Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը: Այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները:
-Պարոն Խանդանյան, Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 14-ին, ընդունելով Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանին, հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունն է, որ հրաժարվել է Բրյուսելյան հարթակում ընթացող բանակցությունները շարունակելուց: Մինչդեռ Հայաստանի կառավարությունը մի փոքր այլ կերպ էր ներկայացնում:
-Բայց Ադրբեջանը փաստարկում է, որ Հայաստանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հուլիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում հանդիպման առաջարկից:
-Հայաստանը ոչ թե հրաժարվել, այլ նպատակահարմար չի համարել նոր ֆորմատով հանդիպումը եւ Ադրբեջանին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ունենալ երկկողմ հանդիպում, ինչից հրաժարվել է Ադրբեջանը, որն ավելի վաղ հրաժարվել էր հնգակողմ ֆորմատով հանդիպումներից: Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիեւին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել: