Այդպես լինո՞ւմ. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՆիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ այդպես էլ իր տեղը չգտնելով ո՛չ իշխանության մեջ, ո՛չ ընդդիմության, զարմանալի ակտիվություն է դրսեւորում գոնե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ձայնի արձագանքը դառնալու: Նա մասնավորապես կրկնել է այն, ինչ ասում էր Միքայել սրբազանը, թե՝ «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին հեռանան, եթե իսկապես ուզում են, որ մեր երկրում որեւէ բան փոխվի»: Ասենք, ով-ով, բայց, համաձայնեք, որ Մարուքյան Էդմոնն ամենավերջին մարդն է, ով կարող է դասեր տալ, թե ինչ պետք է անել: Հետեւապես, դժվար է չհամաձայնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ասածի հետ. «Ովքե՞ր են իրականում սրանք։ Մեկը քաղաքական դաշտում բացահայտ կասկածելի համարում ունեցող է, ով պատերազմից հետո Նիկոլին կապիտուլյացիայի մեջ էր մեղադրում, իսկ այնուհետեւ սկսեց կատարել նույն Նիկոլի հատուկ հանձնարարականները, ի դեպ, Պրահայում Արցախն Ադրբեջանին հանձնելու ժամանակ։ Իրենք իրենց «կուսակցությունում» հրապարակային 2,5 հոգի են մնացել, բայց 15 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ին խորհուրդ են տալիս, թե ում ընտրեն կուսակցության առաջնորդ։ Գնացեք ձեր դարդը լացեք ու մտածեք, թե ինչո՞ւ ձեր թիմի լիդերների մեծ մասը լքեցին ձեր կուսակցությունը»:
Գլխավոր դատախազության դիմաց ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Սրբազան» շարժման առաջնորդ ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ: Նա վրդովված իրեն ուղղված քննադատություններից՝ ասում է. «Բոլոր խուլ ականջների համար… Ես քաղաքական գործիչ չեմ, այս շարժումն էլ իր բովանդակությամբ քաղաքական չէ, սակայն լուծումներն են քաղաքական, ճանապարհից չենք շեղվելու։ Շատ քաղաքական գործիչներ եթե այդքան մտահոգ էին, ինձնից առաջ թող լինեին հրապարակներում»: Հիմա ասենք, սրբազանը կասի՝ էլի քննադատեցին: Ախր առնվազն կույր պետք է լինել, չտեսնելու համար ինչպես իրենից առաջ հրապարակում եղածներին, այնպես էլ իրենից առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու նախաձեռնությամբ հանդես եկածներին, որոնք էլի հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Այնպես որ, այո՛, Բագրատ սրբազանը ճիշտ է՝ ինքն այդպես էլ քաղաքական գործիչ չի դառնա, բայց չլինելով քաղաքական գործիչ՝ ինչպե՞ս է գտնելու քաղաքական լուծումներ: Այդպես լինո՞ւմ է, որ հոգեւորական չդառնաս, բայց հոգեւոր ծեսեր անես:
Ի դեպ, մինչ հանրությունը երեկ ցնցվեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած աղմկոտ ձերբակալությունից՝ հանրության արձագանքների հոսանքին լրիվ հակառակ գրառմամբ է հանդես եկել մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: «Մի հատ ընդհանուր կարծիքին հակառակ բան ասեմ: Եթե այդ ձեռբակալվածն, իրոք, արել է այն, ինչի մեջ կասկածվում է, ապա ապրի ԱԱԾ-ն: Թող երանի տա, որ ԱԱԾ-ն էր, ոչ թե երեխայի ծնողներն են իրեն առաջինը գտել: Կան հանցագործություններ, որոնք պետք է մաքսիմալ խիստ պատժվեն բերման ենթարկելու պահից սկսած, բանտարկումով վերջացրած: Ոչ թե տանեն տնօրենի կաբինետ, մի հատ կոֆե տան ու ձեռբակալեն»,- նշել է նա, ում կարծիքով՝ քիմիական կաստրացիա պետք է լինի ամենամեղմ պատիժը: Ավելին՝ ի զարմանս մեզ, Տիգրան Քոչարյանը նաեւ պնդում է, որ՝ այո՛, շոկային վիճակ ստացած երեխաները ամբողջ կյանքը պետք է հիշեն, որ այս այլանդակությանը ներում-բեկում ու ցիվիլ վերաբերմունք պետք է չլինի: Քոչարյանը, միեւնույն ժամանակ, ընդգծել է. «Իսկ եթե այդ մարդը այդ արարքը չի կատարել, ապա նույն բանը, ինչի մեջ իրեն մեղադրում են, պետք է արվի մասկի-շոուն կազմակերպած անձանց ու իրանց բարեկամության հետ»:
Զարմացած է «Իրավունք»-ը