Կրթության քանդողամայրը կամ՝ «Ապագա կա՞»
ՎերլուծությունԵթե ուզում ես պետությունը հիմնահատակ քանդել, սկսի դպրոցից: Այս «ոսկե կանոնը» լիբերաստները շատ լավ գիտեն: Այն, ինչ այսօր կատարվում է հայաստանյան կրթական համակարգում, շատ մեծ ճգնաժամ անվանելը նույնիսկ մեղմ կլինի։ Ինչպես կրթության փորձագետներն են ահազանգում, մենք ոչ միայն ունենք ճգնաժամ ոլորտում, այլ նույնիսկ՝ մեգաճգնաժամ։ Ու իրավիճակը հասել է անգամ նրան, որ առաջին դասարանցիների թիվն են թաքցնում:
Ինչ սկսվել է ուսումնական տարին, «Իրավունք»-ը հետեւողականորեն փորձում է պարզել, թե քանի՞ առաջին դասարանցի է այս տարի գնացել դպրոց, սակայն ԿԳՄՍ նախարարությունը համառորեն թաքցնում է: Չէ որ սրանով բացահայտվելու է, թե Հայաստանն ինչ վիճակում է ու, «Ապագա կա» գոռալով՝ ինչ արագությամբ ենք անդունդը գլորվում: Ու ամենաաբսուրդն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը գլխավորող Ժաննա Անդրեասյանը, որպես լիբերալիզմի վառ ներկայացուցիչ, դարձել է անփոխարինելի:
Նիկոլ Փաշինյանի «դուխը» հերիքում է միայն Ժաննա Անդրեասյանի ձեռքը ցնցուղ տալ, բայց ոչ ստորագրված աշխատանքից ազատման դիմում: Տպավորություն է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Անդրեասյանն է նախարար աշխատում, այլ Նիկոլը` Ժաննայի մոտ վարչապետ: ՔՊ-ականները ներդաշնակ են կրթությունը ոչնչացնելու ժաննաանդրեասյանական քաղաքականության հետ, իսկ ընդդիմադիր որոշակի շրջանակների պայքարը վերջինիս դեմ չտվեց որեւէ արդյունք: Մինչդեռ բավականին արդյունավետ էր նիկոլական նախորդ ԿԳՄՍ նախարարների դեմ պայքարի դեպքում, որոնք ոչ պակաս լծված էին կրթությունը ոչնչացնելու գործին: Իսկ ինչպե՞ս է ԿԳՄՍ նախարարի աթոռին նստած կրթության քանդողամայրը մեկը մյուսի հետեւից իրականացնում հակակրթական օպերացիա, անդրադառնանք դետալ առ դետալ:
ԱՅՐՎՈՂ ԵՌԱԳՈՒՅՆ՝ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇԱՊԻԿԻՆ
Հիշո՞ւմ եք հայտնի սովետական երգը, որտեղ ասվում էր. «С чего начинается Родина? С картинки в твоем букваре»: «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Սեմյոն Բաբայանն արդեն տեւական ժամանակ է, ինչ պայքարում է այն խայտառակության դեմ, ինչը տեղ է գտել դպրոցական դասագրքերի շապիկին:
«Տեւական ժամանակ է, ինչ ահազանգում էի, որ 5-րդ դասարանի դասագրքի շապիկին տեղ է գտել ադրբեջանական դրոշի գույները: Մասնավորապես՝ 5-րդ դասարանի մայրենիի գիրքն այդ շապիկով տպվել է 780 օրինակ, հետո ասացին, թե վրիպակ է եղել: Մեկնաբանեցին իբրեւ գունաբաշխման խնդիր է եղել, եւ մեր Եռագույնի գույները դարձել են ադրբեջանական դրոշի գույներով: Իրականում սա ինդիկատոր էր, թե ինչպես կվերաբերվի հասարակությունը, որ դպրոցական դասագրքի վրա լինի Ադրբեջանի դրոշը: 2023 թվականին այդ փորձը կրկնվեց Շրջակա միջավայրի դասագրքի հավելվածի վրա եւ 2-րդ դասարանի Մայրենիի դասագրքում, որտեղ արդեն ամբողջ էջի ծավալով տպվեցին Ադրբեջանի դրոշի գույները, որի հետ առկա էր նաեւ ցեղասպանության ենթատեքստ: Այս ամենի դեմ հանրային լայն պայքար չձեւավորվեց, ինչի հետեւանքն այն է, որ 2024 թվականին 3-րդ դասարանի Մայրենիի դասագրքի շապիկին, իբրեւ կրկին պատահականորեն այրվում է ՀՀ պետական դրոշը: Ահա, թե ինչ ապագա են մեզ խոստանում: Այս ամենին չդիմակայելով՝ վաղը մենք կորցնելու ենք Հայաստանը: Սա ոտնձգություն է իմ երեխայի ապագայի, հայրենիքի դեմ», - զգուշացնում է Սեմյոն Բաբայանը:
«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահի գնահատմամբ՝ այրվող Եռագույնը պղծություն է՝ ի տարբերություն նախորդ, իբր վրիպակների. «Ընդ որում՝ ոչ միայն գրքի շապիկին Եռագույն դրոշն է այրվում, այլեւ պատկերված դռան վրա բառերի կույտ է գրված, որն, ըստ հեղինակի, «հնարամտություն» բառն է: Սա եւս կասկածի տեղիք է տալիս, որ հենց հնարամտորեն իրականացվում է ադրբեջանական պրոպագանդա, որովհետեւ դռան դիմաց խոնարհված են կարմիր կակաչներ: Էլ չասեմ պատկերված մյուս դռան մասին, որը հիշեցնում է թուրքական իշխանության լոգոտիպը»:
Իսկ ի՞նչ է ասում, գրքի հեղինակը:
«Վերոնշյալ գրքի հեղինակ Վաչագան Սարգսյանը սա ներկայացրել է դիվերսիա իր անձի նկատմամբ: Թե իբր իրեն բոլորը նախանձել են եւ փորձել են ստվեր նետել դասագիրք գրողի իր 25 տարվա հեղինակության վրա», - մանրամասնում է Բաբայանը եւ նշում, որ դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի հանվի շրջանառությունից Ադրբեջանի դրոշի գույներով դասագրքերը: Նույնկերպ «Հանրային ազդարար»-ի նախագահը դիմել է իրավապահներին՝ նաեւ այրվող Եռագույնի համար:
Ընդհանրապես այս ողջ պատմության մեջ ամենաողբերգականը հենց սա է, որ պարբերաբար «վրիպակների» անվան տակ, ԿԳՄՍ նախարարությունը նորանոր ականներ է դնում դասագրքերի վրա եւ մեջ, ու ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Բայց չէ՞ որ այդ վրիպակների համար վճարվում է պետբյուջեից, նույն է թե՝ ՀՀ հպարտ քաղաքացու գրպանից:
«Պետք է պատասխանատվության ենթարկվի այն օղակը, որը թերացել է: Ի վերջո, գործ ունենք պաշտոնական լիազորությունների վերազանցման հետ, այստեղ առկա է նաեւ պետական խորհրդանիշների անարգում եւ պետական դավաճանություն: Սա պատերազմ է մեր աճող սերնդի դեմ», - արձանագրում է Սեմյոն Բաբայանը:
Ի դեպ, վերջինս պատրաստվում է նաեւ նստացույց իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջեւ եւ մեկնարկել ծնողների ստորագրահավաք, ովքեր դեմ են ազերական դրոշի գույներով դասագրքերին. «Նաեւ պահանջելու ենք պետական կառավարման լիազոր մարմիններից մեկի ղեկավարի պաշտոնանկ լինելը»:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ` ՀԱՅՈՑ ՀԱՐՑ...
Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բոհեմական խաղաղությամբ շարունակում է պաշտոնավարել, քանի որ նախորդ հակահայկական օպերացիաները կարողացել է «հորով-մորով» անել: Թիրախում նախ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան էր, ապա «Հայոց պատմության» դասագրքի բովանդակության խեղաթյուրումը: Փաստացի ո՛չ հոգեւորականների կոշտ արձագանքին, ո՛չ պատմաբանների քննադատությանն ականջալուր չեղավ Ժաննա Անդրեասյանը: Բայց կրթության ու գիտության մշակների հետ հաշվի չնստող ԿԳՄՍ նախարարը մի օր ստիպված է լինելու առերեսվել իրավապահ մարմինների հետ: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել ոչ միայն Սեմյոն Բաբայանը, այլ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
«Մեկ տարի առաջ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ դստեր` Լուսինե Խառատյանի հակապետական գործողությունների վերաբերյալ արված իմ գրառումը հիմք ընդունելով, ընտանիքի մերձավոր Հարություն Մարությանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն) դատական հայց է ներկայացրել իմ դեմ: Հաջորդ դատաքննությանը ներկա գտնվելու համար միջնորդագիր եմ ներկայացնելու Հրանուշ Խառատյանին, Լուսինե Խառատյանին, Հարություն Մարությանին ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին բերման ենթարկելու համար: Դատական նիստի ժամանակ կցուցադրվեն անհերքելի ապացույցներ, ազգագրագետ-դիվերսանտների քայքայիչ գործունեությունն ապացուցող տեսանյութեր, որոնք պատրաստել են ադրբեջանական պետական հովանավորություն ունեցող եւ հակահայ նյութեր պատրաստող կայքէջերը: Խնդրում եմ ԱԱԾ ներկայացուցչին եւս ներկա լինել նիստին, որի ժամանակ կներկայացնեմ ԿԳՄՍ-«Հազարաշեն» ՀԿ աներեւույթ կոռուպցիոն կապերն ու միջնորդավորված դրամաշնորհների ստացման սխեմաները», - նշել է նա:
Հ. Դեմոյանը հիշեցնում է, որ 2020 թ. սեպտեմբերին «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավատարմագրում` դառնալով ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական Կոմիտեի խորհրդատու կազմակերպություն. «Սա այն նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն էր, որը աչք էր փակում Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման պետական քաղաքականության ահազանգերին ու լիուլի սնվում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի միջոցներով»:
Ու դեռ չենք անդրադարձել չարչրկված «Ակադեմիական քաղաք» ֆարսին, բուհերը խոշորացնելու աբսուրդին, Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի հակաբուհական նախագծին, մշակույթում տիրող այլանդակ բարքերին՝ սկսած թատրոն փակելուց մինչեւ փողոցային պերֆորմասներ: Վերջիվերջո, ե՞րբ է գալու պատասխան տալու ժամանակը՝ Անդրեասյան Ժաննայի մասնավորապես եւ նիկոլական իշխանությանն՝ ընդհանրապես:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ