Նիկոլի մոսկովյան այցն ինչ-որ բա՞ն է փոխել
ՎերլուծությունՀոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ` միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» տարօրինակ անվանումով համաժողով տեղի ունեցավ: Տարօրինակ այն իմաստով, որ «Խաղաղության խաչմերուկ» ասվածի տակ հիմնականում հասկացվում են աշխարհաքաղաքական եւ տնտեսական տեսլականները: Լավ, աշխարհաքաղաքական դրույթը այդ ծրագիրը կարող է Հայաստանի համար նաեւ անվտանգային գործոն դառնալ: Այլ բան, թե ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ժողովրդավարությունը:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ
Սակայն դա այդ համաժողովի ամենեւին էլ միակ տարօրինակ դրվագը չէր: Եղան ելույթներ, հնչեցին մի շարք մտքեր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, որոնք ոչ միայն տարօրինակ տեսք ունեին, այլ շատ հեռուն տանող մտորումների տեղիք էին տալիս:
Այսպես, իր խոսքում Նիկոլը միանգամայն ընդունելի եւ դրանով նույնքան տարօրինակ նման միտք հնչեցրեց, թե՝ շատ կարևոր է հասկանալ, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ինչ նկատառումներ ունեն այլ երկրները: Չէ, սա անգամ տարօրինակ չես համարի, սա աբսուրդից էլ այն կողմ է: Այսինքն` ի՞նչ է ստացվում, երկար ժամանակ բոլոր ամբիոններից «Խաղաղության խաչմերուկ» են քարոզում ու հիմա նո՞ր պետք է փորձեն հասկանալ, թե շրջակա եւ շահագրգիռ երկրներն այս մասին ինչ են մտածում: Այսինքն, նման նախագիծ առաջ քաշելով, ի սկզբանե չեն էլ հասկացե՞լ, թե դրա հետ կապված ով ինչ շահեր եւ հակաշահեր ունի, ըստ այդմ էլ, որքանո՞վ է իրատեսական այդ ծրագիրը:
Սա էլ մի կողմ. մարդ են, ասենք, թե մի քիչ ուշ են կռահում: Հիմա փորձենք հասկանալ, թե ըստ Նիկոլի, դրսում ով եւ ինչ կարծիք ունի այդ նախագծի մասին: «Ռուսաստանի Դաշնության համար տարանցիկ ուղիները ե´ւ տնտեսական, ե´ւ քաղաքական նշանակություն ունեն: ՌԴ-ն կարող է ունենալ մտահոգություն, որ այդ ամբողջ հոսքերի այստեղով անցնելը կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա:
Արևմտյան մի շարք երկրներ, իմ տպավորությամբ, այս ճանապարհը առայժմ լավատեսության որևէ հիմք չի տալիս: Նրանց համար խնդրահարույց է. նրանք չեն ուզում, որ այդ հոսքերը լինեն Իրանի տարածքով:
Իրանի Իսլամական Հանրապետությունն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկին»:
Մինչ մյուսներին հասնելը` նախ մարսենք Նիկոլի այս մտքերը: Փաստն այն է, որ Թուրքիան փորձում է քարոզել, որ Իրանը խանդով է մոտենում Հայաստանով անցնելիք ուղիների թեմային, քանի որ ցանկանում է, որ այդ ուղիներն անցնեն իր տարածքով: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս հարցում Նիկոլի մոտ կա միանգամայն նորմալ բացատրություն. Իրանի կողմից նման «խանդ» չի կարող լինել, քանի որ աշխարհաքաղաքական այս նախագիծն այնպիսի մեծ բեռնաշրջանառություն է ենթադրում, որ. «Հոսքերը ոչ միայն բավարար են, այլև շատ են մեր տարածաշրջանի` Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի կապուղիները ծանրաբեռնելու համար: Դեռ շատ ժամանակ կպահանջվի, որ մեր տարածաշրջանը կարողանա սպասարկել այն հոսքերը, որոնք գոյանում են»:
Հաջորդը Ռուսաստանի խնդիրն է: Կոմունիկացիոն այդ նախագիծը ռուսներին, իհարկե, ձեռնտու է: Բայց Նիկոլն ընդգծում է Մոսկվայի պայմանը. Ռուսաստանի համար բեռնահոսքերը պետք է որոշակիորեն կառավարելի լինեն: Ու դա միանգամայն հասկանալի է. խոսքը տնտեսական իմաստով մեգածրագրի մասին է, հսկայական փողերի, որը միաժամանակ ունի աշխարհաքաղաքական ահռելի նշանակություն: Այս գործընթացի շուրջ ընթանում է ծանրագույն պայքար, այսպես ասենք, արեւմտյան բլոկի հետ: Ու սա կարո՞ղ է բարձիթողի վիճակի մատնվել Մոսկվայի կողմից, որ անգլոսաքսերը կառավարման լծակներ ստանան եւ քեֆները տվածի պես կառավարեն այդ կոմունիկացիաները: Ընդ որում, դժվար չէ կռահել, որ Մոսկվայի համար ամենաթույլ օղակն այս հարցում հենց Հայաստանն է՝ իր բացահայտ արեւմտամոլական կուրսով հանդերձ: Շրջակա երկրներից Թուրքիան եւ Իրանը իրենց շահերը կարող են պաշտպանել: Ադրբեջանը՝ եւս: Վրաստանը նույնպես տեղափոխվում է իր շահերը գիտակցողների դաշտ, եւ պատահական չէ Նիկոլի խոսքը, թե՝ Թբիլիսին նույնպես «Խաղաղության խաչմերուկի» աջակիցներից է:
Ահա այս ֆոնին «ինքնախոստովանական ցուցմունքի» է նմանվում Նիկոլի հիշատակած միտքը, թե արևմտյան երկրներին «այս ճանապարհը առայժմ լավատեսության որևէ հիմք չի տալիս»: Իսկ ավելի ստույգ, ինչպես քանիցս նշել ենք, Արեւմուտքի համար այդ «խաչմերուկը», որը կարող է ապահովել նաեւ ՌԴ-ից Իրան կոմունիկացիոն հոսքեր, միանգամայն անընդունելի է: Արեւմուտքին պետք է բացառապես Հայաստանով անցնող Արեւելք-Արեւմուտք միջանցք, որը կդառնա ՌԴ-ին Իրանից կտրող գիծ:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս հարցում Նիկոլն այս կարծիքին է. «Ըստ էության, «Խաղաղության խաչմերուկը» կարող է ռեալ ինտեգրվել «Միջին միջանցքի» հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է»: Նոր բան չի ասում, բայց կարեւորն այն է, որ հենց Նիկոլն է դա ասում: Ի՞նչ է «Միջին միջանցքը». նույն «Թյուրքական միջանցքը», Հայաստանի տարածքում՝ «Զանգեզուրի միջանցք» հասկացությամբ հանդերձ, որին թեեւ փորձում են տալ Չինաստանից մինչեւ Եվրոպա կոմունիկացիոն ուղու փաթեթավորում, բայց իրականում այն Չինաստանի համար միանգամայն անընդունելի է: Այն իմաստով, որ դրա նպատակը մինչեւ չինական` թյուրքական ծագման ույղուրների գոտի հասնելն է, եւ եթե այսկերպ հնարավոր լինի մատակարարումների հոսք ապահովել, ապա Արեւմուտքը շատ արագ ույղուրական գոտին կվերածի հակաչինական ականի: Պեկինի համար այս կոմունիկացիան կարող է ընդունելի լինել, բայց պայմանով, որ այդ ուղու ոչ թյուրքական միակ գոտում՝ Հայաստանում լինի ռուսական հսկողություն: Մյուս տարբերակով, Պեկինի համար նախընտրելին Իրանի ուղղությունն է՝ դեպի Եվրոպա ելքի տարբեր սխեմաներով՝ Թուրքիայի, Հարավային Կովկասի միջոցով, Միջերկրական ծովով եւ այլն: Բայց նորից պայմանով, որ ՌԴ-ի եւ Իրանի միջեւ բաժանարար գիծ չլինի:
Ահա այս ամենն էլ, ինչպես քանիցս ներկայացրել ենք, դարձել է «խաղաղության պայմանագրի» հիմնական վեճի թեման: Այսինքն, այդ պայմանագրում կոմունիկացիաների գործարկման հարցը կլինի՞ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով, ավելի կոնկրետ՝ կոմունիկացիաների նկատմամբ ռուսական ինչ-որ վերահսկողությամբ, ապա գործ կունենանք իրականում «Խաղաղության խաչմերուկի» կամ պարզապես սովորական կոմունիկացիոն խաչմերուկի հետ՝ հյուսիսից՝ հարավ եւ արեւելքից՝ արեւմուտք ուղղություններով գործող: Հակառակ դեպքում կունենանք արեւելքից՝ արեւմուտք ուղի, որը Ռուսաստանի եւ Թեհրանի համար բաժանարար գիծ է: Այն, որ առաջին տարբերակը հատկապես 2022թ.-ից ի վեր ակտիվորեն տորպեդահարվում է Արեւմուտքի կողմից, եւ Նիկոլն էլ խաղում էր այդ ուղղությամբ, հին պատմություն է: Այն, որ Ալիեւը չի մտնում այդ խաղի մեջ, որը արգելակել է ամեն մի «խաղաղության պայմանագիր», նույնպես նոր բան չէ:
Այսինքն, երբ Նիկոլը խոսում է, թե «Խաղաղության խաչմերուկը» կարող է Թուրքիայի երազանքների «Միջին միջանցքի» հետ համատեղել, ակնարկում է Հյուսիս-Հարավի եւ Արեւելք-Արեւմուտքի համատեղ գործունեությո՞ւնը, որը վերահսկելիության պայմանով կարող է ձեռնտու լինել ՌԴ-ին, բայց ցանկալի չէ Արեւմուտքի համար: Բայց սա էլ դեռ մի կողմ. ամբողջ հարցն այս պահին այն է, որ Նիկոլը, թվարկելով, թե կոնկրետ ով ինչ շահ ունի այդ կոմունիկացիոն սխեմաներում, ըստ էության՝ առաջին անգամ տողատակերից շատ զգույշ փորձում է ակնարկել, թե որը կարող է լինել Հայաստանի շահն այս իրավիճակում: Չնայած, դա էլ նոր բան չէ. իրականում միանգամայն հստակ է, թե իրականում որն է Հայաստանի շահը: Այլ հարց, թե ինչու է Նիկոլն այս մասին որոշել նման ակնարկներ հնչեցնել:
ԿԱԶԱՆԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ, ԹԵ՞ ԱՅԼ ԽԱՂ Է
Այսպիսով, Նիկոլը փորձում է խաղաթղթերը մինչեւ վերջ բացե՞լ: Միգուցե, առավել եւս, որ նա այդ միջոցառման ժամանակ մեկ այլ «խոստովանություն» եւս հնչեցրեց: Այսինքն, եթե մինչ այս ամենուր քարոզում էր, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի հայտնի 9-րդ կետի հետ որեւէ երրորդ կողմ որեւէ առնչություն չունի՝ նկատի առնելով Ռուսաստանին, այս անգամ սկսեց խոսել, թե՝ ռուսները, այնուամենայնիվ, որոշակի դեր ունեն: «Դա պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10–ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ–ն կատարում իր պարտավորությունները»,- ասում է Փաշինյանը: Իհարկե, այդպես չէ, ինչպես նոյեմբերի 9-ի համաձայնագրում, այնպես էլ ՌԴ նախագահի հրամանագրում գրված է «վերահսկողություն» բառը, եւ ոչ մի մոնիտորինգի մասին խոսք անգամ չկա: Ճիշտ է, վերահսկողությունը ենթադրում է նաեւ մոնիտորինգ, բայց ոչ միայն: Այսինքն, որ Նիկոլն էլի է փորձում չգիտես ինչ ներկայացնել թղթի վրա գրվածը, դա պարզ է: Բայց, վերահսկողություն կլինի, թե մոնիտորինգ, որ նրա իսկ ստորագրած փաստաթղթում ռուսներն ունեն ինչ-որ գործառույթ, ու Նիկոլը դա հաստատում է, սա արդեն պատահական չէ:
Կարելի է մտածել, որ այսպիսով նա ընդամենը մի փոքր զիջում է դիրքը, թե՝ ինչ կլինի, եկեք դրա անունը դնենք մոնիտորինգ: Սակայն Բաքուն միանգամից հերքմամբ հանդես եկավ, այսինքն, եթե նպատակը նշվածն է, չի ստացվում: Բայց սա էլ մի կողմ. եթե Նիկոլը անգամ փորձում է մի փոքր հետ քաշվել, դա արդեն իսկ հուշում է, որ այլ տարբերակ արդեն չի մնացել, առավել եւս, երբ նա իր հիմնական խոսքում նաեւ բացեց փակագծերը, թե իրականում ինչ արտաքին բալանս է ստեղծված հայաստանյան կոմունիկացիաների շուրջ, եւ որ տարբերակն է Հայաստանի համար ձեռնտու:
Մյուս կողմից, եթե անգամ մոնիտորինգ, դա, կրկնում ենք, հայտարարություն է, որ ՌԴ-ն, այնուամենայնիվ, ինչ-որ ֆունկցիա ունի: Այն դեպքում, երբ Արեւմուտքի կուրսն այն է, որ ՌԴ-ն ոչ միայն որեւէ ֆունկցիա չունենա կոմունիկացիաների հարցում, այլ, առհասարակ, Հայաստանում: Հենց այդ սկզբունքից է, որ Նիկոլը հետ է քաշվում իր մոնիտորինգի գաղափարով: Այսինքն, դա ընդամենը մեկ քա՞յլ է, միգուցե նաեւ ներքին եւ արտաքին ռեակցիան ստուգելու համար, թե՞ հստակ գործընթաց: Առավել եւս, հաշվի առնելով ՌԴ արդեն կատարած եւ մոտ օրերս սպասվող այցերի փաստը: Թերեւս, այս հարցերի պատասխանը կստացվի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի համատեքստում: