Քասախում մահացած 24–ամյա կինը նոր էր ամուսնացել, տանը հայտնաբերվել են փսխումների հետքեր․ այսօր տեղի ունեցած ողբերգության հետքերով
ՊատահարԱյսօր Կոտայքի մարզի Քասախ համայնքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել, տանը մահացած վիճակում հայտնաբերվել էր 24–ամյա կին, երկու տղամարդ էլ անգիտակից վիճակում էին։
Ինչպես հայտնում է news.am–ը, մահացած 24-ամյա կինն ու անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդիկ վարձով էին ապրում։
Տան սեփականատերը պատմել է, որ մեկ ամիս առաջ էր վարձակալության հանձնել բնակարանը ընտանիքին:
«Մի քանի օր է` բողոքում էին, որ իրենց վատ են զգում, սննդից թունավորվել էին երևի: Հիվանդանոց չէին դիմել, դեղատնից դեղ էին գնել ու խմել։ Նոր էին ամուսնացել, աղջիկը 24 տարեկան էր, տղան մոտ՝ 30: Աղջկա եղբայրն էլ էր նրանց հետ ապրում»,-պատմել է տան տերը:
Տան սեփականատերը պատմել է նաև, որ առավոտյան կնոջ մայրը, որը նույն գյուղում է բնակվում, եկել է դստեր տուն, դուռը թակել, սակայն որևէ մեկը չի բացել։
Մեզ խնդրեց, փեսաս լուսամուտով մտավ տուն ու տեսավ, որ երեքն էլ անգիտակից են: Շտապ օգնություն զանգեցինք, աղջիկն արդեն մահացած էր, տղաների կյանքը հաջողվեց փրկել, նրանք տեղափոխվեցին հիվանդանոց», – պատմել է նա։
Տան սեփականատերերը բացառել են գազի արտահոսքի վարկածը, նշելով, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն էլ ստուգել են, և ֆիքսել, որ գազի հոտ չի զգացվում:
«Մի քանի օր առաջ տղաներից մեկի ծնունդն էր, ծննդյան տորթն ու աղցանները դեռևս սառնարանում էին գտնվում: Ենթադրում եմ, որ հենց սննդային թունավորում է եղել: Երբ տուն մտանք, նկատեցինք նաև փսխումների հետքերը», – պատմել է տան սեփականատերերը: