Շտապ. Գեւորգ Գեւորգյանից խլում են Մոսկովյան 5 հասցեի գրասենյակը
Ներքաղաքական«Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեն մտադիր է արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ խլել Մոսկովյան 5 հասցեում գտնվող տարածքը, որտեղ նա արդեն շուրջ 13 տարի է իրականացնում էր հայրենասիրական գործունեություն եւ ստեղծել էր երիտասարդական կենտրոն:
Հիշեցնենք, որ տարածքը գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության բալանսում եւ անհատույց տրամադրվել էր Գեւորգյանին, որտեղ նա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում իրականացնում էր ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիր՝ երիտասարդների համար: Ի դեպ, ժամանակին կենտրոնը բացվել էր մեծ շուքով՝ Արցախի հերոսներ Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, ինչպես նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ:
Կենտրոնն իրականացնում էր զորակոչային նախապատրաստական դասընթացներ, այնուհետեւ նույն տարածքում ստեղծվել է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը: Սակայն, 2019 թվականից տարածքն այլեւս գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում եւ, ըստ շրջանառվող լուրերի, կոմիտեն մտադիր է վերոնշյալ տարածքը հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մինչդեռ կա վարկած, որ իրականում տարածքը դրվելու է վաճառքի:
Ուշագրավ է այն, որ այս տարիների ընթացքում տարածքը կապիտալ վերանորոգվել է, համապատասխանեցվել մարզական-երիտասարդական կենտրոնի գործունեության համար եւ առ այսօր պահպանվել է Գեւորգյանի անձնական միջոցների հաշվին, մինչդեռ Պետգույքի կառավարման կոմիտեն ոչ թե խոսում է փոխհատուցում տալու մասին, այլ «չորով» տարածքը Գեւորգյանից վերցնելու: Այնպես որ, շաբաթը դեռ չսկսած՝ սպասենք նոր «կինոյի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ