցույց տվեց, որ փոփոխություններն անհրաժեշտ են, և այդ պատճառով ես վերադառնում եմ քաղաքականություն։ Ես գիտեմ՝ ինչպես վերականգնել կարգուկանոնը և ինչպես ստեղծել այնպիսի համակարգ, որը կծառայի քաղաքացիներին և ոչ թե հատուկ մարդկանց շահերին», - ասում է նա։ Ընդդիմադիր Արսեն Կարապետյանն իր հիմնական խնդիրն է համարում արդարության վերականգնումն ու արդյունավետ կառավարումն ապահովելը. «Վրաստանի քաղաքացիներն արժանի են ավելի լավ ապագայի. նրանք արժանի են արդարության, անվտանգության և զարգացման հնարավորությունների»: