Թուրքական սահմանն այդպես էլ փակ կմնա
Վերլուծություն«Խաղաղության խաչմերուկ` միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» միջոցառման ժամանակ միայն Նիկոլը չէ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=295255&l=am), որ «անկեղծացել» ու մի գլուխ սենսացիոն հայտարարություններ էր անում: Հետ չմնաց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Նիկոլի ներկայացուցիչ Ռուբինյանը՝ հայտարարելով, որ իր այդ առաքելությունը, ըստ էության, ձախողված է:
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, խոստովանեց Ռուբինյանը: Նրա խոսքը հաստատեց Թուրքիայի ներկայացուցիչ պրոֆեսոր Ահմեդը. «2 րոպե առաջ Ռուբենը մի բան ասաց, որի հետ լիարժեք համաձայն եմ: Պետք է քաղաքական կամք լինի, որ նման ծրագրերն իրականացվեն»:
Այսպիսով, որքան էլ Նիկոլը Թուրքիայի մասով ճոխ ծրագրեր էր ներկայացնում, անգամ Էրդողանի գիրքը ձեռքին նկարվեց, մինչեւ սահման հասնող ճանապարհ եւ Մարգարայում անցակետ կառուցեց, վերջերս եվրադեսպաններին տարավ այնտեղ, մեկ է՝ Թուրքիան «քաղաքական կամք չունի»: Իսկ սա Նիկոլի համար դեռ խնդրի մի կողմն է: Մյուս կողմն էլ այն է, որ այսպիսով, միանգամայն անորոշ է մնում «դեպի Եվրոպա» ասվածի ֆիզիկական իմաստը: Թուրքիայով «դեպի Եվրոպա» ճանապարհ գոնե մոտակա ժամանակներում տեսանելի չէ, միակ՝ վրաստանյան ճանապարհն այս ամսվա վերջին կարող է փակվել: Արդյունքում, «դեպի Եվրոպա» թեզը, ինչպես շատ ավելի վաղ ենթադրելի էր, վեր է ածվում սովորական «բլոկադայի», եթե այդ կուրսով Նիկոլը փորձի հետագայում էլ շարժվել:
Բայց այս պատմությունն էլ ավելի խորը մեկ շերտ եւս ունի: Այն, որ իրականում Հայաստանը, որպես միջանցք դեպի թյուրքական աշխարհ, Թուրքիայի համար մեծ կարեւորություն ունի, երկրորդ կարծիք հազիվ թե լինի: Եվ այս պարագայում, երբ պարզվում է, որ հայաստանյան ուղղությամբ Թուրքիայում քաղաքական որոշում չունի, սուր հակասություն է առաջացնում. շատ կարեւոր է եւ որոշում չունի:
Իրականում այստեղ հակասություն չկա: Թուրքիան որքան էլ կարեւորի հայաստանյան ուղղությունը, բայց նաեւ քաջ գիտակցում է, որ այս ուղղությամբ ամեն մի գործնական քայլ սուր հակասություն է առաջացնում ՌԴ-ի եւ Իրանի հետ: Հակասությունը մեղմ է ասված. միանգամայն ռեալ բախում, որը կարող է նաեւ ռազմական տեսք ստանալ, եթե Անկարան որոշի Թեհրանի ու Մոսկվայի միջեւ բաժանարար գծի վերածվել:
Այն, որ ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր փորձում է Թուրքիային վերածել հակառուսական երկրորդ ճակատի, հին պատմություն է: Նաեւ փաստ է, որ Էրդողանը, հասկանալով դրանից բխող հնարավոր հետեւանքները, անգամ ամերիկյան տնտեսական ծանր ճնշումների տակ հայտնվելու գնով դեմ է գնում վաշինգտոնյան այդ քաղաքականությանը: Առավել եւս, դեմ է ներկայումս, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք այս պահին ստեղծվել են ողջ Մերձավոր Արեւելքում: Ընդ որում, այս ուղղությամբ Էրդողանն իրոք մտածելու բազում խնդիրներ ունի:
Մի կողմից, հարվածները, որոնք Իսրայելը հասցրեց եւ հասցնում է ՀԱՄԱՍ-ին, իրականում Թուրքիային հասցված կրկնակի հարված է: Նախ, ՀԱՄԱՍ-ը, խոշոր հաշվով, «Մուսուլման եղբայրների» մասնիկներից է, իսկ այդ կառույցի թիկունքին անձամբ Էրդողանն է: Գումարած դրան, Լիբանանի եւ արդեն նաեւ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի գործողությունները եւս Թուրքիան կարող է համարել մասամբ իրեն ուղղված, ու պատահական չէ, որ օդում պտտվում են թուրք-իսրայելյան հնարավոր բախման մասին խոսակցությունները:
Մյուս կողմից, Իսրայելի հրահրած այս համատարած դարձող բախումների ֆոնին Թուրքիան, իհարկե նաեւ մի շարք պատճառներից ելնելով, ստիպված էր պասիվ դեր ստանձնել՝ բավարարվելով միայն հռետորաբանությամբ, որի վրա սկսել են ծիծաղել: Փոխարենը, Իրանը ի ցույց դրեց ոչ թե պարզապես ակտիվ դերակատարի ֆունկցիա, այլ նաեւ ռազմական բարձր մակարդակ, այն կարգի, որ կարող է հանգիստ հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին: Արդյունքում, Իրանն արդեն այս պահին ընկալվում է, որպես իսլամի իրական առաջնորդ, որին հավակնում էր նաեւ Թուրքիան: Ու այս դեպքում եւս Էրդողանի համար «չարիքի արմատը» Իսրայելն է:
Արդյունքում, դեպի ԲՐԻԿՍ Թուրքիայի ներկա դրեյֆը կարող է այս բարդ իրավիճակից ելք դառնալ: Միայն թե այս դեպքոմ ՌԴ-ի եւ Իրանի հանդեպ քաղաքականությունը պետք է դառնա շատ ավելի հավասարակշռված, քան նույնիսկ, ասենք, մեկ ամիս առաջ էր: Ըստ այդմ, անգամ Հայաստանի ուղղությամբ Ռուբինյանի լացուկոծն առաջացրած «քաղաքական որոշման բացակայությունը» այս մեծ պատմության բաղադրիչներից է: Իսկ այն, որ դրանով ջուրն է լցվում Նիկոլի ամբողջ քարոզչական քաղաքականությունը, Էրդողանը երեւի անգամ չի էլ նկատում: