«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՀասարակությունԱյսօր, հոկտեմբերի 13-ը, Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 4 տարի է անցել։ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսի ծննդավայր Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի հերոսների պանթեոն այցելեցին հարազատներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։ Կարենը ծնվել է 2002֊ի փետրվարի 10֊ին, Հայրենյաց գյուղում ։Տեղի միջնակարգ դպրոցի 9֊րդ դասարանը ավարտելուց հետո, ընդունվել է Գյումրիի թիվ 3 Արհեստագործական ուսումնարանը, ոսկերչական բաժին։ Հայրը ԿԱՐԱՊԵՏԸ, խորը ցավը սրտում, Iravunk. com - ի հետ զրույցում նշեց. «Կարենս շատ լավ մաթեմատիկա գիտեր, շատ աշխատասեր էր։ 2020֊ի հուլիսի 22֊ին, մտավ մեր տան հարակից մատուռ, մոմեր վառեց, աղոթեց ու գնաց, ծառայում էր Դիլիջանում։ Նշանակվել էր 2֊րդ ՌՀԴՆ֊ի կառավարման դասակի վարորդ ֊ռադիոհեռախոսավարի պաշտոնին։ Պատերազմի թեժ օրերին ինձ զանգել ասել է, որ պա ջան, իմ ընկերները այնտեղ կռվում են նենգ թշնամու դեմ, ես չեմ կարող նրանց լքել ու պիտի գնամ առաջնագիծ» ։ Ծառայության ընթացքում Կարենը իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, հայրենասեր զինծառայող։ 44֊օրյա դաժան պատերազմի ժամանակ, Կարենը զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել Արցախի Հարավային պաշտպանության, մասնավորապես դիվիզիոնի կառավարման դասակի կազմով զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել են դիտարկում, վարել հրետանային հետախուզությունը սպասարկել կրակաճշտում կատարել հրետանու կրակը։ Ցավոք, Կարենը մարտական գործողությունների ժամանակ, անօդաչու թռչող սարքի հարվածից, զոհվել է հերոսաբար, հանուն հայրենիքի, մարտական ընկերների հետ միասին։ Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ