Եթե շրջես կտավը, ապա հակառակ կողմում կտեսնես կոդերը. Շակարտ
ՄշակութայինԱյն, որ տաղանդավոր նկարիչներն ու ստեղծագործողները մեր մշակույթի կրողն ու փոխանցողներն են, դա անքննարկելի է, բայց այն, որ բժիշկը որոշում է նկարել՝ այն էլ «հիպեռալիզմ» ոճի մեջ, արդեն հետաքրքիր է: Շանթ Կարապետյանի սերը դեպի արվեստն ու մշակույթն այնքան մեծ է, որ նրա կտավները բժշկական ճշգրտությամբ նկարագում են կնոջն իր բնությամբ, մեղմությամբ եւ անհատականությամբ:
Օրերս տեղի ունեցավ նկարիչ ՇԱԿԱՐՏԻ՝ Շանթ Կարապետյանի երրորդ անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի թեման կինն էր եւ կրում էր «Եվա» խորագիրը: Շակարտի կտավների առանձնահատկությունը նրանում է, որ կտավների մեծ մասը իրենց մեջ ունեն կոդեր եւ ինչպես հեղինակն է ասում. «Եթե շրջես կտավը, ապա հակառակ կողմում կտեսնես կոդերը»:
Ցուցահանդեսի ընթացքում հանդիսավոր կերպով ցուցադրվեցին միստիկ կտավներ: Հատկապես բոլորի ուշադրությանն արժանացավ ցուցասրահի զարդը՝ «Լիլիթը»: Միայն «Լիլիթ» կտավը նկարիչը նկարել է առանց բնորդուհու՝ ինքն է ստեղծել դիմագծերը եւ ներկայացրել կատարյալ կին՝ ինչպես առասպելում է, նրան տալով իբրեւ միստիկ, կատարյալ, կրակոտ կնոջ պատկեր։
«Այս կտավը կոդավորված է, եթե կտավը շրջես գուցե գտնես մի քանի ծածկագիր», - փակագծեր է բացում Շակարտը: Նկարիչը ներկայացրել է մոտ 40 կտավ կնոջ մասին։
«Ես կապ չունեմ կնոջ այս ամենի հետ՝ բնությունն է ձեզ ստեղծել կատարյալ: Ես պարզապես այն փոխանցում եմ կտավներիս»,- ասում է Շակարտը եւ ավելացնում, որ կինը իր տեսակով բացառիկ է, թե կառուցվածքով, թե նրբագեղությամբ:
Հիշեցնեք, որ նկարչի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2021 թվականին՝ Հայաստանում, իսկ երկրորդը՝ 2022 թվականին՝ Վենետիկում։
Ի դեպ, բլորովին վերջերս նկարիչ Շակարտը դարձել է հակերների հարձակման զոհ: Վերջիններիս «թեթեւ ձեռքով» փակվել են նրա երկու սոցցանցային էջերը, որտեղ կային 40.000 եւ ավելի հետեւորդներ, կարեւոր հարցազրույցներ եւ բազում հեղինակային աշխատանքների նկարներ:
Մեզ մնում է հաջողություն մաղթել նկարիչ Շակարտին եւ ցանկանալ բազում «Լիլիթ»-ներ ու հետաքրքիր՝ կոդավորումներով լի կտավներ, որոնք իսկապես հետաքրքիր են իրենց տեսակի մեջ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ