Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող լուրերը. Գեւորգյանը փակագծեր է բացում
Ներքաղաքական«Սիրելի լրագրողներ, քանի որ օրերս բազում զանգեր եմ ստացել, որոշեցի պատասխանել բոլորիդ հրապարակային: Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող լուրերը: Հայաստանի իշխանություններին ուղղված Ալիեւի պահանջը՝ պատժել պատերազմի մասնակիցներին, չէր կարող շրջանցել իմ համեստ անձը:
Պետական գույքի կառավարման կոմիտեն իսկապես մտադիր է խլել Երեւանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող տարածքը, որտեղ արդեն շուրջ 13 տարի է, իրականացնում եմ հայրենասիրական գործունեություն եւ ստեղծել եմ հայրենասիրական-երիտասարդական կենտրոն: Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող այս տարածքը նախարարության կողմից ավելի վաղ անհատույց եւ անժամկետ տրամադրվել էր իմ նախաձեռնած հայրենասիրական-երիտասարդական կենտրոնին՝ ազգանվեր գործունեություն ծավալելու, երիտասարդների համար կրթական, մշակութային, ռազմամարզական ուսուցման համապարփակ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու համար:
Հետագայում, 2017թ. խնդիրների շրջանակը համալրվեց նաեւ «Ազգ- բանակ» հայեցակարգից բխող գործունեությամբ: Ընդ որում, տարածքը հիմնանորոգել եմ, համապատասխանեցրել մարզական-երիտասարդական կենտրոնի գործունեությանը եւ առ այսօր պահպանել իմ անձնական միջոցների հաշվին: Հույսով եմ, որ եթե, այնուհանդերձ, Պետական գույքի կառավարման կոմիտեն կորոշի շոու սարքել այս պատմությունից, տարածք ներխուժողների մեջ ինչ-որ բան կարթնանա՝ կարդալով հետեւյալ տողերը. «Դարձիր լույսի մարտիկ եւ խավարը կնահանջի», - գրել է ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: