Նման է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո մեգաիրադարձություններ են լինելու
ՎերլուծությունՈւ մինչ նիկոլյան չինովնիկությունն արդեն չգիտես էլ ինչ խաղերի մեջ է մտել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=295327&l=am), նախօրեին եւս մեկ ուշագրավ փաստ արձանագրվեց Մոսկվայում: Պուտինը Պետդումա ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ-ի միջեւ «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի վավերացման նախագիծը:
Առաջին հայացքից Հայաստանի հետ որեւէ կապ չունեցող այս դետալը, պարզվում է, որ լուրջ հետաքրքրություն է առաջացրել մասնավորապես Իրանում: Այսպես, իրանական տեղեկացված աղբյուրը մատնանշում է պայմանագրի բազում կարեւոր կետերից միայն մեկը՝ նշելով, թե այն սահմանում է. «Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ-ի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասնակից երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում, մյուս կողմը նրան կտրամադրի լիարժեք ռազմական օգնություն...»: Այսինքն, սա, ի թիվս մի շարք այլ ուղղվածությունների, նաեւ իր էությամբ ռազմական դաշինքի մասին պայմանագիր է ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ, վերջինիս՝ աշխարհում հզորագույններից մեկը համարվող բանակով հանդերձ: Իրանական աղբյուրն անմիջապես էլ հիշեցնում է այս օրերին տեղի ունեցած ՌԴ պաշտպանության նախարարի այցը Պեկին եւ դրա շրջանակներում հնչեցված մի շարք ոչ պակաս «ռազմականացված» հայտարարությունները: Վերջապես, աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ ԲՐԻԿՍ-ի սպասվող գագաթաժողովի շրջանակներում ՌԴ-ն եւ Իրանը նույնպես կստորագրեն «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիր՝ ակնարկելով, որ այդտեղ եւս նման դրույթ կա:
Այս փաստերի հիման վրա իրանական աղբյուրը միանգամայն տեղին մատնանշում է, որ ընթանում է ՌԴ-Չինաստան-ԿԺԴՀ-Իրան աշխարհագրական մեծ քառանկյան ներքին ռազմական հարաբերությունների գերամրապնդման գործընթաց, որը, իհարկե, պետք է զուգորդել այս օրերին ընթացող մի շարք այլ իրադարձությունների հետ:
Նախ, վերջին մի քանի օրերին ինչպես արեւմտյան, այնպես էլ ուկրաինական աղբյուրները կտրուկ թեժացրել են թեման, թե հյուսիսկորեական մի շարք կամավորական (նախկին զինվորականներից կազմված) ստորաբաժանումներ (հնչում են 10-50 հազար թվերը) այս պահին Ռուսաստանում են եւ կներգրավվեն ամենամոտ ժամանակներս սպասվող ռուսական շատ մասշտաբային հարձակողական օպերացիաների մեջ: Զելենսկին արդեն մի մեծ աղմուկ է սարքել, թե հասեք, փրկեք, հյուսիսկորեական բանակն էլ է մտնում փաստացի պատերազմի մեջ: Եվ ահա այս պատմությանը զուգահեռ, կտրուկ սրվեց նաեւ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների հարաբերությունները, Կիմ Չեն Ինը բարձր մարտական պատրաստության վիճակի է բերել բանակը, երկու երկրներին կապող ճանապարհները ցուցադրաբար պայթեցրին: Կարճ ասած, եթե վաղը-մյուս օրն այստեղ էլ պատերազմ սկսվի, զարմանալ պետք չէ:
Այսքանից զատ, ավելի ճիշտ՝ այս ամենին զուգահեռ Չինաստանը հերթական ռազմաուսումնական մանեւրը սկսեց Թայվանի շուրջ, որը եւս ցանկացած պահի կարող է վերածվել իրական ռազմական գործողությունների: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ այն իրավիճակը, որն այս պահին տիրում է Մերձավոր Արեւելքում, որն ամեն պահի կարող է վերածվել Իրան-Իսրայել պատերազմի:
Այս ընդհանրական պատկերին նայենք հակադիր բեւեռից՝ ԱՄՆ-ից: Ուկրաինայի ուղղությամբ ԱՄՆ-ն այս պահին արել է այն ամենը, ինչ կարող էր: Չնայած դրան, ռուսները ակտիվորեն հարձակվում են, եւ կարող է այդ դինամիկան բազմապատկվել: Իսկ ուկրաինական բանակին ավելին տալու դեպքում ԱՄՆ-ն կարող է արդեն ուղիղ բախման մեջ մտնել ՌԴ-ի հետ՝ հասկանալի հետեւանքներով հանդերձ:
Սրան էլ գումարվեց Մերձավոր Արեւելքը, եւ այս կրկնակի բեռն ԱՄՆ-ի համար արդեն իսկ հնարավորությունների սահմանագիծն է: Ընդ որում, էլի նույն պատկերն է. Իսրայելին տվել եւ տալիս են այն, ինչ կարող են, մինչդեռ իսրայելյան բանակը Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ հազիվ կարողացել է 2-3 կմ առաջանալ: Իսկ դրանից հետո դեռ կա Իրանը: Ավելին անելու դեպքում ԱՄՆ-ն էլի ստիպված է առաջին դեմքով պատերազմի մեջ ներքաշվել:
Եվ ահա, կարող է պայթել կորեական ուղղությունը, վերջապես՝ Թայվանը: Իսկ դա արդեն ԱՄՆ-ին պարտադրելու է գործել միանգամից չորս ճակատով: Ընդ որում, առանց հիմնական դաշնակցի՝ Եվրոպայի վրա առանձնապես հույս դնելու. Եվրոպայի համար ակնհայտորեն անգամ ուկրաինական ուղղությունն է չափազանց ծանր: Ու պատկերը կամբողջանա, եթե հիշենք, որ ԱՄՆ-ն այս պահին առանց այդ բոլոր արտաքին գործոնների էլ հայտնվել է ծանրագույն վիճակում՝ կապված նախագահական ընտրությունների հետ: Այստեղ բանը հասել է նրան, որ Թրամփը կոչ է անում՝ պատրաստ պահել ազգային գվարդիան կամ բանակը՝ դիմակայելու համար «անկարգություններին, որոնք կարող են սկսվել ընտրությունների օրը»: Այն է՝ ներքին բախումների հավանականությունը դարձել է չափազանց մեծ:
Այսպիսով, բոլորն են հասկանում՝ նման իրավիճակով չորս ճակատ պահելու ԱՄՆ-ի հնարավորությունները զրոյական են: Հասկանում են, օրինակ, ինչպես Չինաստանը, այնպես էլ՝ Թայվանը, որ կա գլոբալ բարենպաստ իրավիճակ՝ կղզու խնդիրը լուծելու համար: Հասկանում են երկու Կորեաները: Հասկանում է Իսրայելը, որ կարող է մտնել մեծ պատերազմ, սակայն Վաշինգտոնն ուզենալով, պարզապես չի կարողանա օգնել: Զելենսկին չի՞ հասկանում, թե այն վիճակում է, որ իրեն պարտված ճանաչելով, գլուխն է կորցնելու եւ ստիպված է շարունակել. Չնայած` դա շատ բան արդեն չի փոխում:
Այսինքն, կարելի է մտածել, որ ծրագրված է կոորդինացված համընդհանուր հարված բոլոր ուղղություններով, որին դիմակայելու ԱՄՆ-ի շանսերը, կրկնում ենք, փոքր է: Եվ չբացառենք, որ ԲՐԻԿՍ-ի առթիվ հանդիպումը կդառնա վերջին քայլը: Հոկտեմբերի 22-24-ին տեղի ունենալիք այդ գագաթաժողովից հետո, մինչեւ ամերիկյան ընտրություններ՝ նոյեմբերի 5-ը, 10 օրից ավել կա, եւ այն, որ այդ 10 օրերին համաշխարհային մասշտաբի ինչ-որ գործընթացներ են լինելու, շատ նման է: