Ալենը թուրք խոսնակի հետ «Զանգեզուրի միջանցքի՞ց» էր խոսում
ՎերլուծությունՆախօրեին, մեղմ ասած, բավականին տհաճ վիճակում հայտնվեց Ալեն Սիմոնյանը: Ժնեւում ծրագրված էր նրա հանդիպումը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի եւ ադրբեջանական Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ: Թեեւ Քուրթուլմուշի հետ հանդիպումը կայացավ, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը հրաժարվեց Ալենի հետ խոսել:
ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԺՆԵՎՈՒՄ
Ասել, թե թուրքական եւ ադրբեջանական խոսնակների հետ հանդիպումից ինչ-որ տեկտոնիկ գործընթացներ էին սպասվում, իհարկե, միամտություն կլիներ: Բայց, ամեն դեպքում, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ էր նման հանդիպումներ ծրագրվել, եւ ինչո՞ւ դրանցից մեկը վերջին պահին ձախողվեց: Նախ նկատենք, որ սա պետք է լիներ Ալենի եւ Գաֆարովայի հերթական հանդիպումը, եթե չենք սխալվում՝ երրորդը: Հանդիպումների այս շարքը սկսվեց արեւմտյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական «կարգավորման» գործընթացի շրջանակներում, իսկ ժնեւյան այս չկայացած հանդիպումը լայնորեն գովազդվեց նաեւ Նյու Յորքում անցած ամիս Բլինքենի միջնորդությամբ կայացած` Բայրամով-Միրզոյան հանդիպման համատեքստում:
Խորհրդարանական խոսնակների փաստացի ոչինչ չխոստացող հանդիպումների այս շարքը հատկապես ամերիկացիների համար կարեւոր էր երկու իմաստով: Նախ, ցույց տալու համար, որ, թեեւ «խաղաղության պայմանագրի» հետ կապված ռեալ արդյունքների բացակայության, այնուամենայնիվ, բանակցային գործընթացը լայն ճակատով ընթանում է: Ապա նաեւ, որ այդ հանդիպումները Ալենին ներկայացնում էին լուրջ գործիչի կերպարով, ով ի զորու է միջազգային մակարդակի լուրջ բանակցություններ վարել: Ու հիշելով, թե ինչպես է պետք եղած պահին Հայաստանում ամերիկյան դեսպանը «վազում» ԱԺ՝ նեղն ընկած Ալենի համար «դոշ տալու» նպատակով, կարելի է կռահել, թե հատկապես ում եւ ինչու է պետք Ալենին լուրջ, միջազգային կապերի ունակ գործչի կերպար տալ, թե Նիկոլից ի՞նչ պակաս տղա է, մի՞թե չի կարող պետք եղած պահին փոխարինել նրան:
Գալիս ենք հաջորդ հարցին. իսկ ամերիկացիներն այս պահին ի՞նչ պատկերացումներ ունեն Նիկոլի ապագայի հետ կապված: Հաշվի առնելով այն բոլոր «տարօրինակությունները», որ նա վերջին ժամանակներս հրապարակավ ի ցույց է դնում: Նախ, գնում է Վրաստան եւ ցուցադրական ջերմ հանդիպում անցկացնում ամերիկացիների աչքի գրողը դարձած վարչապետ Կոբախիձեի հետ: Դրանից հետո, ճիշտ է, այցելեց նաեւ Նյու Յորք եւ Փարիզ, բայց անմիջապես էլ մեկնեց Մոսկվա, այն էլ՝ Պուտինի ծննդյան օրը: Էլ չասած, որ նորից սկսեց Պուտինի հետ քննարկել հայ-ադրբեջանական թեմատիկան: Դրանից հետո հանկարծ «հիշեց», որ ռուսները հայաստանյան կոմունիկացիաների գործարկման հարցում, այնուամենայնիվ, ինչ-որ դեր ունեն: Վերջապես, պատրասվում է եւս մեկ այց կատարել ՌԴ, մասնակցել ամերիկացիների համար մեկ այլ «աչքի գրող» ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, եւ այդ շրջանակներում ո՞վ իմանա, թե ինչ շփումներ կունենա Պուտինի ու Ալիեւի հետ:
Խոշոր հաշվով, ամերիկյան դեսպանը մտահոգվելու տեղ ունի: Եթե ոտքով-գլխով Վաշինգտոնի գրպանում գտնվող Վրաստանն է մի քանի ամսում կտրուկ շրջադարձերի գնում, ինչո՞ւ Նիկոլն էլ դա չի կարող անել: Առավել եւս, որ ռուսները Վրաստանում գործելու շատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունեին, քան Հայաստանում: Վերջին հաշվով, Հայաստանը մնում է ռուսական ինտեգրացիոն կառույցների կազմում, այստեղ ռուսական բազա կա, տնտեսությունը մեծապես կապված է ռուսների հետ եւ այլն. գործիքներ, որոնք Վրաստանում վաղուց են վերացվել: Այսինքն, եթե ստեղծվել է մի իրավիճակ, երբ վրացական կառավարությունը սկսել է համարել, որ իրեն արեւմտյան ուղղվածությունն այլեւս պետք չէ, քանի որ աշխարհում լուրջ իրավիճակային փոփոխություններ կան, ապա Թբիլիսիին այդ մտքին տանող բոլոր գործոնները, շատ ավելի ուժեղացված տարբերակով, ազդում են նաեւ Նիկոլի տրամադրությունների վրա: Թեկուզեւ միայն այն գործոնը, որ ծովային երկիր Վրաստանը Արեւմուտքի հետ ֆիզիկական կապի սահմանափակումներ չունի, իսկ Հայաստանը, եթե փոխվի Թբիլիսիի ուղղվածությունը, կվերածվի տարածաշրջանային «սպիտակ ագռավի», արդեն իսկ բավարար գործոն է, որ Նիկոլի բոլոր պատկերացումները գլխիվայր շրջի: Ու այսպես շարունակ:
Այսինքն, ամերիկացիները պետք է որ ունենան մտահոգությունների մի ամբողջ փունջ, որ Նիկոլը, եթե անգամ չուզենա, մեկ է՝ այսօր-վաղը կարող է իրենց «վրայից թռնել»: Դա թույլ չտալու միակ «զսպաշապիկը» եղել եւ մնում է «գլխին կախել» հեղաշրջման վտանգ, ըստ այդմ էլ՝ պարբերաբար բավականին սուր կերպով օրակարգ է մտնում «Նիկոլից ինչ պակաս տղա է Ալենը» թեման: Իսկ ահա արդարադատության նախարարի հետ կապված պատմությունը եկավ «տակից» հուշելու, որ այս պահին էլ այդ թեման օրակարգում է…
ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ԱՐԳԵԼԱԿԸ ՍԵՂՄԵՑ
Ահա այս իրողությունների ֆոնին իրոք կարեւոր հարց է դառնում, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ալենի հետ հանդիպման ներկայացած Գաֆարովան վերջին պահին հրաժարվեց հանդիպումից, ցույց տալով, որ Ալենն ամենեւին էլ այն դեմքը չէ, ինչպիսին փորձում են ի ցույց դնել: Ու չմոռանանք, որ հազիվ թե առանց Ալիեւի իմացության, ավելին՝ հրահանգի նրա սեփական Մեջլիսի խոսնակն իրեն նման բան թույլ տար: Բայց ի՞նչ եղավ Ալիեւին, որ այդպես մի րոպեում մտափոխվեց: Մի՞թե նա օրերս Նիկոլի հետ միասին Պուտինի ծննդյան խնջույքին չէր մասնակցում, եւ միգուցե բաժակ-բաժակի են խփել. բա սեղանակցիդ խոսնակին նման վիճակի մե՞ջ են դնում: Չնայած, եթե խորը նայենք, Ալիեւը միգուցե մի բան էլ Նիկոլին լավությո՞ւն արեց՝ Ալենին նման հեռակա ապտակ տալով…
Չնայած հարցը միայն Ալենը չէ, Նիկոլին ուղղված հարվածներ եւս ժնեւյան այս պատմությանը զուգահեռ Ալիեւից եկան: Այսպես, Նիկոլը նաեւ Մոսկվայում շարունակում էր առաջ տանել թեզը, թե հնարավոր է պայմանագիր ստորագրել արդեն պայմանավորված դրույթների հիման վրա` մնացած կետերը թողնելով ապագային: Իսկ ահա Ալիեւը եւս մեկ անգամ մերժեց դա, ասելով, որ նման մոտեցումը ոչ միայն «միանգամայն անիրատեսական» է, այլ, որ նույնիսկ նման մոտեցման նախադեպեր չգիտի: Այսինքն, գնդակը թողնում է Նիկոլի դաշտում: Այսինքն, կարող է փորձել շարունակել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ «երկու աթոռի նստելու» կուրսը, կարող է մնալ կախված ամերիկացիների հեղաշրջման սպառնալիքներից եւ այլն. իր որոշելիքն է: Բայց «խաղաղության պայմանագիր» կլինի կա´մ ամբողջական տարբերակով, կա´մ չի լինի՝ բխող հետեւանքներով հանդերձ: Ու կախված գլոբալ որոշումից, որը Նիկոլը ստիպված է կայացնել, հասկանալի կդառնա նաեւ այն հարցի պատասխանը, թե Ալենին «փչացնելը» Նիկոլը Ալիեւի կողմից լավությո՞ւն կհամարի, թե՝ հարված:
ԵՎ ՆՈՐԻՑ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ»
Չնայած, թե Ալենի այս ժնեւյան խաղերին ինչ գնահատական կտա Նիկոլը, պետք է նաեւ խնդրի այս կողմին նայել:
Կրկնենք, Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ ծրագրված հանդիպումը, այնուամենայնիվ, կայացավ: Ու այստեղ պարզ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ էր քննարկում Ալենը թուրք գործընկերոջ հետ:
Այս առումով պետք է հետեւյալ փաստն աչքաթող չանել: Քուրթուլմուշը, Ալենից զատ, հանդիպեց նաեւ Գաֆարովայի հետ՝ հայտարարելով. «Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար»: Այսինքն, թուրք-ազերիական տանդեմը հերթական անգամ ի ցույց դրեց, թե ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի հետ կապված: Ու պարզ հարց է ծագում՝ Ալենը նույն Քուրթուլմուշի հետ հանդիպում է, որ ի՞նչ, «Զանգեզուրի միջանցքի» հա՞րց է քննարկում: Այլ բանից խոսելու ցանկություն Անկարան չունի: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ նույն Ալենի թիմակից, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Նիկոլի ներկայացուցիչ Ռուբինյանն էր օրերս հայտարարում, որ Թուրքիայում բացակայում է քաղաքական որոշում՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Ու հիմա ի՞նչ է, Ալենը Քուրթուլմուշին համոզում էր, թե ինչ կլինի, քաղաքական որոշո՞ւմ կայացրեք, թե՞ հայաստանյան ուղղությամբ Թուրքիայի այս պահին հետաքրքրող միակ հարցից՝ «Զանգեզուրի միջանցքից» էին խոսում: Նաեւ հաշվի առնելով, որ որքան էլ ներհայաստանյան արեւմտամոլները փորձում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը «ռսի ջեբը» գցել, մեկ է՝ անգամ Նիկոլի վերջին ելույթից էր պարզ, որ Արեւելք-Արեւմուտք ծրագրի այդ մասնիկը ձեռնտու է բացառապես Թուրքիային եւ Արեւմուտքին՝ որպես ՌԴ-ի եւ Իրանի միջեւ բաժանարար գիծ:
Ու հիմա այս բոլոր հարցերի հասցեատերն էլի Նիկոլն է մնում. ի՞նչ եւ ո՞ւմ օգտին է նրա խոսնակը քննարկում թուրքերի հետ, եթե նույն Նիկոլի թուրքական ուղղությամբ դեսպանորդը հայտարարում է, որ Թուրքիան առհասարակ այս պահին Հայաստանի հետ խոսելու բան չունի: Այս ի՞նչ հերթական խաղն է հայ ժողովրդի թիկունքում, Նիկոլն այս խաղի մեջ ի՞նչ տեղ ունի, թե՞ նա ընդամենը հեծանիվ է քշում, եւ մնացածը կառավարում է ամերիկյան դեսպանը: Բայց եթե անգամ այդպես է, պատասխան տվողը հենց Նիկոլն է լինելու: